ԱՀ ԱԳ նախարար․ Ադրբեջանի հիմնական նպատակն է դժգոհության ալիք բարձրացնել հայերի մոտ խաղաղապահների դեմ

ԱՀ ԱԳ նախարար․ Ադրբեջանի հիմնական նպատակն է դժգոհության ալիք բարձրացնել հայերի մոտ խաղաղապահների դեմ

PanARMENIAN.Net - Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը Ստեփանակերտ-Երևան տեսակապով հանդիպում-քննարկման ժամանակ ասել է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը հիմնական երաշխիքներից մեկն է, որ զսպում է թուրք-ադրբեջանական տանդեմին՝ ավարտին հասցնելու նրանց ծրագրերը՝ կապված Արցախը հայաթափելու հետ։

Ղազարյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը, դեռևս չի կարողանում Արցախ մեկնել Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով։

«Միևնույն ժամանակ այս կոնկրետ իրավիճակում հիմնական նպատակներից մեկը, որն ադրբեջանական կողմը հետապնդում էր, կայանում էր նրանում, որ հայկական բնակչության կողմից դժգոհության ալիք բարձրանա ռուս խաղաղապահների նկատմամբ: Սա էլ կարևոր հանգամանքներից մեկն է»,-ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։

Ըստ նրա, միևնույն ժամանակ, Ադրբեջանը փորձում է ամեն կերպ հեղինակազրկել ռուս խաղաղապահների գործունեությունը։

«Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմը փորձում է ամեն կերպ խոչընդոտել թե՛ պարենային մթերքների, թե՛ դեղորայքի ներկրմանը՝ Արցախ, ռուսական խաղաղապահների դերակատարումը շատ կարևոր նշանակություն է կրելու այն առումով, որ այդ խնդիրներում պետք է ակտիվ ներգրավված լինեն, որ անհրաժեշտ ծավալով և՛ պարենային ապրանքներ, և՛ դեղորայք ներկրվեն Արցախ»,- արձանագրել է Արցախի ԱԳ նախարարը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---