ՀՀ ՄԻՊ. ԼՂ-ից երեխաների և կանանց խոշտանգված ու անդամախեղված դիեր են բերվել

ՀՀ ՄԻՊ. ԼՂ-ից երեխաների և կանանց խոշտանգված ու անդամախեղված դիեր են բերվել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բազմաթիվ մարմիններ կան, որոնց վրա առկա են խոշտանգումների և/կամ անդամախեղումների նշաններ։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Մարդկանց խոշտանգումների, մարմինների անդամախեղումների և այլ դեպքերի մասին առաջինը ես եմ խոսել։ Մարդու իրավունքների պաշտպանի անգլերենով պատրաստված նախնական զեկույցը (անձանց խոշտանգումների վերաբերյալ․ խմբ․) Հաագայի դատարանում ներկայացվել է որպես հիմնական ապացույց։ Հիմնական արձանագրումները հետևյալն են։ Կան Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բազմաթիվ մարմիններ, այդ թվում քաղաքացիական անձանց, մասնավորապես` երեխաների, կանանց, որոնց վրա առկա են խոշտանգումների և/կամ անդամախեղումների նշաններ»,- ասել է Մանասյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

ՀՀ ՄԻՊ-ը վստահեցրել է, որ այս ամենի մասին ներկայացրել է բոլոր միջազգային գործընկերներին։

Նա ընդգծել է, որ անձանց խոշտանգումների և մարմինների անդամախեղումների վերաբերյալ փաստահավաք աշխատանքներ են իրականացվել, բայց այս պահին թիվ չի հրապարակի, քանի որ հիմա պետք է ամեն ինչ անել բոլոր դեպքերը բացահայտելու համար։

Հարցին, թե Բաքվում հայազգի քանի կալանավորված անձ կա, Մանասյանն ասել է, որ հստակ թիվ չի կարող նշել, քանի որ տեղեկությունների առաջին կրողը չէ, բայց դրանք անընդհատ մշակվում են։

«Իմ իրավասության շրջանակում փորձում եմ տեղեկություններ ձեռք բերել, բայց մի բան կարող եմ հատուկ շեշտել՝ ակնհայտ է, որ Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ մարդու իրավունքների բոլոր հնարավոր սահմանափակումները և միջամտությունը բոլոր հիմնարար իրավունքներին տեղի են ունենում միջազգային իրավական բոլոր չափանիշների խախտմամբ։ Այդ առնչությամբ իմ դիրքորոշումն անընդհատ ներկայացնում եմ միջազգային կառույցներին»,- ասել է Մանասյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---