Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահի շնորհակալական նամակին․ «Միշտ շարունակելու եմ աջակցել»

Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահի շնորհակալական նամակին․ «Միշտ շարունակելու եմ աջակցել»

PanARMENIAN.Net - Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատասխանել է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհակալական նամակին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ։

«Շնորհակալ եմ նախագահ Սարգսյանին, որը միշտ ժամանակ է գտել ինձ Հայաստանի մասին պատմելու համար։ Շնորհակալություն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և բոլոր հայկական կառույցներին, ինչպես նաև յուրաքանչյուր հայի, որը պայքարել է ճանաչման օրվա համար»,-գրել է Քարդաշյանը Twitter-ի միկրոբլոգում։

Նա նշել է, որ երջանիկ է, որ կարողացել է նպաստել իրազեկվածության բարձրացմանն այդ հարցում։

«Միշտ շարունակելու եմ աջակցել այս հիանալի երկրին»,- -ասվում է նրա գրառման մեջ։

Արմեն Սարգսյանը ավելի վաղ Քիմ Քարդաշյանին ուղղված նամակում երախտագիտություն էր հայտնել նրան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած ավանդի համար:

Քիմ Քարդաշյանին ուղղված նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել էր․ «Ձեր և Ձեր ընտանիքի ազդեցությունը հսկայական է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում, և հրաշալի էր տեսնել, թե ինչպես Ձեր գործունեությամբ ու քայլերով կարողացաք կարևոր դերակատարում ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Շնորհակալ եմ, անխոնջ ջանքերի, անկեղծ նվիրումի և հանձնառության համար»:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ է հղել նաև ամերիկահայ անվանի բժիշկ, Կալիֆոռնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանին և հայտնի երգչուհի Շերիլին Սարգսյանին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նրանց ներդրած ավանդի համար:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---