Սենտ Էտիենի քաղխորհուրդը €30,000-ի հումանիտար օգնություն է ուղղել՝ կոչ անելով Ֆրանսիային ճանաչել Արցախի անկախությունը

Սենտ Էտիենի քաղխորհուրդը €30,000-ի հումանիտար օգնություն է ուղղել՝ կոչ անելով Ֆրանսիային ճանաչել Արցախի անկախությունը

PanARMENIAN.Net - Ֆրանսիական Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը դիմել է երկրի կառավաությանը՝ կոչ անելով անհապաղ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դիվանագիտական հարաբերություններ հաստատել և փուլ առ փուլ բանակցությունների միջոցով կայուն և խաղաղ լուծում գտնել` երաշխավորելով խաղաղ բնակչության անվտանգությունը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից հայտնում են նաև, որ քաղխորհուրդը որոշել է նաև 30,000 եվրոյի օժանդակություն տրամադրել տեղի հայկական հիմնադրամին՝ ուղղված խաղաղ բնակչության կարիքներին։

Ըստ քաղխորհրդի՝ ԼՂ-ում ստատուս քվոն երբևէ չի հանգեցրել քաղաքական կայուն լուծման, «քանի որ Մինսկի խմբի անդամ երկրները, որոնց թվում է Ֆրանսիան, կարծես թե շատ հետաքրքրված չէին բոլոր կողմերի համար ընդունելի ելքի որոնմամբ»:

«Ռուսական զորքերի տեղակայումը երբեք չի կարող քաղաքական լուծում հանդիսանալ։ Մինչդեռ, սա թույլ է տալիս Մոսկվային ամուր և կայուն ձևով հաստատվել ռազմավարական նշանակության այս տարածաշրջանում։ Այսուհետ ժամանակն է խոստովանել, որ Մինսկի խումբը մեծամասամբ ձախողել է իրեն վստահված առաքելությունը։ Ֆրանսիան՝ Եվրամիության անունից, պետք է կարողանա նշանակալից դեր խաղալ քաղաքական, խաղաղ և մասնավորապես հարատև լուծման որոնման հարցում՝ ելնելով Հայաստանի հետ ունեցած պատմական կապերից։ 2017-ից ի վեր Ադրբեջանն օգտվում է ֆրանսիական դիվանագիտության լռությունից»,- հայտարարել են Սենտ Էտիենի քաղխորհրդից՝ հավելելով, որ նոյեմբերի 9-ին դադարեցված հակամարտությունն ամենևին էլ չի ավարտվել։

Ավելի վաղ Մարսելի քաղխորհուրդը բանաձևով կոչ էր արել Ֆրանսիային ճանաչել Արցախի անկախությունը։ Նոյեմբերի 18-ին Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի ճանաչման մասին կոչն ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Սենատը որոշել էր քվերակության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրաեպտության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ։

Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր պատերազմը դադարեցնելու մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հայտարարություն ստորագրելու մասին։ Հայտարարությամբ ՀՀ-ն և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած բնագծերում, բացի այդ, հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Աղդամը, Քարվաճառը, Բերձորը։ Իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահներ են տեղակայվում։ Նոյեմբերի 10-ից երկրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---