Թանդիլյան․ Արցախ է վերադարձել մոտ 100,000 մարդ

Թանդիլյան․ Արցախ է վերադարձել մոտ 100,000 մարդ

PanARMENIAN.Net - Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ԱՀ ազգային ժողովում հայտարարել է, որ Արցախ է վերադարձել մոտ 100,000 մարդ, իսկ մոտ 40,000 արցախցի շարունակում է բնակվել Հայաստանում, գրում է Արցախպրեսը:

Թանդիլյանը պատասխանել է ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի հարցադրմանը, ըստ որի` պատերազմի ընթացքում ՀՀ է տեղափոխվել մոտ 90,000 արցախցի, որոնցից վերադարձել են մոտ 53,000-ը:

Նախարար Մանե Թանդիլյանի խոսքով՝ Արցախ վերադարձած 53,000 քաղաքացու վերաբերյալ տվյալները ՌԴ պաշտպանության նախարարության հրապարակածն են, որոնք ձևավորվում են ավտոբուսներով վերադարձողների վիճակագրության հիման վրա:

«Սակայն ստույգ տվյալը, բնականաբար, այդ չէ: Մենք ունենք ֆինանսական ուղիղ աջակցության մեխանիզմ, ըստ որի՝ կան հստակ տվյալներ, որ վերադարձած արցախցիների թիվն ավելին է: Մարդիկ աջակցություն են ստանում անմիջապես «Արցախփոստից»:

Հանրապետությունում ուղիղ ֆինանսական աջակցություն ստացողների թիվը կրկնակի ավելի է, քան այն, ինչն արդեն հնչեցվել է: Այդ թվում ներառված չեն 18-58 տարեկան աշխատող տղամարդիկ:

Վերադարձողների մի մասը սեփական ավտոմեքենաներով է եկել, որոնց տվյալներն այդ թվերում չեն արտացոլվել: Հայաստանում այս պահի դրությամբ մեծ մասամբ բնակվում են ադրբեջանական վերահսկողության ներքո անցած բնակավայրերից տեղահանված արցախցիները: Տեղահանվածների մոտ 60 տոկոսը նույնպես վերադարձել է Արցախ»,- մանրամասնել է Թանդիլյանը:

Արցախում մինչև 10,000 արցախցի ընտանիք կացարանի կարիք ունի: Անօթևան մնացած բոլոր քաղաքացիների բնակարանների խնդիրները Արցախի կառավարությունը պարտավորվում է լուծել մի քանի տարվա ընթացքում, իսկ մինչ այդ պետությունը կշարունակի ֆինանսական աջակցություն տրամադրել վերոնշյալ ընտանիքներին՝ բնակվարձի փոխհատուցման տեսքով։ անօթևան մնացած բոլոր քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300,000 դրամի չափով պետական միանվագ աջակցություն: Մեկ տարով Արցախի բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները (բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր) և կապի ծառայությունները (բջջային և ֆիքսված կապ, համացանց)՝ «ողջամիտ ծավալների սահմանափակմամբ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---