ԼԵՀԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԱԾ ԹՎՈՎ 17-ՐԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Լեհաստանի Սեյմը երիտթուրքերի կառավարության գործունեությանն ուղղված իր գնահատականը տվեց:

Լեհական խորհրդարանի ներքին պալատի ընդունած «հայկական բանաձեւի» նախապատրաստական աշխատանքները երկար չտվեցին: Պաշտոնական Անկարան նույնիսկ չհասցրեց քայլեր ձեռնարկել Սեյմում այդ հարցի քննարկումը խոչընդոտելու ուղղությամբ: Առաջիկայում բանաձեւը կփոխանցվի Վերին պալատ: Կասկած չկա, որ Սենատում էլ գործն առաջ կգնա: Այսպիսով, կարելի է պնդել, որ աշխարհի արդեն 17 երկիր հայերի Ցեղասպանությունը համարում են անառարկելի փաստ: Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Կանադայի, Իտալիայի, Վատիկանի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Հունաստանի, Կիպրոսի, Սլովակիայի, Ուրուգվայի, Արգենտինայի, Լիբանանի օրենսդիր մարմինները:
PanARMENIAN.Net - Լեհ օրենսդիրների ընդունած բանաձեւը շատ քիչ բանով է տարբերվում այլ երկրների ընդունած նման փաստաթղթերից: Այնտեղ ասված է ամենակարեւորը` 1915 թվականի իրադարձությունները գնահատվում են որպես ցեղասպանություն, եւ ընդգծվում է, որ դրա դատապարտումը համայն մարդկության պարտականությունն է: Հատկանշական է, որ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը մեծ ջանքեր չգործադրեց բանաձեւի ընդունումը ձախողելու համար: Այսպիսով, ակնհայտ է, որ Վարշավան չի վախենում Անկարային հակադրվելուց: Պետք է նշել, որ արտաքին քաղաքականության հարցերում Լեհաստանը միանշանակորեն կողմնորոշվում է դեպի ԱՄՆ, եւ ընդունված է համարել, որ լեհ դիվանագետներն իրենց որոշումները ձգտում են համաձայնեցնել Վաշինգթոնի հետ: Եթե այդպես է, ապա տվյալ դեպքում Վարշավան ինքնագործունեություն է թույլ տվել: Չէ որ օվկիանոսից այն կողմ հազիվ թե ոգեւորվեն այն բանի գիտակցումից, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը կարող է պայմանավորված լինել Անկարայի կողմից երիտթուրքերի վարչակարգի իրականացրած հանցագործության ընդունմամբ: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ լեհական սեյմի ընդունած բանաձեւը հզոր ազդակ կարող է դառնալ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի համար: Լեհաստանը Եվրամիության պարզապես 25 անդամ-պետություններից մեկը չէ, այլ տարածաշրջանային առաջատար պետության դերի հավակնորդն է: Տարեցետարի աճում է նրա ազդեցությունը միացյալ Եվրոպայում:

Ցեղասպանությունը ճանաչած երկրների ցուցակի լրացման գործընթացի վերլուծության փորձերը թույլ են տալիս նկատել որոշակի միտումներ: Հայերի ցեղասպանությունն առաջինն ընդունած երկրներում ուժեղ էին հայկական համայնքների դիրքերը: Ցեղասպանության միջազգային ճանաչման վերջին շրջանի ալիքն անցավ այն պետություններով, որտեղ հայերն այնքան էլ շատ ռեսուրսներ չունեին օրենսդիրների վրա ազդելու համար: Ոչ Լեհաստանում, ոչ Հոլանդիայում ազդեցիկ հայկական համայնքներ չկան: Սա հակառակն է ապացուցում Անկարայի այն հայտարարության, թե եվրոպական երկրների խորհրդարանականներն առաջնորդվում են հայ ընտրողների շահերով: Իրականում, երբեմն նույնիսկ հակառակն է լինում: Մինչ օրս Ցեղասպանությունը չեն ճանաչել հենց այն երկրները, որտեղ հայ համայնքն ամենամեծն է: Դրանք են Վրաստանը, Սիրիան եւ Իրանը:

Վերջին տարին ցեղասպանության միջազգային ճանաչման տեսանկյունից բավականին արդյունավետ էր: Անցայլ տարվա ապրիլից մինչ օրս «հայկական բանաձեւեր» են ընդունել Կանադայի, Սլովակիայի, Նիդեռլանդների խորհրդարանները: Եվրախորհրդարանն ընդունեց փաստաթուղթ, որտեղ հիշատակվում է 1987թ.-ի բանաձեւը, որում ճանաչվում է ցեղասպանության փաստը: Շուտով ցեղասպանության հարցը քննարկվելու է Գերմանիայի եւ Հունգարիայի խորհրդարաններում` երկրներ, որոնք համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի դաշնակիցներն էին: 1915թ.-ի իրադարձություններին համապատասխան գնահատակններ են տվել Գրինեթ բրիտանական կոմսության խորհուրդը, Ավստրալիայի մի քանի քաղաքապետարաններ: Նկատելի է նոր միտում` քաղաքային եւ նահանգային մարմինների կողմից ցեղասպանության ճանաչումը: Սա կարեւոր քաղաքականություն է, քանի որ պարտավորեցնում է կենտրոնական իշխանությանը: Ցեղասպանությունն արդեն ճանաչվել է Իտալիայի 36 եւ Ֆրանսիայի 30 քաղաքներում, Շվեյցարիայի երկու կանտոններում եւ Ուելսի խորհրդարանում: Հայերի ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած ամերիկյան նահանգների թիվը հասել է 37-ի: Այս ցուցակը վերջերս համալրեցին Վերմոնտը, Նեբրասկան, Թեննեսին եւ Լուիզիանան: Հարցն ամբողջությամբ չի հանվել ԱՄՆ կոնգրեսի օրակարգից: Հիշեցնենք, որ միջազգային գործերով Հանձնախմբի ենթահանձնաժողովն անցյալ տարի հաստատեց մի օրինագիծ, որով հայերի ցեղասպանությունը հիշատակվում է հոլոքոստի, Կամբոջիայի եւ Ռուանդայի ցեղասպանությունների կողքին: 1915թ.-ի իրադարձությունները ցեղասպանություն են համարում ներկայացուցիչների պալատի 425 անդամներից 167-ը: Նրանցից 60-ը պնդում է հարցի ընդգրկումը օրակարգում: Մյուսները կմիանան, եթե նկատեն վարչակարգի դիրքերի թուլացում:

90-ամյա ողբերգությունները նշվում են ցեղասպանության ճանաչման միջազգային արշավի ակտիվացման ֆոնի վրա: Եթե ցեղասպանությունից 8 տասնամյակ հետո այն ճանաչել էր միայն երկու պետություն, ապա վերջին տաս տարում երիտթուրքերի կառավարության գործունեությանը օբյեկտիվ գնահատական է տվել արդեն 15 պետություն: Եվ կասկած չկա, որ ցեղասպանության 100 ամյակին ամբողջ աշխարհը հայերի կողքին կկանգնի:

Արտյոմ Երկանյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---