Արցախի Անկախության օրն է

Արցախի Անկախության օրն է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2–ին համայն հայությունը նշում է Արցախի Հանրապետության Անկախության օրը։

Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն Արցախի օրվա առթիվ ուղերձում ասել է, որ 32 տարվա ընթացքում ԱՀ-ն դիմագրավել է 2 լայնածավալ պատերազմի, ապրել է հաղթանակի բերկրանքը, ձևավորվել են պետական ինստիտուտներ, երկիրը զարգացել ու բարգավաճել է, սակայն թշնամին 2020-ին հրահրած պատերազմով նպատակ է դրել իսպառ վերացնել Արցախի Հանրապետությունը:

«Արցախի պետականության համար պայքարի այս փուլում մարտի դաշտն ընդլայնվել է. առօրյա, կենցաղային դժվարությունները հաղթահարող մեր հայրենակցից մինչև դիրքապահը կանգնած են ճակատային դիրքերում: Կանգնած ենք, քանի որ բոլորիս պարտքն է՝ անարդյունք չթողնել մեր հայրերի, քույրերի, եղբայրների և զավակների թափած արյունն ու քրտինքը:

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առթիվ, մաղթում ուժ ու կորով, տոկունություն, համբերություն, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագա»,–ասել է նա:

1991-ի սեպտեմբերի 2-ին, Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) ու Շահումյանի շրջանի պատգամավորների համատեղ նստաշրջանին հռչակվեց Արցախի անկախությունը ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանի սահմաններում:

1991-ի դեկտեմբեր 10-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվել է հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99․89 տոկոսը, արտահայտվել է Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին: Հանրաքվեի հարցը հետևյալն էր. «Համաձա՞յն եք արդյոք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ով ինքնուրույն կորոշի համագործակցության ձևերըը այլ պետությունների և միությունների հետ»:

Դրան հաջորդած ընտրություններում ընտրվել է Լեռնային Ղարաբաղի խորհրդարան, որն էլ կազմել է առաջին կառավարությունը:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---