Այս տարի գինեգործների օրը չեն նշում, բայց մյուս տարի շատրվանները գինով կլցնեն

Այս տարի գինեգործների օրը չեն նշում, բայց մյուս տարի շատրվանները գինով կլցնեն

PanARMENIAN.Net - Թեև արդեն 4-րդ տարին է նոյեմբերի 7-ը օրացույցներում նշված է որպես գինեգործների օր, գինեգործների շրջանում այն ընդունված չէ նշել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։ Նա նշեց, որ Հայաստանում գինու օրը նշել են դեռևս 3000 տարի առաջ՝ Արուբանի, Անահիտ, Աստղիկ աստվածուհիներին նվիրված տոների ժամանակ։

«Հետո մենք կորցրեցինք տոնը և վաղ քրիստոնեական շրջանում նման տոնի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Գնունիների տոհմը շատ մեծ կապ ուներ այդ օրվա հետ և ժառանգել էր գինու տոնը, արվեստը փոխանցելը։ Անգամ Գնունի ազգանվան ստուգաբանությունը կապում են հենց գինի բառի հետ՝ գինի ունի, գինի գնահատող»,- տոնի պատմությունը ներկայացրեց բանախոսը։

Նա հավելեց, որ գինու տոնը ԽՍՀՄ ժամանակ ևս չի նշվել, իսկ նորանկախ Հայաստանի կառավարությունը դիմադրում էր նշելու ցանկությանը, ասում, որ գինեգործությունը գյուղատնտեսության մի մասն է, իսկ գյուղի աշխատավորի, բերքի տոն կա։ «Նոյեմբերի 7-ին առաջին գինին բոլորի մոտ պատրաստ է, այնպես որ սա կարելի է նշել որպես գինու ծնունդ»,-ասաց Ավագ Հարությունյանը՝ նշելով՝ միակ թերությունն այն է, որ հիշեցնում է Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակի նոյեմբերի 7-ը։ Այսօր տոնը ոչ մի կերպ չի նշվելու, սակայն բանախոսը լիահույս է, որ մյուս տարի կնշվի. «Մի օր կստացվի... Որ այդ օրը լինի գինու հյուրասիրության օր։ Մենք դա փորձեցինք անել 3 շաբաթ առաջ, բայց սարսափելի հետևանքներ եղան՝ հարձակվեցին տաղավարների վրա, ծեծեցին, ջարդեցին մեր աշխատողներին ու թալանեցին ունեցվածքը։ Եկող տարի կփորձենք այս օրը նշել»,- ասաց նա՝ որպես նշելու տարբերակ առաջարկելով Ազնավուրի անվան հրապարակի շատրվանները գինով լցնել։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---