Ուսանողները պահանջագիր են ներկայացրել կառավարությանը՝ բոլոր մեխանիզմներն օգտագործել Լաչինի բացման համար

Ուսանողները պահանջագիր են ներկայացրել կառավարությանը՝ բոլոր մեխանիզմներն օգտագործել Լաչինի բացման համար

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի շենքի մոտից ուսանողները բողոքի երթ են անցկացրել դեպի Կառավարության շենք: Նրանք գործադիրի ներկայացուցիչներին են հանձնել «Երիտարցախ» ուսանողական նախաձեռնության պահանջագիրը:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Տիգրան Աղաջանյանն ասել է․ «Մեր պահանջն այն է, որ ՀՀ-ն՝ ըստ իր արտաքին ռազմավարության Արցախի երաշխավորն է, ինչպես նաև եռակողմ հայտարարության մի կողմը, իրավունք չունի անմասն մնալ արցախահայության ճակատագրից: Ինչպես նշված է մեր պահանջագրում, թե ՄԱԿ-ի, թե ՌԴ-ի միջոցով պետք է բոլոր հնարավոր մեխանիզմներն օգտագործել, որ միջանցքը բացվի, կյանքի ճանապարհը բացվի, արցախահայությունն էլ իր համար հանգիստ ապրի», գրում է Panorama.am-ը։

ԵՊՀ ուսանողներից Գուրգեն Դանիելյանն էլ նշել է, որ «Երիտարցախ» ուսանողական նախաձեռնության նպատակն է իր շուրջը համախմբել բոլոր բուհերի ուսանողներին և երիտասարդներին՝ բարձրաձայնելու արդեն 8 օր շրջափակված Արցախի հարցը։

«Բոլորի համար ակնհայտ է, որ Ադրբեջանի այս սադրիչ քաղաքականությունը նպատակ ունի արցախահայությանը կանգնեցնել հումանիտար աղետի առաջ։ Ադրբեջանի նպատակը Արցախի հայաթափումն է»,- նշել է նա։

Գուրգեն Դանիելյանի խոսքով՝ բնապահպանական քողի տակ փակել են Լաչինի միջանցքը, որին, ըստ տեղեկությունների, մասնակցում են «Գորշ գայլերի», Ադրբեջանի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները։

Այնուհետև նա ընթերցել է պահանջագրի տեքստը, որում ասվում է.

«Շինծու բնապահպանական նկատառումներ պաշտոնական Բաքուն արդեն 8 օր է արգելափակել է Բերձորի միջանցքը՝ Արցախի 120 հազար բնակիչներին աշխարհի հետ կապող միակ զարկերակը: Նմանօրինակ սադրիչ գործողությունների բուն նպատակն առանց զենքի անմիջական գործադրման, բայց դրա կիրառման սպառնալիքով միջազգային ահաբեկչության շարունակական իրականացումը, ինչպես նաև Արցախի բնակչությանը էթնիկ զտման ենթարկելը, ինչը հերթական անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը:

Ստեղծված կացությունն ավելորդ անգամ անվիճարկելի է դարձնում այն պարզ իրողությունը, որ արցախահայության անվտանգությունը որևէ պայմանով հնարավոր չէ երաշխավորել Ադրբեջանի կազմում: Եթե իրավիճակը արագ չկարգավորվի, Արցախի ժողովուրդը կհայտնվի հումանիտար աղետի սպառնալիքի տակ:

Ստեղծված իրավիճակում «Երիտարցախ» ուսանողական նախաձեռնությունը ՀՀ իշխանություններից պահանջում է.

-Հավուր պատշաճի կազմակերպել պաշտոնական միջնորդություն և սեղմ ժամկետում ներկայացնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող կոնկրետ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու առաջարկությամբ: Հարկ է հստակ վերապահում անել, որ այս փուլում այլևս վերացական մտահոգություններ հայտնելով սահմանափակվելը առնվազն թողտվություն է, որևէ ազդեցություն չի կարող ունենալ իրադարձությունների վրա և հարիր չէ ՄԱԿ-ի կանոնադրական առաքելությանը:

-Հիմք ընդունելով այդ փուլում իրավաչափ հիմքերով գործող օրենսդրությանը համապատասխան 1991-ի դեկտեմբերի 10-ի Արցախի անկախության հանրաքվեի որոշումը, ՀՀ ԱԺ քննարկմանը ներկայացնել Արցախի Հանրապետությունը ճանաչելու օրենքի նախագիծ:

-Դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ Արցախում և Բերձորի միջանցքում ՄԱԿ-ի մանդատով առաքելություն տեղակայելու պահանջով և հանրային կերպով տալ հստակ քաղաքական դիրքորոշում՝ արդյոք շարունակում եք պնդել, որ Ադրբեջանի կազմում միջազգային երաշխիքներով հնարավոր է ապահովել արցախահայության անվտանգությունը»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---