Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Ադրբեջանը կասկածի տակ է դնում ՀՀ տարածքային ամբողջականությունը.

Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Ադրբեջանը կասկածի տակ է դնում ՀՀ տարածքային ամբողջականությունը.

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ապրիլի 2–ին Փարիզում տեղի ունեցած հանդիպմանը խոսել են նաև Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։

Հանդիպմանը հաջորդած ասուլիսի ընթացքում ֆրանսիացի պաշտոնյան հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն այսօր կասկածի տակ է դրվում Ադրբեջանի կողմից, հայտնում է «Ազատությունը»։

Նախարար Սեժուրնեն շեշտել է՝ մտահոգություն է հարուցում Ադրբեջանի հռետորաբանությունը, որը փորձում է կեղծ տեղեկատվություն տարածելով Հայաստանի վրա բարդել էսկալացիայի պատասխանատվությունը։

Բլինքենը Ֆրանսիա է այցելել Բրյուսել մեկնելուց առաջ, որտեղ ապրիլի 5-ին նախատեսված է իր, Եվրահանձնաժողովի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպումը։

Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել ապրիլի 5–ին Բրյուսելում կայանալիք հանդիպումը։ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել էր, թե «այն հայկական կողմին խաղաղ բանակցությունների մղելու փոխարեն տարածաշրջանում նոր բաժանարար գծեր է ստեղծում»։ Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։

Արձագանքելով Բաքվին՝ Երևանը պնդել է՝ այդ հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ չէ։ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը չէր բացառել, որ հայ-ադրբեջանական խնդիրները նաև քննարկվեն ապրիլի 5-ին՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ հանդիպման հիմնական օրակարգում այդ հարցը չէ՝ «Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---