ԱՀ պետնախարար․ Լենցովին Բաքվում պայմանավորվածության հասնել չի հաջողվել

ԱՀ պետնախարար․ Լենցովին Բաքվում պայմանավորվածության հասնել չի հաջողվել

PanARMENIAN.Net - Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ալեքսանդր Լենցովին Բաքվում տեղի ունեցած բանակցություններում չի հաջողվել պայմանավորվածության հասնել ադրբեջանական անցակետի վերացման հարցում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ-գնդապետ Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը:

Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել:

Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---