ՊԲ․ Շուշիի մոտ թշնամու առաջխաղացման բազմակի փորձերը հետ են մղվել

ՊԲ․ Շուշիի մոտ թշնամու առաջխաղացման բազմակի փորձերը հետ են մղվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում: Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը, տեղեկացնում է Պաշտպանության բանակը:

Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11 միավոր ավտոտեխնիկա, 2 ԱԹՍ: Մարտական գործողություններին զուգահեռ հակառակորդը հրթիռահրետանային համակարգերվ թիրախավորել է նաև մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին:

Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում, հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն։ Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Լուսադեմին դիտարկվել են հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ ճակատային գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:

Բանակային ստորաբաժանումները վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում կրակային խոցման ուղղությամբ:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացներից մեկը… Մեր Հայրենիքի պաշտպանների հետ կանգնած ենք մինչև վերջ: Կենաց-մահու պայքարը շարունակվում է»:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---