Դատարան դիմելու պետտուրքի չափը նախկին 1500 դրամի փոխարեն կդառնա 6000 դրամ

Դատարան դիմելու պետտուրքի չափը նախկին 1500 դրամի փոխարեն կդառնա 6000 դրամ

PanARMENIAN.Net - Առաջարկվում է բարձրացնել դատարան դիմելու պետական տուրքի չափը. նախկին 1500 դրամի փոխարեն այն կդառնա 6000 դրամ։ Օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում:

Քննարկվել է ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը;

Սահմանվել է պետական տուրքի առավելագույն չափ՝ Առաջին ատյանի դատարանում այն կկազմի 25 մլն դրամ, Վերաքննիչում՝ 15 մլն դրամ, Վճռաբեկում՝ 10 մլն դրամ:

Նշվել է, որ 1999 թ. սկսած՝ դատարան ներկայացվող հայցադիմումների համար պետական տուրքը չի փոխվել, սակայն երկրում սոցիալ-տնտեսական պայմանները մոտ 4 անգամ փոխվել են:

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշել է, որ 2018-ին դատարանների վրա մոտ 9 մլրդ դրամի փաստացի ծախսեր են կատարվել, մինչդեռ ստացվել է 1,7 մլրդ դրամի եկամուտ: 2019-ի 12 մլրդ դրամի ծախսի դիմաց ստացվել է 2 մլրդ դրամի եկամուտ:

Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ փոխնախարարն ընդգծել է, որ միջազգային փորձի ուսումնասիրություն է իրականացվել:

Վարչական գործերի համար սահմանվել է տուրքի բանաձև: Վերանայվել է արտոնությունների համակարգը. օրենքում չհիմնավորված արտոնություններ կան:

«Լրացուցիչ կարևոր արտոնություններ ենք սահմանել, որոնցից է համայնքի ղեկավարի՝ հավաքներին վերաբերող որոշումների, գործողությունների օրինաչափությունը բողոքարկելու հարցը: Այդ դեպքում պետական տուրք չի գանձվի: Պետտուրք չի գանձվի նաեւ ընտանիքում բռնության դեպքերի գործերով դատարան ներկայացվող հայցադիմումների դեպքում»,-պարզաբանել է Դանիելյանը:

Պետական տուրք չի գանձվի նաև դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից, երբ դատարանում կվիճարկվեն Ընտրական օրենսգրքով սահմանված իրավախախտումները:

Օրենքում ավելացել է պետական տուրքի նոր արտոնություն, որը վերաբերում է զոհված զինծառայողների կամ ռազմական գործողությունների հետեւանքով մահացած քաղաքացիների՝ ժառանգության վկայագիր ստանալու հարաբերություններին: Այդ դեպքում եւս պետտուրքից ազատվելու արտոնություն է սահմանվել:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---