Փոփոխություններ են կատարվել Արցախի կառավարությունում․ 3 նախարար է փոխվել

Փոփոխություններ են կատարվել Արցախի կառավարությունում․ 3 նախարար է փոխվել

PanARMENIAN.Net - Արցախի կառավարությունում փոփոխություններ են կատարվել՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 8-ին մի շարք հրամանագրեր է ստորագրել։

Հրանտ Սաֆարյանն ազատվել է ԱՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է Գեորգի Հայրիյանը:

Արմեն Մանգասարյանն ազատվել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնից։ Նախարար է նշանակվել Վահրամ Առաքելյանը:

Արամ Սարգսյանն ազատվել է ԱՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնից: ԱՀ քաղաքաշինության նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանը:

Գեորգի Հայրիյանն ավելի վաղ ազատվել էր ԱՀ ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից։ Ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արարատ Խաչատրյանը։

Վահրամ Առաքելյանն ազատվել էր ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալի պաշտոնից:

Մարտի 1-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով Արցախի Հանրապետության նորանշանակ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին, նշել էր, որ պետնախարարն ունենալու է լիազորությունների լայն շրջանակ, նրա համակարգման տակ են գործելու բոլոր նախարարությունները՝ բացառությամբ արտաքին, պաշտպանության ու ներքին գործերի նախարարությունների, իր համակարգման ոլորտներում ունենալու է կադրային քաղաքականությունը մշակելու և վարելու ազատություն։ Գուրգեն Ներսիսյանին է փոխանցվել նաև Արցախի ներդրումային և գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---