ԱՅՆ ԻՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՅԵՐԻՆ, ԹՈւՅԼԱՏՐՎՈւՄ Է ԿԻՊՐՈՍԱԲՆԱԿ ԹՈւՐՔԵՐԻՆ

Ինքնահայտարարված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը» չի համաձայնել ինքնավարման սահմանափակումների հետ:

Հերթական անգամ թուրքերը ձախողել են ՄԱԿ-ի առաջարկած կիպրոսյան խնդրի կարգավորման պլանը: Մոտ երեք ամիս շարունակվող բանակցություններից հետո ինքնահայտարարված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ղեկավար Ռաուֆ Դենկտաշը մերժել է միջնորդների նախաձեռնությունը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի պլանն անվանելով անընդունելի:
PanARMENIAN.Net - Կիպրոսի օրինական կառավարության նորընտիր նախագահ Պապադոպուլոսը, նախապես հայտարարելով առաջարկված զիջումներին գնալու պատրաստակամության մասին, բանակացության ձախուղման մեջ մեղադրել է թուրք զավթողական վարչակարգի ղեկավարին: Նմանատիպ գնահատակ են տալիս նաեւ միջնորդները: Դենկտաշի ոչկառուցողական մոտեցման մասին են խոսում նույնիսկ Անկարայում, որտեղ զգուշանում են, որ չճանաչված պետության ղեկավարի չափազանց արմատականությունը կարող է խանգարել Թուրքիայի անդամագրմանը Եվրամիություն: Հաագայում ընթացող բանակցությունների արդյունքը հավաստեց այն, որ թուրքական կողմն ընդհանրապես պատրաստ չէ որեւէ զիջման գնալու: Արդեն դրանում չեն կասկածում ոչ ոք, քանի որ առաջարկության հիմքում ընկած էր երկհանրության ֆեդերացիայի սկզբունքին առավելագույնս մոտ սխեման, որը մինչ այժմ պնդում էր Դենկտաշը: Նույնիսկ երկու համայնքների իրավահավասարության երաշխիքներ ապահովելով` միջնորդները չկարողացան համոզել թուրք առաջնորդին հրաժարվելու գրավված հունական տարածքների թեկուզ մի մասից:

Կիպրոսյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները բնական հետաքրքրություն են առաջացրել հայ-ադրբեջանական խնդրի կողմերի մոտ, քանի որ, չնայած նշանակալից տարբերությունների, որոշ նմանություններն ակնհայտ են կիպրոսյան եւ ղարաբաղյան հիմնախնդիրներում: Միջազգային հանրությունը շատ հաճախ փորձում է հավասարության նշան դնել արցախյան ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ կղզու թուրք բնակչության ինքնորոշման հավակնությունների միջեւ: Այս տեսանկյունից մեզ համար խիստ հատկանշական է, որ ՄԱԿ-ի միջնորդները առավել հետեւողականորեն հակված են ընդունելու կիպրոսյան հակամարտության կողմերի իրավահավասարությունը: Ավելին, մեծ տերությունները պատրաստ են համակերպվել կիպրոսաբնակ թուրքերի համառության հետ, որոնք հրաժարվում են որեւէ այլ կարգավիճակից, բացի սուվերեն լինելուց:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջադրած պլանը նախատեսում է իրավահավասար կրթության վրա հիմնված ընդհանուր պետության ստեղծում, որը կձեւավորեն կենտրոնական իշխանության կառույցները փոխհամաձայնության սկզբունքով: Նախագահը պետք է ընտրվեր օրենսդիրների կողմից ռոտացիոն հիմքով` հույները եւ թուրքերը յուրաքանչյուր 10 ամիսը մեկ պետք է փոխարինեին իրար: Նմանատիպ մեխանիզմ էր գործելու նաեւ վարչապետի դեպքում: Ինչ վերաբերում է երկու համայնքների ներկայացուցիչներից բաղկացած կառավարությանը, ապա կողմերից յուրաքանչյուրը նախարարների խորհուրդը որոշելու վետոյի իրավունք էր ունենալու: Երկպալատանի խորհրդարանի օրենքները պետք է ընդունվեին փոխհամաձայնությամբ: Միեւնույն ժամանակ միասնական պետության երկու բաղադրիչներն էլ պետք է պահպանեին սեփական խորհրդարանները եւ կառավարությունները:

Կիպրոսի թուրքական համայնքին առաջարկվել էր առավել բարձր կարգավիճակ, քան ժամանակին նախատեսում էր հայտնի «փարիզյան սկզբունքները», որը Հեյդար Ալիեւի հավանությանն էր արժանացել, սակայն այդպես էլ հետագա բանակցությունների հիմք չէր դարձել: Նկատենք, որ տեղաբնակ լինելով` հույները բավականչափ իրավունք ունեին մերժելու եկվոր թուրքերի ինքնորոշման հավակնությունները: Սակայն Կիպրոսի օրինական կառավարությունը, խաղաղության եւ կայունացման մասին հոգ տանելով, համաձայնել է միասնական պետության ստեղծմանը: ՄԱԿ-ի պլանը մերժել է հենց թուրաքական կողմը, որը, թվում էր, թե պետք է օգտվեր ընձեռնված հնարավորությունից ամրապնդելու իր փաստացի ինքնուրույնությունը: Իսկ եթե թուրք զավթողականների հայտարարած պետությունը հավակնում է ավելիին, քան միասնական պետության կարգավիճակն է, եւ միջազգային հանրությունն էլ պատրաստ է դա հաշվի առնել, ապա կարելի է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի տեղաբնակների պահանջներն ավելի քան համեստ են: Միեւնույն ժամանակ, ակնհայտ է դառնում Ադրբեջանի ընդունած դիրքորոշման չպատճառաբանված լինելը: Չէ որ Բաքուն մերժում է կարգավորման այն մոդելը, որը կենտրոնական իշխանությանը նախատեսում է տալ ավելի շատ իրավունք, քան տրվելու է միասնական Կիպրոսի կառավարությանը:

Մեծ տերությունները, դատելով այս ամենից, չեն պատրաստվում ճնշում գործադրել կիպրոսաբնակ թուրքերի վրա: (Դեկտաշի մերժմանը` Եվրոպայի միակ պատասխանը կլինի Նիկոսիան Եվրամության մեջ ընդգրկելը): Եթե միջնորդները չեն վախենում երկակի ստանդարտների դրսեւորման մեջ մեղադրվելուց, ապա հայ-ադրբեջանական հակամարտության դեպքում նրանք պետք է ընդունեն Ղարաբաղի ինքնուրույնությունը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---