Հռոմի պապը կրկին մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի արգելափակման մասով

Հռոմի պապը կրկին մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի արգելափակման մասով

PanARMENIAN.Net - Հռոմի քահանայապետ Ֆրանցիսկոսը կրկին մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման վերաբերյալ՝ հայտարարելով, որ վերահաստատում է իր կոչը «Հարավային Կովկասում Լաչինի միջանցքում տիրող մարդասիրական ծանր իրավիճակի առնչությամբ», հայտնում է Սուրբ Աթոռւմ ՀՀ դեսպանությունը։

«Իմ մտերմությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ձմռան կեսին ստիպված են դիմակայել այս անմարդկային պայմաններին։ Անհրաժեշտ է միջազգային մակարդակով գործադրել բոլոր ջանքերը՝ մարդկանց բարօրության համար խաղաղ լուծումներ գտնելու նպատակով»,-ասել է նա։

Այս ուղերձը Հռոմի Պապը հնչեցրել է Սուրբ Պետրոս հրապարակում հավաքված բազմահազար հավատացյալների առջև։ Որպես ավանդույթ քահանայապետը Անջելուս Դոմինի կիրակնօրյա աղոթքից հետո հանդես է գալիս միջազգային մտահոգիչ հիմնախնդիրների առնչությամբ, ինչը հեռարձակվում է ռադիո և հեռուստատեսությամբ ու լայնորեն լուսաբանվում սոցիալական ցանցերի միջոցով։

Լաչինի միջանցքի հումանիտար հետևանքներին Հռոմի Պապն անդրադարձել էր նաև անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---