ՌԴ ԱԳՆ․ Մտադիր ենք առաջիկայում ևս նպաստել ՀՀ պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդմանը

ՌԴ ԱԳՆ․ Մտադիր ենք առաջիկայում ևս նպաստել ՀՀ պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդմանը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ և ՌԴ միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 25-ամյակի առթիվ, որտեղ ասվում է, որ Մոսկվան մտադիր է առաջիկայում ևս նպաստել ՀՀ պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդմանը։

«Հետագայում ևս պատրաստ ենք առանցքային դաշնակցի դիրքերից օգնել Երևանին պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդման, ինչպես նաև հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործում։

Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության ուղին 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանումն է: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման առանցքային գործոնը»,-ասվում է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ ՀՀ և ՌԴ միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը մեծապես սահմանել է Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները: Նշվում է նաև, որ փաստաթուղթը կարևոր հանգրվան է դարձել երկկողմ գործընկերությունն իրական դաշնակցային մակարդակի բարձրացնելու ճանապարհին։

«Անցած ժամանակահատվածը համոզիչ կերպով ցույց է տվել, որ Մոսկվայի և Երևանի միջև պատմական կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը, Հարավային Կովկասում կայունության ամրապնդման նպատակներին: Մենք հաջողությամբ առաջ ենք շարժվում համագործակցության լայն սպեկտրով՝ այն լցնելով կոնկրետ բովանդակությամբ և բարձրացնելով փոխգործակցության արդյունավետությունը։

Երկկողմ ներուժի ձևավորման համար որոշիչ նշանակություն ունեն Ռուսաստանի և ՀՀ ղեկավարությունների միջև վստահության վրա հիմնված կանոնավոր շփումները, որոնք թույլ են տալիս ոչ միայն լուծել հրատապ հարցերը, այլև համաձայնեցնել դիրքորոշումները տարածաշրջանային և միջազգային առանցքային խնդիրների շուրջ», - ասվում է հայտարարության մեջ:

Ռուսաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարության մեջ, որն արվել է 2022 թ. ապրիլի 19-20-ը Հայաստանի կառավարության ղեկավարի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ, հաստատվել է 1997 թ. պայմանագրում ամրագրված սկզբունքների հիման վրա միջպետական հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու մտադրությունը:

«Մենք անկեղծորեն արժևորում ենք եղբայրական Հայաստանի հետ բարեկամությունը և միտված ենք ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը ՝ հանուն մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման», -ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ ‌

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---