Փաշինյանը՝ Թրամփի խորհրդականին․ Առանց վարձկանների դուրս մղման, հրադադարն անհնար է

Փաշինյանը՝ Թրամփի խորհրդականին․ Առանց վարձկանների դուրս մղման, հրադադարն անհնար է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենի հետ հեռախոսազրույցում շեշտել է տարածաշրջանից վարձկանների և ահաբեկիչների դուրս մղման անհրաժեշտությունը, առանց որի անհնար է հրադադարի հաստատումը:

Վարչապետը հանգամանալից անդրադարձել է ներկայիս իրավիճակին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության և Ադրբեջանում Թուրքիայի կողմից Սիրիայից վարձկանների ու ահաբեկիչների տեղակայման փաստը:

Դեսպան Օբրայենն ամերիկյան կողմի խորը մտահոգությունն է արտահայտել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նա վերահաստատել է շուտափույթ հրադադար և կայունություն հաստատելու հարցում ԱՄՆ շահագրգռվածությունը և Հայաստանի ու տարածաշրջանի համար օգտակար լինելու պատրաստակամությունը:

Օբրայենը շեշտել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում և կարգավորման առումով վերահաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՌԴ ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հետ համատեղ հայտարարությամբ արտահայտած տեսակետը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները հոկտեմբերի 1-ին հայտարարություն են տարածել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության շփման գծում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---