Ֆրանսիայի նոր դեմքը

Նիկոլա Սարկոզին պատրաստվում է Միջերկրածովյան միություն ստեղծել հյուսիսաֆրիկյան երկրների հետ: Թուրքիան այդ միությունում չկա

Ֆրանսիայի պատմության ընթացքում առաջին անգամ երկրի նախագահ դարձավ մի մարդ, ով միայն մեկ քառորդով է հանդիսանում ֆրանսիացի: Նիկոլա Սարկոզիի հաղթանակը արդեն բազամթիվ տարբեր արձագանքներ եւ մեկնաբանություններ է ստացել ինչպես համաշխարհային մամուլում, այնպես էլ քաղաքական գործիչների շրջանում: Ընտրությունների արդյունքների հայտարարումից անմիջապես հետո կայացած իր ելույթում Սարկոզին հայտարարել է. «Լինելով իսկական եվրոպացի` ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Ֆրանսիան վերադառնա Եվրոպա, սակայն դա պետք է լինի այն Եվրոպան, որը պաշտպանում է իր քաղաքացիներին, այլ ոչ թե գլոբալիզացման «տրոյական ձին», որը կարող է սպառնալիքի տակ դնել տարբեր եվրոպական երկրներում գոյություն ունեցող հասարակական ձեռքբերումները»:
PanARMENIAN.Net - Նախագահ Սարկոզիի առաջին պաշտոնական այցելությունն սպասվում է Գերմանիայում, եւ ինչ էլ չխոսեին «նոր քաղաքականության» մասին, Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունում թողած Ժակ Շիրակի ժառանգությունը դեռ շատ երկար կիրականացվի: Ճիշտ է, Ռուսաստանի հետ հարաբերություններում Սարկոզին ավելի հանգիստ կլինի, քան նրա նախորդները: «Բարեկամների» շրջանն անցյալում է, եւ նույնիսկ նախագահ Պուտինը Ժակ Շիրակի համար չդարձավ այն, ինչ Բորիս Ելցինն էր: Կարելի է ասել, որ Սարկոզին նոր Ֆրանսիան է, որն իր հարաբերությունները մնացյալ աշխարհի հետ կառուցում է այլ սկզբունքներով, ավելի պրագմատիկ, որը բացառում է անձնական պահը: Ինչպիսին էին, օրինակ, նախկին նախագահի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Նիկոլա Սարկոզիի ելույթի այդ հատվածն ամենատարօրինակն էր: «Ամերիկան կարող է մեր բարեկամության հույսն ունենալ, եւ Ֆրանսիան միշտ կլինի կողքին: Սակայն բարեկամությունը նաեւ ենթադրում է այլ ձեւ մտածելու հնարավորություն: Ամեն դեպքում, Ֆրանսիան իր դիրքերն է պաշտպանելու տարաձայնությունների դեպքում»,- ասել է նա: Իդեպ, Սարկոզին ֆրանսիացի քաղաքական գործիչներից միակն էր, ով վերջերս հանդիպել է նախագահ Բուշին:

Սակայն ամենահետաքրքրականը Սարկոզին պահել էր վերջում: Նոր ֆրանսիացի նախագահը պատրաստվում է Միջերկրածովյան միություն ստեղծել հյուսիսաֆրիկյան երկրների հետ: Թուրքիան այդ միությունում չկա: Եթե Սարկոզիի նախընտրական հայտարարությունները ԵՄ-ում Թուրքիայի դեմ չփոխվեն, ապա առաջիկա 7 տարիների ընթացքում Թուրքիան կարող է մոռանալ Եվրոպայի մասին: Ճիշտ է, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուսով է, որ «ֆրանսիացի նախագահը նախընտրական հայտարարություններից կանցնի հարաբերությունների բարելավմանը, որոնք վերջերս շատ են սառել», գրում է Turksih Daily News-ը: Թուրքիայում հուսով են, որ Սարկոզին վետո կդնի Հայոց ցեղասպանության հերքման քրեականացման օրինագծի ընդունման վրա եւ, եթե դատենք թուրք-ադրբեջանական մամուլից, կհրաժարվի «լսել Ֆրանսիայի հայ համայնքին»: Բաքվում, չգիտես ինչու, հուսով են, որ նոր նախագահը ավելի մոտ կլինի Ադրբեջանին, քան նրան նախորդածները: Որպես փաստարկ բերվում է Մեհրիբան Ալիեւի վերջերս կատարած այցելությունը Ֆրանսիա...

Հասկանալի գործ է, որ մեր հարեւանները շատ կցանկանային, որպեսզի Ֆրանսիայի եւ Հայաստանի հարաբերությունները վատանային: Սակայն պետք չէ մոռանալ պատմությունը. հենց Ֆրանսիան առաջիններից էր, ով իր ձայնը բարձրացրեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության դեմ եւ հազարավոր գաղթականներ ընդունեց: Իսկ ինչ վերաբերում է անուններին, ապա իրենց հայրենիքը դարձած Ֆրանսիայի համար հայերն այնքան են արել, որ հարաբերությունները երկրների միջեւ արդեն կախված չէ նախագահներից:

Սակայն, ցավոք, միայն ընտրություններով ոչինչ չի որոշվում: Սեգոլեն Ռուայալը RTL ռադիոյի եթերում հայտարարել է, որ եթե Սարկոզին հաղթի ընտրություններում, ամբողջ երկրով բռնությունների ալիք կանցնի եւ, առաջին հերթին, անբարեհաջող արվարձաններում: Ֆրանսիացիներից շատերը պարզապես ապշել էին նման սադրիչ հայտարարություններից` դրանում տեսնելով անկարգության բացհայտ կոչեր: Առավել եւս, որ այդ կոչը լսեցին:

Ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո, որոշ քաղաքներում` Լիոնում, Նանտում եւ Փարիզում, բախումներ են տեղի ունեցել Ռուայալի երիտասարդ տաքարյուն կողմնակիցների եւ ոստիկանության ու Սարկոզիի օգտին քվերակածների միջեւ: Մոտ 400 ավտոմեքենա այրվել է, խանութներ են թալանվել: Ամբոխին ցրելու համար, ոստիկանությունը ստիպված էր արցունքաբեր գազ կիրառել, այսիքին իրեն դրսեւորեց այնպես, ինչպես անցյալ տարի այն ժամանակ, երբ Փարիզի արվարձաններում զանգվածային անկարգություններ էին: Իդեպ, հենց Սարկոզին, ով այն ժամանակ ՆԳՆ ղեկավարն էր, վերականգնեց կարգուկանոնը: Դժվար թե նա թույլ տա` իրավիճակը կրկնվի: Սակայն, չգիտես ինչու, Ֆրանսիայում եւ մյուս ժողովրդավարական երկրներում ցույցերի ցրումը ուժային միջոցներով նորմալ երեւույթ է համարվում, իսկ այլ երկրներում` մարդու իրավունքների ոտնահարում...
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---