Նյու Դելիում հայ-հնդկական գործարար համաժողով էր․ Չօգտագործված հսկայական ներուժ կա

Նյու Դելիում հայ-հնդկական գործարար համաժողով էր․ Չօգտագործված հսկայական ներուժ կա

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նյու Դելիում տեղի է ունեցել հայ-հնդկական գործարար համաժողով: Միրզոյանն իր ելույթում նշել է, որ Հնդկաստանը դարձել է ՀՀ կարևոր տնտեսական գործընկերը, սակայն, միևնույն ժամանակ կա չօգտագործված հսկայական ներուժ, որի իրացման համար մենք պետք է աշխատել միասին։

Միրզոյանը նշել է նաև, որ սա առաջին անգամն է, որ հայաստանյան գործարար և ներդրումային շրջանակների ներկայացուցիչների այսքան մեծ պատվիրակություն է ուղևորվել Հնդկաստան՝ հանդիպելու և ողջունելու իրենց գործընկերներին, հաստատելու փոխշահավետ համագործակցություն, փոխգործակցելու՝ ժամանակակից աշխարհի մարտահրավերները հաղթահարելու և մեր հասարակությունների համար արժեք ստեղծելու համար:

«Այսօր մենք իրապես նոր էջ ենք բացում հայ-հնդկական տնտեսական համագործակցության պատմության մեջ, և թույլ տվեք ասել՝ վերականգնում ենք մեր ժողովուրդների միջև առևտրի, զարգացման և բարգավաճման հիանալի ավանդույթները։

Հնդկաստանը, որն անվանական ՀՆԱ-ով աշխարհի վեցերորդ երկիրն է և խոշոր տերությունների մեջ ամենաարագ զարգացող տնտեսությունը, հայ գործարարների, տեխնոլոգների և սկսնակ ձեռներեցների համար կարող է դառնալ անսահմանափակ հնարավորությունների երկիր: Հայաստանն, իր հերթին, գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, շատ բան ունի առաջարկելու Հնդկաստանին։ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ 200 մլն բնակչությամբ և մոտ 1.8 տրլն ԱՄՆ դոլար ՀՆԱ-ով, Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ GSP առևտրային ռեժիմը շոշափելի առավելություններ են Հայաստանի ներդրումային գրավչության և օտարերկրյա գործընկերների հետ արդյունավետ համագործակցության համար։

Նշեմ նաև, որ մեր կառավարությունը շարունակաբար ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ Հայաստանում դրական գործարար միջավայր ապահովելու համար, որպեսզի գործարարները, ձեռնարկատերերը և ներդրողներն ունենան աշխատելու և ստեղծելու բարենպաստ պայմաններ։ Այս առումով ցանկանում եմ առանձնացնել այն հավակնոտ բարեփոխումները, որոնք ուղղված են օրենքի գերակայության խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ, իսկապես մրցունակ տնտեսության և շուկայական հարաբերությունների հաստատմանը»,-ասել է Միրզոյանը։

Նա նշել է, որ Հայաստանն ու Հնդկաստանը կարող են փոխշահավետ համագործակցություն հաստատել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, սակայն հատկապես բարձր տեխնոլոգիաների, ՏՏ, կրթության, զբոսաշրջության, ավիացիայի, լոգիստիկայի և դեղագործության ոլորտները գործընկերության ամենահեռանկարային և առաջադեմ ոլորտներից են:

Գործարար համաժողովին շնորհանդեսներով և ելույթներով հանդես են եկել նաև Հնդկաստանի արդյունաբերողների համադաշնության ներկայացուցիչները, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրենը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենը և այլք:

Raisina Dialogue համաժողովին մասնակցելու նպատակաով Նյու Դելիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տրանսպորտային կոմունիկացիաների ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---