Լարշե․ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին

Լարշե․ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ավարտին ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին՝ համաձայն ստորագրած համաձայնագրի և միջազգային բոլոր պայմանագրերի:

Նա հիշեցրել է, որ ԵԽԽՎ նիստում քննարկվել է ռազմագերիների հարցը, որտեղ Սենատի գործընկերներից մեկը, Սենատի անունից հանդես գալով, ներկայացրել է անհապաղ ազատ արձակման վերաբերյալ պահանջները:

«Մի այսպիսի ասացվածք կա, ըստ որի՝ բարեկամներն աստղերի են նման, և միայն գիշերը կարելի է նրանց հաշվել: Եվ կարելի է ասել, որ անթափանց գիշեր էր իջել Հայաստանի վրա 2020-ի նոյեմբերին, երբ մենք որոշեցինք բոլորս միասին մի կողմ թողնելով մեր քաղաքական տարաձայնությունները, համախմբվելով և, իսկապես, ընդգծում եմ՝ հավաքական աշխատանքով, ընդունել բանաձևը, որով կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ասել է նա:

«Մենք վստահություն ենք տածում նաև Հայաստանի ժողովրդավարության հանդեպ, որը ձեզ առանձնահատուկ տեղ է հատկացնում այս տարածաշրջանում: Ժողովրդավարություն, որը մեծ փորձությունների ենթարկվեց, ոտնահարվեց, բայց, այնուամենայնիվ, դուք շարունակում եք կանգնած մնալ: Մենք վստահ ենք նաև հայ ժողովրդի անկախ ոգու և նրա ազատատենչ բնույթի հարցում:

Պետք է ասել, որ մեր այս այցելությունը նաև շարունակությունն է այն բանաձևի, որը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Միաժամանակ, բանաձևում նշվում է, որ այդ ճանաչումը կհանդիսանա գործիք՝ հասնելու խաղաղ բանակցությունների միջոցով տևական և կայուն խաղաղության, որովհետև մենք այստեղ ենք եկել նաև տևական խաղաղության կոչով»,-ասել է նա:

Անդրադառնալով այցելությանը Երևանի քաղաքապետարանում հայկական մշակութային ժառանգությանն վերաբերյալ ցուցահանդես՝ Լարեշն ասել է որ սահմռկեցուցիչ է տեսնել, որ պատերազմից հետո այսպիսի քայլեր են ձեռնարկվում հայերի հիշողությունը, հայերի հետքերը վերացնելու ուղղությամբ:

«Այդ իսկ պատճառով մեզ համար հասկանալի է, պարոն նախագահ, ձեր ցանկությունն ամրապնդելու Մինսկի խմբի նախագահությունն ու ձևաչափը: Կարծում եմ՝ սա մեր պատասխանատվության հարցն է, որպեսզի մենք այս բոլոր ուղերձները հասանելի դարձնենք Եվրամիության անդամ պետությունների խորհրդարանների մեր գործընկերներին»,-ասել է Ֆրանսիայի Սենատի նախագահը:

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու նպատակով Երևանում է նաև Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը նա ասել է, որ իր համար կարևոր է Ցեղասպանության 106-րդ տարելիցի և Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 20-րդ տարելիցի կապակցությամբ գտնվել Հայաստանում և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա Սարգսյանին է փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նամակը՝ ապրիլի 24-ի կապակցությամբ:

Ընթերցեք նաև․ Ֆրանսիայի պետքարտուղար․ Կարևոր է ՀՀ-ում լինել Ֆրանսիայի կողմից Ցեղասպանության ճանաչման 20-րդ տարելիցի առթիվ

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---