Արցախի նախագահի կոչն արտերկրում գտնվողներին. «Մեր վերջին ճակատամարտն է, որն իրավունք չունենք զիջելու»

Արցախի նախագահի կոչն արտերկրում գտնվողներին. «Մեր վերջին ճակատամարտն է, որն իրավունք չունենք զիջելու»

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հատուկ կոչով դիմել է արցախահայ իր զինապարտ և զենք բռնելու ունակ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր այս օրերին գտնվում են Հանրապետությունից դուրս՝ հորդորելով վերադառնալ և միանալ պայքարին:

«Ե՛տ դարձեք, քանի դեռ ուշ չէ, քանի որ բոլորիդ արարքները գնահատելու են ժողովուրդն ու պատմությունը: Անեծքի փոխարեն՝ ընտրեք օրհնության ճանապարհը: Արցախը սպասում է բոլորիդ»,-ասվում է ուղերձում:

Հարությունյանը նշել է, որ Հայրենիքն այսօր առավել, քան երբևէ բոլորի պաշտպանության կարիքն ունի:

«Եթե որևէ մեկդ մտածում եք, որ Արցախից դուրս կարող եք ապահով ապրելու և արարելու համար արժանապատիվ կյանք գտնել ձեզ և ձեր ընտանիքների համար, չարաչար սխալվում եք: Մենք պատմականորեն բացառիկ հնարավորություն ենք ունեցել ազատ և անկախ պետականություն ունենալու, որի համար մեկ անգամ արդեն մեծ գին ենք վճարել: Սա մեր վերջին ճակատամարտն է, որն իրավունք չունենք զիջելու, որտեղ դասալքությունը հավասարազոր է դավաճանության: Այստեղ տերը մենք ենք և իրավունք չունենք ոսոխին ներս թողնելու և թույլ տալու, որ նա պղծի մեր սրբությունները:

Ուրեմն, ձեզ եմ դիմում՝ որպես հպարտ և հայ ժողովրդի արժանապատվությունը բարձր պահած քաղաքացիների, որպես իսկական հայրենասերների. շտապե՛ք միանալ ձեր եղբայրներին, ովքեր անսասան կանգնած են իրենց հայրենի հողի վրա, ովքեր սահմանին կանգնելով, հաց թխելով, մեքենա վարելով առաջնագիծն ու թիկունքը դարձնում են ամուր ու ավելի ուժեղ»,-ասվում է ուղերձում։

Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հատուկ տեսաուղերձով դիմել էր ժողովրդին՝ ստեղծված իրավիճակի և անելիքների վերաբերյալ: Նա հայտարարել է, որ օրհասական պահ է՝ ապրելու և չապրելու։ Նախագահը կոչ է արել բոլորին ֆիզիկական մասնակցություն բերել մարտական գործողություններին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---