ԱԱԾ սահմանապահները մոտ 160,000 դրամ են ստանում․ Պայմանագրայիններն ազատվում են աշխատանքից

ԱԱԾ սահմանապահները մոտ 160,000 դրամ են ստանում․ Պայմանագրայիններն ազատվում են աշխատանքից

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը, խոսելով սահմանապահ ծառայություն իրականացնող ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակիցների մասին, ԱԺ-ում հայտարարել է, որ նրանց աշխատավարձը չափազանց ցածր է, ու պայմանագրային ծառայողներն ազատվում են աշխատանքից։ Արդյունքում սահմանապահների թիվը ևս կտրուկ նվազել է։ Նա այդ մասին ասել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022թ. պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ։

«Հիմա նրանք մոտ 160,000 դրամ են ստանում: Բայց հանձնարարությունը կա, մենք շատ արագ պետք է արձագանքենք այդ հանձնարարությանը և հնարավորություն ստեղծենք բարձրացնելու աշխատավարձը։ Բարձրացումը կլինի մոտ 210-220,000-ին մոտ։»,– հայտնել է Հակոբյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նա նշել է, որ ԱԱԾ-ի բյուջեն 2022թ․ համար կազմում է 42 մլրդ 669 մլն դրամ, ինչը 8.7 տոկոսով ավելի է 2021-ի 34 մլրդ 733 մլն դրամ հատկացումից։

Հակոբյանը նաև հայտնել է, որ այդ գումարի շրջանակում նախատեսված է 11 միջոցառում` 2 հիմնական ծրագրային ուղղությամբ՝ պետական պահպանության ապահովում և ազգային անվտանգություն։ «Ազգային անվտանգություն» ծրագրի 6 միջոցառման իրականացման համար նախատեսվել է 38 մլրդ 630 մլն դրամ, 2021-ի համեմատ ավելացել է 9.1 տոկոսով։ «Պետական պահպանության ապահովում» ծրագրի 5 միջոցառման ապահովման համար հատկացվել է 4 մլրդ 38 մլն դրամ` 2021-ի բյուջեի համեմատ նվազել է 0.4 տոկոսով»,- մանրամասնել է Հակոբյանը։

ԱԱԾ փոխտնօրենը նաև վստահեցրել է, որ մինչև նոյեմբերի վերջ ԱԱԾ-ն կավարտի ՀՀ բոլոր սահմաններում տնակների տեղադրման գործընթացը։ Այս պահին, նրա խոսքով, սահմանապահները 99 տոկոսով ապահովված են տնակներով։ Դրանցից վերջինն անցյալ շաբաթ տեղադրվել է Սյունիքի մարզում, Որոտանի ճանապարհի վրա։ Ներկա պահին, Արամ Հակոբյանի տվյալներով, սահմանապահները վրանում են բնակվում միայն մեկ վայրում, որը մինչև նոյեմբերի վերջը կփոխարինվի տնակով։

ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը հայտարարել է, որ Սյունիքի տարածքում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողներն անհրաժեշտ պայմաններ դեռ չունեն: «Եվ այս պահին, գիտեք, թե ինչ պայմաններում են ծառայություն իրականացնում։ Պայմաններ դեռ չունենք, այնտեղ նոր ուղեկալներ ենք կառուցում, մոտ ապագայում դրանք պատրաստ կլինեն, որից հետո կունենանք լավ պայմաններ և դրա կարիքը կարող է էլ չլինել։ Բայց այս պահին ապրում են տնակներում, ծառայությունն իրականացնում են բաց տարածքներում», - ասել է ԱԱԾ տնօրենի տեղակալը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---