ՀԵՇՏ ՉԻ ԼԻՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼ ԷՋԵՒԻԹԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂԻ ՀԵՏ

Թուրքիայում իշխանության կարող են գալ մարդիկ, որոնց հետ երկխոսությունն անիմաստ կլինի Հայաստանի համար

Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջեւ հաստատված եւ կարծես թե որոշակի արդյունքներ տվող երկխոսությունը, երեւում է, պետք է նորից սկսել: Իշխանության ճգնաժամը հանգեցրեց նրան, որ Անկարայի արտաքին քաղաքականության գերակայությունը կրկին հարցականի տակ հայտնվեց: Բյուլեթ էջեւիթի կաբինետի վարած քաղաքականության մեջ հստակ արտահայտված եվրոպական կողմնորոշմանը հնարավոր է փոխարինի նացիոնալիզմը: Ազգային շարժում կուսակցության առաջնորդ, այժմյան կաբինետի երկրորդ դեմքը համարվող Դովլեթ Բախչելիի` իշխանության գալու հեռանկարը կնշանակի Եվրախորհուրդ մտնելու գաղափարի փաստացի հրաժարում: Նման հեռանկարը չի կարող Հայաստանին չանհանգստացնել: Արեւմտյան համակարգի արժեքները ժխտող մարդկանց հետ երկխոսության արդյունավետության մասին խոսելն անիմաստ կլինի:
PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանության ճգնաժամը մոտենում է իր գագաթնակետին: Արդեն հենց ինքը` վարչապետ Բյուլեթ էջեւիթը, հնարավոր է համարում արտահերթ ընտրությունների անցկացումը: Վարչապետի մոտ նման մտքեր հայտնվեցին, երբ նրան լքեցին ամենամոտ զինակիցները` արտաքին գերատեսչության ղեկավար Իսմայիլ Ջեմը, ֆինանսների նախարար Քյամալ Դերվիշը եւ գլխավոր օգնական Խուսամետդին Օզկանը: Նրանց հետ Էջեւիթի ղեկավարած Ձախ դեմոկրատական կուսակցությունից հեռացան նաեւ Ազգային ժողովի տասնչորս պատգամավոր: Վարչապետի նախկին զինակիցները հայտարարել են նոր քաղաքական ուժի ստեղծման մասին, որի նպատակն է լինելու կանխել Եվրոպայի մոտեցման գործում երկրի ձեռքբերումների նահանջները:

Էջեւիթին իշխանության գլխին պահելն անհեռանկարային համարելով` նրա երեկվա զինակիցները որոշեցին զոհաբերել վարչապետին հանուն իրենց անցկացրած բարեփոխումների պահպանման: Սակայն ազգայնամոլների իշխանության գալու վտանգից Թուրքիային ազատելու ձգտումներն առայժմ հակառակ ազդեցությունն են ունենում: Ուժերի տեղաբաշխումը բերեց նրան, որ Ազգային շարժում կուսակցությունը իշխող կոալիցիայում ունեցավ ամենաշատ ներկայացուցիչները, իսկ անձամբ փոխվարչապետ Դովլեթ Բախչելին դարձավ կառավարության ամենազդեցիկ դեմքը: Ապագա կաբինետում վարչապետի պաշտոնի նրա հավակնությունները լիովին բնական են դառնում: Սահմանադրության համաձայն` կաբինետի հրաժարականի դեպքում, նոր կառավարության ձեւավորման գործը դրվում է խորհրդարանական մեծամասնություն կազմող կուսակցության ղեկավարի վրա: Տվյալ դեպքում դա Բախչելին է:

Թուրքիայի քաղաքական արենայում փոխվարչապետի ղեկավարած Ազգային շարժում կուսակցությունը հայտնվեց որպես «Գորշ գայլեր» (տես` www.panarmenian.net/stickers) անվամբ հայտնի ծայրահեղական խմբավորման քաղաքական տանիք: Իր ծրագրային դիրքորոշումները որոշ չափով փոփոխելով` կուսակցությունն, այնուամենայնիվ, հավատարիմ է մնացել թուրքերի ազգային բացառիկության գաղափարին: Ըստ էության մարգինալ կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում լուրջ հաջողության հասավ ակնհայտ շովինիստական բովանդակությամբ վուլգար կարգախոսների շնորհիվ: Բախչելին իր կարիերան ստեղծեց քուրդերի եւ անձամբ Աբդուլա Օջալանի հանդեպ թուրքերի ունեցած ատելության շահարկմամբ: Դովլաթ Բախրելիի որդեգրած Եվրախորհրդի զիջումների հանդեպ Թուրքիայում տարածված անհանդուրժողական գաղափարները համընկնում են մահապատժի պահպանման եւ քրդերեն ռադիոհեռարձակման եւ ուսուցման արգելքի վերացման անթույլատրելիության հետ:

Ինչպես Արեւելքը, այնպես էլ Թուրքիայի հարեւանների մեծ մասը շահագրգրռված են, որ Ջեմի, Դերվիշի եւ Օզկանի ստեղծած նոր կուսակցությունն արագորեն ոտքի կանգնի եւ կարողանա ազգայնականների իրական այլընտրանքը դառնալ: Եթե խորհրդարանում «եվրոպացի» եռյակին հաջողվի բավականաչափ համակիրներ գտնել եւ ձեւավորել բազմամարդ պատգամավորական խումբ , նախագահ Սեզերն իրավասու կլինի նոր կառավարության ձեւավուրումը հանձնարարել ոչ թե Բախչելիին, այլ` նոր կուսակցության ղեկավարին: Միայն այդ դեպքում Հայաստանը կարող է հուսալ Անկարայի հետ սկսված երկխուսության շարունակությունը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---