ԳՇ պետի տեղակալ․ Սոթքի հանքի անցակետը ռուսական ընկերությունն իր նախաձեռնությամբ է տեղադրել, այն կապամոնտաժվի

ԳՇ պետի տեղակալ․ Սոթքի հանքի անցակետը ռուսական ընկերությունն իր նախաձեռնությամբ է տեղադրել, այն կապամոնտաժվի

PanARMENIAN.Net - Սոթքի հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը հայ-ադրբեջանական սահմանի հատվածում իր միջոցներով անցակետ, արգելափակոց է տեղադրել ու իրականացրել հանքի պահպանություն, ադրբեջանական կողմը խնդիր է առաջացրել, պահանջել հեռացնել այն իրենց տարածքից, հայտարարել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ մեկնաբանելով Սոթքում տեղի ունեցած միջադեպը։

Խաչատրյանը նշել է, որ այդ անվտանգության գոտու պահպանման, ապահովման կամ պաշտպանման հարցում հայկական զորքերն ընդգրկվածություն չեն ունեցել, գեներալը ցուցադրել է նաև ասվածը հավաստող քարտեզ։

Նոյեմբերի 26-ին վերջնականապես պարզվեց, որ Հայաստանում ոսկու ամենամեծ՝ Սոթքի հանքի մի մասը մնալու է Ադրբեջանի տարածքում՝ Քարվաճառի հետ։ Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութեր էին տարածվել, թե ադրբեջանական ուժերը մտել են ՀՀ տարածք՝ Սոթքի հանք։ ՊՆ-ն հերքել էր դա՝ հայտարարելով, որ նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ՝ հատուկ միջոցների (GPS) կիրառմամբ։

Նա նշել է, որ հանքի այդ հատվածը պետական սահմանի մաս չէ, այն դեպի Քարվաճառ տանող հատվածում է, իսկ ռուսական կողմի տեղադրած անցակետն ապամոնտաժվելու է։

«Ընդ որում, աշխատանքները, որոնք ղեկավարվում և համակարգվում են մեր կողմից, ղեկավարում է տարածքում ամենաբարձր զինպաշտոնյան՝ կորպուսի հրամանատարը։ Բարձրախոսով կապի են դուրս եկել մեզ հետ, մեր կողմից զգուշացվել է դա ինչ պահպանություն ունի, դրանից հետո մենք զգուշացրել ենք ռուսական կողմին, որ այսպիսի պահանջներ կան։ Կոնկրետ ռուսական կողմի ու Ադրբեջանը ներկայացնող զինվորականնների հետ երկար բանակցություններ են եղել, որից հետո՝ ինչ համաձայնություն են ձեռք բերել և հետագայում ինչ զարգացում կունենա, չեմ կարող ասել, այդ պահպանության գոտուց համապատասխան անձնակազմը դուրս է եկել»,-ասել է նա։ Ըստ Խաչատրյանի՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղադրված անցակետին կից եղել են նաև կենցաղային հարցեր բավարարելու համար տարածքներ, սակայն դրանք հետագայում սխալմամբ ներկայացվել են իբրև հանքի տարածքում կոորդինացիոն կետ։

«Մեր զորքերը սահմանի պետական պաշտպանությունն իրականացնում են դրա՝ նախկինում գոյություն ունեցող եզրագծով։ Որևէ տեղ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր։ Տեղեր կան, որ մեր զորքերը սահմանից բավականին առաջ են գտնվում»,-ասել է Խաչատրյանը։

Ընթերցեք նաև․ Սոթքի ոսկին «կիսելու» տնտեսական հետևանքները

 Ուշագրավ
Մինչ շենքի շահագործումը ներդրումները կկազմեն մոտ 6 մլրդ դրամ
2022-ին նախատեսվում է մանրածախ ծառայությունների բազիսային սակագների աճ
Տնտեսությանը վնասել է նաև ռազմական դրությունը
ՏՄՊՊՀ-ի առաջարկով ծաղկի մեծածախ և մանրածախ կետերում փակցվել են նաև գնապիտակներ