ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈւՆԱԿՈւՄ Է ՄՆԱԼ ԱՀԱԲԵԿՉՈւԹՅԱՆ ԱՂԲՅՈւՐ

ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի եւ Ադրբեջանի կառավարության միջեւ նկատվում են «որոշ անհարմարություններ» եւ «անըմբռնողականություն»:

ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Բորիս Միլնիկովի այցը Բաքու հերթական առիթը դարձավ Հայաստանին վարկաբեկելու համար: Համագործակցության շրջանակներում ստեղծված հատուկ ծառայության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբբասովը կրկին անգամ փորձեց պնդել այն, որ «Երեւանից ահաբեկչության վտանգ է սպառնում»: Մինչդեռ ռուս գեներալի այցը կապված էր հենց Ադրբեջանում ահաբեկչության աղբյուրները չեզոքացնելու հետ: Այդ երկրի հատուկ ծառայությունները մինչ օրս պատրաստակամություն չեն ցուցաբերել պայքարելու այդ չարիքի դեմ: Միլնիկովը հաստատեց, որ ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի եւ Ադրբեջանի կառավարության միջեւ նկատվում են «որոշ անհարմարություններ» եւ «անըմբռնողականություն»
PanARMENIAN.Net - «1991թ.-ից սկսած մենք պայքար են մղում հայկական ահաբեկչության դեմ,- հայտարարել է Նամիկ Աբբասովը Բորիս Միլնիկովի հետ հանդիպման ժամանակ,- 200 տարի առաջ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ Ադրբեջանի բաժանման պահից մեր երկիրը մշտապես զգացել է հայերի թշնամությունը: Ադրբեջանի անկախացումից հետո հայկական հատուկ ծառայությունների իրականացրած ահաբեկչական գործողությունների արդյունքում իրագործվել են 373 ահաբեկչական ակցիաներ, որոնց հետեւանքով զոհվել են 1568 մարդ եւ գրեթե երկու հազարը վիրավորվել են»: Ադրբեջանական նախարարն առանձին ուշադրություն է հատկացրել նախագահ Ալիեւի հանդեպ 7 մահափորձերի եւ բազմաթիվ պետական հեղաշրջումների փորձերի վրա, որոնք, պարզվում է, նույնպես կապվում են Երեւանի հետ:

Անիմաստ է մեկնաբանել Աբբասովի ղեկավարած գերատեսչության սարքովի վիճակագրությունը: Մեր կողմից նշենք, որ ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Հայաստանի առաջնորդները նախընտրում են չխոսել այն մասին, որ միայն 1994-96 թվականների ընթացքում սահմանամերձ Բագրատաշենի շուկայում ադրբեջանական հատուկ ծառայություններն իրականացրել են 10 ահաբեկչական գործողություններ, որոնց արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել, շատերը ստացել են ծանր վնասվածքներ: Միայն 1993-94 թվականներին ադրբեջանցիք 13 պայթյուն են իրականացրել Հայաստան մտնող գազամուղի տարածքում: Կարիք չկա ամեն անգամ ռուս գործընկերներին հիշեցնել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության բացահայտված լրտեսների մասին, որոնք հատուկ ուղարկվել էին Երեւան ահաբեկչական գործողություններ եւ դիվերսիաներ կազմակերպելու իրենց պատրաստակամությունը առաջարկելու նպատակով: (Ի. Ահունդով, Ռ. Աբջանիձե, Գ. Ալադաշվիլի, Մ. Օջավերդիեւ եւ այլոք): Եթե Նամիկ Աբբասովը ժամանակ չծախսեր ստերի հորինման վրա, այլ իսկապես կենտրոնանար իր անմիջական պարտականությունների վրա, ապա հնարավոր է, որ Ադրբեջանին հաջողվեր խուսափել միջազգային ահաբեկչության կենտրոն համարվող պետության հեղինակությունից: Հայտնի է, որ դեռեւս 90-ականների սկզբին Ադրբեջանում սկսվեցին ձեւավորվել մի շարք ահաբեկչական կազմակերպությունների բջջիջները: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ «Ալ Քաիդայի» Բաքվի բազան մինչ վերջերս ամենավստահելին էր աշխարհում: Ապացուցված է, որ հենց Ադրբեջանի մայրաքաղաքից են Ուսամա բեն Լադենի էմիսարները համակարգել Քենիայում եւ Տանզանիայում ԱՄՆ-ի դեսպանատների պայթյունների իրագործումը: Գործողության սկսման հրամանի ֆաքսն ուղարկվել էր Բաքվից: Բացի «Ալ Քաիդայից», այստեղ հիմնավորվել էին նաեւ «Իսլամական Ջիհադ», «Ջեհշուլախ», «Խիզբութ Թահրիր», «Իհվանուլ մուսլիմին», «Խեզբոլլախ», «Գութբիյե» ահաբեկչական կազմակերպությունները: Ադրբեջանական քաղաքագետ Ռովշան Նովրուզօղլու տվյալներով, Ադրբեջանում մինչ օրս գործում են արաբական երկրներից ղեկավարվող «Ալ Ախսար» (Եգիպտոս), «Ազ-Զեյթուն» (Թունիս), «Մարգարե» (սաուդյան Արաբիա), «Աբի-Նուր» (Սիրիա) ծայրահեղական խմբավորումները, ինչպես նաեւ Սուդանի, Լիբանանի եւ այլ պետությունների նմանատիպ կազմակերպությունները: Անցյալ տարվա վերջին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Հանձնաժողովը տարածեց մամլո հաղորդագրություն, որտեղ խոսվում էր այն մասին, որ Ադրբեջանում գործում են «Ալ Քաիդայի» հետ սերտ կապեր ունեցող «Գլոբալ ռելիեֆ հիմնադրամի» եւ «Միջազգային բարեգործական հիմնադրամի» մասնաճյուղերը: Հենց Բաքվում էին թաքնվում «Ալ Քաիդայի» ակտիվ գործիչներ Աբդել Ռախման Ֆահրին, Ահմեդ Սալամա Մաբրուքը, Իսամ Հաֆիզ Մաբրուքը, Յասիր էլ-Սիրրին եւ Իբրահիմ Էյդարուզը: Նրանք մասնակցել էին 1995թ.-ին Նայրոմիում ԱՄՆ-ի դեսպանատան պայթյունի կազմակերպմանը: Հաստատված է, որ սեպտեմբերի 11-ի գլխավոր կազմակերպիչներից մեկը, «Ալ Քաիդայի» հետ միաձուլված «Իսլամական Ջիհադ» կազմակերպության ղեկավար դոկտոր Այման Ալ-Զավախիրին մեկ անգամ չէ, որ անձամբ այցելել է Բաքու, որտեղ հրահանգներ է տվել իր ներկայացուցիչներին: Ադրբեջանի հյուսիսային շրջաններում մինչ օրս գործում է Զավախիրի ղեկավարած «Գուրջիստան» ահաբեկչական խմբավորման բջիջը, որի գլխավոր նպատակն է վերահսկողություն սահմանել Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթատարի վրա:

Այս ամենն ադրբեջանական հատուկ ծառայությունների անկարողության կամ ահաբեկչության դեմ պայքարել չցանկանալու արդյունք է: «Երեւանից բխող ահաբեկչության վտանգի» մասին բարձրագոչելով` պարոն Աբբասովը հազիվ թե կարողանա մասնագետների ուշադրությունը շեղել իր ղեկավարած գերատեսչության անկարողության ակնհայտ փաստից:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---