ԱՄՆ-ն կոչ է արել ՀՀ-ին և Ադրբեջանին վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո

ԱՄՆ-ն կոչ է արել ՀՀ-ին և Ադրբեջանին վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին բռնությունների սրացման վերաբերյալ և հորդորել կողմերին վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո։ Այդ մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Հայտարարության մեջ ասվում է, որ Միացյալ Նահանգները դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին բռնությունների վերջին էսկալացիան։

«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հրադադարի իրենց հանձնառությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։

Շարունակվող լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ընդգծում է, որ միայն համապարփակ կարգավորմամբ, որը կներառի դեռևս չլուծված բոլոր հարցերը, հնարավոր կլինի նորմալացնել հարաբերությունները երկու երկրների միջև և տարածաշրջանի մարդկանց հնարավորություն տալ միմյանց հետ խաղաղ ապրել։ Միացյալ Նահանգները հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու հակամարտության տևական քաղաքական կարգավորման»,-ասվում է հայտարարության մեջ։

Հայտնի է դարձել նաև, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Ֆրենկ Փալոունի ներկայացրած փոփոխությունը, որը դադարեցնում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունն Ադրբեջանին:

Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։

Հուլիսի 29-ին՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---