Բաքվում ՌԴ դեսպան. ԵՄ գործողություններն ուղղված են ՌԴ-ին Ադրբեջան-ՀՀ գործընթացից հեռացնելուն

Բաքվում ՌԴ դեսպան. ԵՄ գործողություններն ուղղված են ՌԴ-ին Ադրբեջան-ՀՀ գործընթացից հեռացնելուն

PanARMENIAN.Net - Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հայտարարել է, որ Եվրամիության գործողություններն ուղղված են Ռուսաստանին ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացից հեռացնելուն։ Այդ մասին նա ասել է ադրբեջանական Haqqin․az-ին հարցազրույցում, հայտնում է «Ազատությունը»։

«Կարծում եմ՝ մենք չպետք է խաբվենք «քաղաքացիական առաքելություն» տերմինով։ Առաքելությունն ինքնին Եվրամիության ընդհանուր քաղաքականության վարողն է անվտանգության և պաշտպանության ոլորտում, այլ ոչ թե քաղաքացիական, և հնարավոր է, որ այն վերածվի ռազմական բաղադրիչներով ներկայության, նաև գոյություն ունի հնարավորություն, որ այս առաքելությունը կսկսի ընդլայնվել դեպի Լեռնային Ղարաբաղի տարածք», - ասել է Բոչարնիկովը։

Ռուսաստանի դեսպանի խոսքով՝ եթե փորձեր արվեն ընդլայնելու այդ առաքելության ներկայությունն Արցախում, դա կարող է խնդիրներ առաջացնել տարածաշրջանում ներկա ռուս խաղաղապահների և սահմանապահների համար:

«Նման խնդիրներն անվտանգության ռիսկ են ամբողջ տարածաշրջանում, ամբողջ Հարավային Կովկասում: Մեզ՝ այս տարածաշրջանի բաղկացուցիչ միավորներին, բնակիչներին, պետք չեն արտատարածաշրջանային ուժեր՝ այստեղ մեր խնդիրները լուծելու համար», - հայտարարել է Բոչարնիկովը։

Անդրադառնալով Բաքվի կողմից որպես «Զանգեզուրի միջանցք» ներկայացվող թեմային՝ Ռուսաստանի դեսպանը վստահեցրել է, թե բոլոր հիմքերը կան տրանսպորտային տնտեսական ուղիները բացելու ծրագրերն իրականացնելու համար:

«Կարծում եմ՝ այս ուղղությունը կյանքի կոչվելու բոլոր հիմքերն ունի, այս հարցում անհաղթահարելի տարաձայնություններ չեմ տեսնում», - ասել է ռուս դիվանագետը՝ հիշեցնելով , որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խումբ կա, որը զբաղվում է այդ հարցերով։

«Նրանք իրականում հասել են փոխըմբռնման բարձր մակարդակի թե՛ բիզնես շահերի, թե՛ տեխնիկական նկատառումների առումով այս նախագծի իրականացման համար։ Ուստի կարծում եմ, որ դա միանգամայն իրագործելի է, և հուսանք, որ նույն տնտեսական նկատառումները կգերակայեն», - նշել է Բոչարնիկովը։

ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են քաղաքացիական նոր առաքելության գործուղումը Հայաստան 2 տարով, որը կոչված է «նպաստելու կարգավորմանը Կովկասում»։ Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահություն ձևավորել և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր: Եվրամիության առաքելությունը Հայաստանում կմեկնարկի իր գործունեությունը փետրվարի 20-ին։

Եվրամիության դիտորդները, թվով 40 հոգի, որոնց ժամանակավոր առաքելությունը հոկտեմբերի 17-ին տեղակայվել էր Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով՝ իրավիճակը դիտարկելու, վերլուծելու և զեկուցելու նպատակով, ժամանակավոր էր և ավարտել է գործունեությունը դեկտեմբերի 20-ին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---