Մարտակերտում ադրբեջանցի զինծառայող է ձերբակալվել

Մարտակերտում ադրբեջանցի զինծառայող է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը, տեղեկացնում է Արցախի դատախազությունը։ Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն:

Հարուցվել է քրեական գործ՝ առերևույթ ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։

Կատարվում է հետաքննություն, դեպքի հանգամանքների վերաբերյալ առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Միաժամանակ ԱՀ դատախազությունն անընդունելի է համարում Արցախի ներքին ու արտաքին անվտանգությանն ու ռազմական ոլորտին վերաբերող տեղեկությունների տարածման, հրապարակման, համացանցային տիրույթ ներբեռնելու և ինքնագործունեության նմանատիպ այլ դրսևորումները։

«Երբ իրավապահ մարմինները քննարկում են հակառակորդի կողմից հնարավոր դիվերսիոն գործողության կազմակերպման կամ հանցավոր խմբի կողմից ԱՀ տարածք ներթափանցելու և լրտեսելու հնարավոր վարկածները, որոնց պատշաճ քննարկումը և հանցավորներին հայտնաբերելու հնարավորությունը ուղղակիորեն փոխկապակցված է հանցակցի բացահայտման դեպքի գաղտնիության հետ, իսկ դրան զուգահեռ՝ ԱՀ քաղաքացիների կամ այլ անձանց կողմից ընթանում է դեպքի հանգամանքների ինքնագլուխ լուսաբանում կամ տարածում, ապա այդպիսի իրավիճակում հաջողության հասնելու հնարավորությունը գրեթե զրոյացվում է»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ արտաքին ու ներքին սպառնալիքների, վտանգների պայմաններում ԱՀ դատախազությունը բաց ու հրապարակային է` պատրաստ պատասխանել հրապարակման ենթակա ու գաղտնիք չպարունակող տեղեկության վերաբերյալ ցանկացած հարցման:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---