ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջում է պատժել Սաֆարովին և դադարեցնել հայատյաց քաղաքականությունը

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջում է պատժել Սաֆարովին և դադարեցնել հայատյաց քաղաքականությունը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բացառել է Մեծ պալատի կողմից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի գործով վճռի վերանայման հնարավորությունը։ Այդպիսով՝ ՄԻԵԴ վճռի կատարումը պահանջելու է, որ Ադրբեջանը պատժի մարդասպան Սաֆարովին և դադարեցնի հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը։

Այս մասին հայտնում է Սաֆարովի ձեռքով սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի ընտանիքի իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

2020-ի մայիսի 26-ի վճռով եվրոպական դատարանը պատմության մեջ առաջին անգամ արձանագրել էր Ադրբեջանում հայաֆոբիա երևույթի առկայությունը՝ Գուրգեն Մարգարյանի և Հայկ Մանուչարյանի իրավահաջորդների ներկայացրած գործի շրջանակում։

«Այն պարտադիր է բոլորի, այդ թվում՝ արտաքին քաղաքական դերակատարների համար։ Նման բովանդակությամբ միջազգային դատական ակտի առկայությունն ադրբեջանական ոտնձգություններից հայերի պաշտպանությունն ապահովող իրավական լուրջ երաշխիք է, որն ըստ էության բացառում է նաև Արցախի բնակչության անվտանգությունը կասկածի տակ դնող ցանկացած լուծում»:

Սահակյանի փոխանցմամբ՝ այս վճիռն արդեն վերջնական է, չի կարող բեկանվել կամ որևէ կերպ կասկածի տակ դրվել։

ՄԻԵԴ-ը համոզիչ էր համարել, որ սպանությունը կատարվել է էթնիկ ատելության հողի վրա, և Ադրբեջանը՝ Սաֆարովի զինվորական կոչումը և աշխատավարձը բարձրացնելով, հերոսացնելով և ներում շնորհելով, խախտել է ազգությամբ Մարգարյանի և Մակուչյանի կյանքի իրավունքը։ Դատարանը նաև արձանագրել էր, որ Ադրբեջանի գործողությունները կապ ունեն զոհի հայկական ծագում ունենալու հետ։

2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր Մարգարյանին: Երկու սպան էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան ազատել էին, մեծարել իբրև ազգային հերոսի, կոչումը բարձրաձրել, բնակարան և նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---