29 հունիսի 2011 - 18:03 AMT
Եվրասիական զարգացման բանկի ներդրումային պորտֆելը 2010-ի ավարտին հասել է $2,2 միլիարդի

Եվրասիական զարգացման բանկի Խորհուրդը Մոսկվայում կայացած հերթական նիստում հավանություն տվեց 2010 թվականին բանկի գործունեության արդյունքներին և 2011-ի ծրագրերին: Բանկի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, ԵԱԶԲ վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը նշել է, որ «2010 թվականը հերթական հաջող տարին դարձավ բանկի համար»: «Մեզ հաջողվեց զգալիորեն ուժեղացնել մեր դիրքերը տարածաշրջանում, նոր կարևոր նախագծերով համալրել ներդրումային պորտֆելը: ԵԱԶԲ ներդրումային պորտֆելը, որը բանկի գործունեության հիմնական ցուցանիշներից մեկն է, 2010-ի ավարտին կազմել է 2,2 մլրդ դոլար` հաշվետու ժամանակահատվածում աճելով 887,2 մլն դոլարով կամ 67,1%-ով:

2010-ի ավարտին միասնական ակտիվները կազմել են ավելի քան 2,5 մլրդ դոլար, տարվա արդյունքներով մաքուր շահույթը կազմել է մինչև 15,8 մլն դոլար»,- արձանագրել է նա:

Նիստին մասնակցել են բանկի Խորհրդի նախագահ, ՌԴ կառավարության փոխնախագահ և ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը, ինչպես նաև Խորհրդի անդամ-ԵԱԶԲ մասնակից երկրների ներկայացուցիչները` Ղազախստանի ֆինանսների նախարար Բոլատ Ժամիշևը, Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, Բելառուսիայի փոխվարչապետ Սերգեյ Ռումասը, Թաջիկստանի ֆինանսների նախարար Սաֆարալի Նաջմիդդինովը:

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006թ. հունվարին: ԵԱԶԲ կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարը: