Արցախի պետնախարար. Դիվերսիայի հետևանքով տարածքային կորուստներ չկան` ադրբեջանցիները զոհեր են տվել ու հետ քաշվել

Արցախի պետնախարար. Դիվերսիայի հետևանքով տարածքային կորուստներ չկան` ադրբեջանցիները զոհեր են տվել ու հետ քաշվել

PanARMENIAN.Net - Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, անդրադառնալով մարտի 5-ի վաղ առավոտյան ԱՀ ոստիկանության մեքենայի վրա ադրբեջանցիների հարձակմանը, հայտնել է, որ դիվերսիայի հետևանքով տարածքային կորուստներ արցախյան կողմը չունի։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Մարտի 5-ին` ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:

«Տարածքային կորուստներ չունենք, նման լուրերը սուտ են։

Մարտի 5-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների վրա զինված հարձակման դեպքի հետևանքով արցախյան կողմը տարածքային կորուստներ չի ունեցել։ Ադրբեջանական կողմը զոհեր է տվել ու հետ քաշվել»,-ասվում է գրառման մեջ։

Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանը շտապել է կեղծ տեղեկություն տարածել այն մասին, իբր իրենց կողմից վնասազերծվել է Հայաստանից Արցախ զենք տեղափոխող մեքենան։

«Ադրբեջանական կողմը կեղծ փաստեր է ներկայացնում՝ պնդելով, թե իբր ոստիկանական մեքենայով զենք էր տեղափոխվում Հայաստանից Արցախ: Այնինչ իրականում ոչ միայն որևէ զենք չէր տեղափոխվում, այլև՝ ոստիկանության ծառայողները Ստեփանակերտից էին գնում դեպի ճանապարհին գտնվող իրենց հերթափոխի վայր»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ոստիկանության ծառայողները երթևեկում էին մարդատար մեքենայով՝ Արցախի կողմից դեպի մեր ոստիկանական կետը, մեքենայում զենք, զինամթերք կամ ռազմամթերք չի եղել՝ ընդհանրապես։ Տեղի ունեցած դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավասու մարմինները ունեն անհերքելի ապացույցներ, տեսագրություններ ու լուսանկարներ։

Արցախի Տեղեկատվական շտաբը ներկայացնում է ադրբեջանական դիվերսիոն հարձակման մանրամասները՝ տեսանյութում համապատասխան նշումներով:

Տեսանյութը ներկայացված է նաև ռուսերեն և անգլերեն նշումներով։

Ադրբեջանը հայտնել է 2 զոհի մասին՝ զինծառայող՝ Ալիբեյլի Շահրիյար Ռամիզօղլուի և Հուսեյնով Էշղին Ջամիլօղլուի, հայտնում է Haqqin.az-ը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---