Մոսկվա-Թեհրան-Երեւան առանցքի ստեղծման գաղափարն այնքան էլ անհավանակ չի թվում

Ռուսաստանը, Եվրոպա գազի մատակարարման ուղիների դիվերսիֆիկացիան խախտելով, պահպանել է իր դերը էներգետիկ ասպարեզում եւ դիրքերը Արեւմուտքի հետ երկխոսությունում

Անցյալ դարի 90-ական թվականներին հնչած միտքը Մոսկվա-Թեհրան-Երեւան առանցքի ստեղծման մասին կարող է իրականություն դառնալ առաջիկա հինգ տարիների ընթացքում, եթե ոչ ավելի շուտ: Առաջին քայլերն այդ ուղղությամբ կարող են դառնալ Մերձկասպյան գազատարի կառուցման մասին որոշումը եւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը այդ կազմակերպությանն Իրանի անդամակցության մասին:
PanARMENIAN.Net - «Ինչ վերաբերում է Իրանին` որպես Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակցի, ապա մենք համգործակցում ենք Իրանի հետ, հատկապես նարկոտրաֆիկի հարցերով: ՀԱՊԿ-ը բաց կազմակերպություն է եւ եթե դիմում լինի Իրանի կողմից, ապա այն կդիտարկվի: Ես չեմ ասի, որ Իրանին կընդունեն, սակայն դիմումը կդիտարկվի, ինչպես ցանկացած այլ պետության դեպքում»,- ասել է Բորդյուժան ըստ ՌԻԱ «Նովոստիի»: Ճիշտ է, Ռուսաստանն ու Հայաստանն ընդհանուր սահման չունեն, սակայն Իրանն ունի եւ հենց այդ պատճառով այս գաղափարը կարող է լրիվ հաջող թվալ:

Ենթադրվող միության օգտին է խոսում նաեւ Մերձկասպյան գազատար կառուցելու մտադրությունը: Այն բանից հետո, երբ Ղազախստանը հրաժարվի նավթ մատակարարել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ուղիով, Ղազախստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի միջեւ հռչակագրի ստորագրումը կարելի է ընդունել որպես Աստանայի ցանկություն` վերադառնալու «հին բարեկամին», այիսինքն` Ռուսաստանին: Ազգային ռազմավարության խորհրդի գլխավոր տնօրեն Վալերիա Խոմյակովան, ընդհանուր գազատար կառուցելու մասին հռչակագիրը քաղաքական որոշում է անվանել: «Ռուսաստանը, դրդրելով իր ասիացի գործընկերներին մերձկասպյան գազատար կառուցելուն, բացի տնտեսական շահերից ստացավ նաեւ չափազանց շահավետ դիրքորոշում, թուլացնելով ԱՄՆ-ի ազդեցությունն այդ տարածաշրջանում: Մեծ հաշվով, Ամերիկան նույնիսկ չի կարող որեւէ կերպ խոչընդոտել, նրանք պարզապես այդ հայտարարությունների հարցով գնահատակններ տալու եւ հայտարարություններ անելու իրավունք էլ չունեն: Առավել եւս, որ նրանց նախագահական ընտրություններ են սպասվում, եւ չարժէ արտաքին քաղաքականության ակտիվացում սպասել: Ռուսաստանը պարզապես առավել ամրապնդել է իր դիրքերը ԱՄՆ-ի հետ բանակցություններում` նոր փաստարկներ ստանալով մեր երկկողմանի վեճերում, օրինակ Արեւելյան Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ-ի տեղակայման հարցով: Մեծ հաշվով, այս համաձայնագրերը Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականության ամենամեծ ձեռբերումներից է»,- հայտարարել է «Ռոսիյսկայա գազետա»-ի փորձագետը:

Փորձագետների մեծ մասը ենթադրում է, որ ներկա դրությամբ Ռուսաստանը փաստորեն խաչ է քաշել Արեւմուտքում ակտիվորեն քննարկվող հայեցակարգի վրա` Ռուսաստանին շրջանցող Եվրոպա գազի մատակարարման ուղիների դիվերսիֆիկացիայի մասին, պահպանել է իր դերը էներգետիկ դաշտում եւ դիրքերը Արեւմուտքի հետ երկխոսությունում: Չէ որ հասկանալի է, որ լուրջ մատկարարի հետ, որից կախում ունեն, այլ կերպ են խոսում:

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ էներգետիկայի նախարար Սեմյուել Բոդմանը հայտարարել է, որ Եվրոպան պետք է դիվերսիֆիկացնի իր էներգետիկ աղբյուրները, հակառակ դեպքում նա ավելի շատ կախման մեջ կընկնի Ռուսաստանից: Բոդմանի խոսքերով, Մերձկասպից գազատարի կառուցումը լավ չէ Եվրոպայի համար: «Դա մարտահրավեր է նրան, ինչ պետք է (Եվրոպային), այսինքն մատակարարների դիվերսիֆիկացիա: Եվրոպան պետք է նկատի ունենա Ռուսաստանի ծրագրերը եւ համապատասխան ձեւով ճշտի իրենց վերաբերմունքը դրանց նկատմամբ»: Միացյալ Նահանգները, եվրոպական երկրները եւ Չինաստանը ցանկություն ունեն ուղիղ ելք ստանալ թուրքմենական գազին, որի մեծ մասը այժմ Ռուսաստանին է հասնում շուկայականից ցածր գներով, նշում է Reuters գործակալութունը:

ԱՄՆ-ն եւս ակտիվորեն կպայքարեն այս նախագծին Իրանի մասնակցության դեմ: Բավական չէ, որ Ռուսաստանը պաշտպանում է Իրանին միջուկային ծրագրի հարցում, հիմա էլ ռազմական դաշինքում ենթադրվող անդամակցություն եւ տարածաշրջանում ավելի ուժեղ խաղացողի դերում տեսնելու ցանկություն: Հայաստանի համար, իր ներկա վիճակում, բոլոր այս համաձայնագրերը կարող են դրական դեր խաղալ: Առաջին հերթին, կաճի պետության էներգետիկ եւ ռազմական անվտանգությունը, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան դեռ որեւէ կերպ չի մասնակցում գազատարի կառուցմանը: Չնայած, հաշվի առնելով ռուս-թուրքական հարաբերությունների հին ավանդույթները, չի բացառվում Թուրքիայի մասնակցությունը Մերձկասպյան նախագծում: Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցության մեկ օրինակ արդեն ունեն. «Երկնագույն հոսք» նախագիծը, որով ռուսական գազը գնում էր Թուրքիա: Ճիշտ է, կարճ ժամանակաշրջան: «Երկնագույն գազը» սկսել է գործել երեք տարի ուշացումով` 2003 թվականի փետրվարին: Իսկ արդեն մարտին Թուրքիան դադարեցրել է գազ ներկրել Ռուսաստանից, փաստորեն հայտարարելով, որ չի կատարում իր պարտավորությունները:

Սակայն չարժէ մոռանալ, որ Թուրքիան շատ նյարդային է վերաբերվում նոր նախագծին, առավել եւս այն որոշակի առավելություն է տալիս նաեւ Հայաստանին: Որքան արագ այդ գաղփարները կյանքի կկոչվեն, ժամանակը ցույց կտա:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---