Արցախի թեմի առաջնորդ․ Ադրբեջանը պետմակարդակով մշակված ծրագրերին համահունչ քայլեր է անում

Արցախի թեմի առաջնորդ․ Ադրբեջանը պետմակարդակով մշակված ծրագրերին համահունչ քայլեր է անում

PanARMENIAN.Net - ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ եպիսկոպոս Վրթանես Աբրահամյանն ուղերձ է հղել՝ նշելով, որ Ադրբեջանը պետական մակարդակով մշակված ծրագրերին համահունչ քայլեր է կատարում և չի հրաժարվելու այդ ծրագրերից։

«Մենք գիտակցում ենք, որ Ադրբեջանը և իր կողքին կանգած Թուրքիան երբեք չեն հրաժարվել այն մտադրությունից, որ այս տարածքներն իրենց պետք են առանց հայկական բնակչության:

Կարծես թե տարիներն անցնում են, և մենք մոռացության ենք տալիս այս փաստը:

Կարծես թե պատմությունն ուսումնասիրում ենք, բայց մոռացության ենք տալիս մեր ընթերցածը: Կարծես լսում ենք ցեղասպանությունը վերապրած մարդկանց, բայց չենք լսում: Մենք պետք է հասկանանք ինչու ենք այդպես, ինչու ենք այդքան շուտ մոռանում այն, ինչ արձանագրվել է մեր սրտի, հոգու և արյան գնով:

Ադրբեջանցին իր ծրագրերից չի հրաժարվելու՝ անկախ այն բանից, թե ինչ պայմաններ իրեն կառաջարկվեն, իրենց գաղափարախոսությունը չեն փոխելու, որովհետև դա իրենց ազգայինն է: Խնդիրը մեր մեջ է, թե ինչքանով ենք մենք կարողանում մեր իսկ հարազատ, բայց մեր անձը կործանող «ես»-ից, մեր միտքը կործանող անտարբերությունից հրաժարվել: 2000 տարի առաջ Քրիստոսն այս խոսքերով է դիմել մարդկանց և ազգերին, որ ես եմ ճանապարհը ճշտմարտության և կյանքը: Ովքեր ցանկանում են գալ այդ ճանապարհով, պետք է ուրանան իրենց ամեն ինչը, «ես»-ը և խաչը վերցնեն իրենց հետևից:

Մենք դա էլ չենք անում, ոչ Քրիստոսին ենք հետևում, ոչ էլ մեր պատմությանը, ուստի դառնում ենք խոցելի, իսկ ով խոցելի է, թույլ է և տկար: Այս ամենը վերականգնելու համար պետք է, որ մեր աջ ձեռքը լինի Քրիստոտսի խաչի վրա, մյուս ձեռքը լինի մեր պատմության վրա: Սա կնշանակի, որ մեր հոգին և միտքը ներդաշնակ են: Մենք միայն այս ճանապարհով կկարողանանք հետևել լույսին, նայելով դեպի երկինք, թեպետ մեր ճանապարհները փակ են, բայց դեպի վերև ճանապարհը բաց է: Սա մեզ պետք է համախմբի միավորի, դարձնի մեկս մյոսին սիրող, ներողամիտ, ներդաշնակ մեր արարքներում: Իրապես ծանր վիճակում ենք, բայց եթե առաջնորդվենք նշածս գործոններով, իրապես կհաղթանակենք»։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---