Մերձկասպյան պետությունների գագաթնաժողոն ավարտվեց: Կարգավիճակի վերաբերյալ հարցերը մնացին

Կասպից ծովի երկրներին հարկավոր է պայմանավորվել մերձկասպյան պետություններից մեկի դեմ ագրեսիայի, կամ ռազմական այլ գործողությունների դեպքում սեփական տարածքը չտրամադրելու հարցի շուրջ

Անցյալ շաբաթ Թեհրանում անցավ մերձկասպյան պետությունների երկրորդ գագաթնաժողովը, որը կարծես թե տեսադաշտից դուրս մնաց Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձեւի պատճառով: Սակայն գագաթնաժողովը, որին ներկա էին Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի նախագահները, չափազանց կարեւոր էր Կասպից ծովի իրավական կարգավիճակի մշակման տեսակետից, որը ԽՍՀՄ փլուզումից հետո մնում է անորոշ:
PanARMENIAN.Net - Երկրների նախագահների ելույթներում բավականին հստակ արտահայտվում էր մեկ միտք` քանի դեռ Կասպից ծովը բաժանված չէ սեկտորների եւ համապատասխան որոշում ստորագրված չէ, որը կկանոնակարգեր նավթի արդյունահանումն ու ձկան որսը, ոչ մի հայտարարություն աշխարհում լուրջ չի ընկալվի: Ինչպես հայտարարեց, ելույթ ունենալով գագաթնաժողովում, Թուրքմենստանի նախագահ Ղուրբանկուլի Բերդիմուհամեդովը, «Թուրքմենստանի համար անընդունելի է մնում Կասպից ծովում միակողմանի գործողությունների կարգը, առաջին հերթին, նավթային աշխատանքների կատարումն այն հատվածներում, որտեղ կողմերի պայմանավորվածությունը բացակայում է»: Նախագահն ընդգծել է, որ Թուրքմենստանը խստորեն պահպանում է միջազգային իրավունքի համընդհանուր նորմերն ու սկզբունքներն, ուղղված ինքնիշխանությունը հարգելուն եւ տարածաշրջանային գործընկերների հանդեպ արդարության պահպանմանը: «Նման վերաբերմունք պիտի լինի նաեւ Թուրքմենստանի օրինական իրավունքների եւ շահերի հանդեպ»,-ասել է Բերդիմուհամեդովը: Դիտորդները կարծում են, որ Թուրքմենստանի նախագահի ելույթի այդ մասը հասցեագրված էր անմիջապես Ադրբեջանին, որը մշակում է նավթով հարուստ տեղամասը, ուշադրություն չդարձնելով նույնիսկ սեկտորների բաժանմանը, որի մասին երկրները պայմանավորվել են դեռեւս 2002 թվականին` Աշգաբադում կայացած առաջին գագաթնաժողովում:

Ռուսական կողմը, քննարկելով Կասպից ծովի կարգավիճակն, առաջարկում է Կասպից ծովի նոր իրավական կարգավիճակի հիմքում ընդունել «հատակի սահմանազատումը ընդերքի օգտագործման նպատակով, իսկ ջուրն օգտագործել ընդհանուր հիմունքներով», ազգային իրավասության գոտիներ սահմանելով Կասպից ծովի ավազանում, որտեղ մերձկասպյան պետությունները կիրականացնեն սահմանապահ, մաքսային, սանիտարական եւ այլ հսկողություն, ինչպես նաեւ կստանան ձկնորսության բացառիկ իրավունքներ: Ռուսաստանն առաջարկում է նաեւ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայում ներառել մի դրույթ, որը կարգելի ոչ կասպյան պետությունների զինված ուժերի ներկայությունը, կկանոնակարգի մերձափնյա պետությունների նավերի անցման պայմանները Ռուսաստանի ներքին ջրային ուղիներով Կասպից ծովից դեպի Համաշխարհային օվկիանոս եւ հակառակ ուղղությամբ Ռուսաստանի հետ այդ պետությունների երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա:

Արդեն գագաթնաժողովում նախագահ Վ.Պուտինը հայտարարեց, թե Կասպից ծովի երկրներին հարկավոր է պայմանավորվել մերձկասպյան պետություններից մեկի դեմ ագրեսիայի, կամ ռազմական այլ գործողությունների դեպքում սեփական տարածքը չտրամադրելու վերաբերյալ»: Թեեւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել էր, թե Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսները պետք է օգտագործվեն ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների, արդեն տարիներ շարունակ մերձափնյա պետությունները չեն կարողանում պայմանավորվել, թե ինչպես է պետք բաժանել Կասպից ծովը, որը նավթի պաշարների պատճառով անվանում են 21-րդ դարի գլխավոր էներգետիկ պարգեւը: Ըստ գնահատականների Կասպիի նավթի պաշարները կազմում են աշխարհում հետախուզված նավթի 5 տոկոսը: Ծովի նավթի պաշարների հետախուզման գործում ընդգրկված են համաշխարհային մեծ ընկերությունների մեծ մասը:

Ներկայումս, Իրանն առաջարկում է բաժանել Կասպից ծովը հավասարապես հինգ երկրների միջեւ: Այդ դիրքրոշումը շահավետ է Թուրքմենստանի համար, քանի որ այդ դեպքում նա ավելի շատ կստանա, քան համամասնական բաժանման դեպքում, որն առաջարկում է Ռուսաստանը:

Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի, Ղազախստանի նախագահները հռչակագիր են ստորագրել Թեհրանում կայացած Երկրորդ Կասպյան գագաթնաժողովի ավարտին: Յոթ էջից կազմված հռչակագրում համոզմունք է հայտնվում, որ «հինգ մերձկասպյան պետությունների համագործակցության զարգացումը բարեկամության եւ բարիդրացիության հիման վրա պատասխանում է նրանց ժողովրդների արմատական շահերին, կարեւոր գործոն է տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում» եւ պայմանավորվածություն «լուծել բոլոր հարցերը իրավահավասարության եւ փոխշահավետ գործակցության ոգով»:

Հատուկ ընդգծվում է, որ Կասպից ծովը պետք է օգտագործվի բացառապես խաղաղ նպատակով եւ բոլոր հարցերը պետք է լուծվեն մերձկասպյան պետությունների կողմից խաղաղ միջոցներով: «Ոչ մի հանգամանքներում կողմերը թույլ չեն տա օգտագործել իրենց տարածքը կողմերից յուրաքանչյուրի դեմ այլ պետությունների ագրեսիայի կամ ռազմական այլ գործողությունների համար»:Փաստորեն Բաքվին հստակ հասկացրեցին, որ Ադրբեջանի տարածքից, եթե դա հանկարծ պատահի, Իրանին հարվածել ԱՄՆ-ն չի կարողանա: Եվ անշուշտ, ընդհանուր խոսքեր ահաբեկչության, անջատողականության եւ բացասական այլ երեւույթների մասին, որոնք միշտ թղթի վրա են մնում, կյանքի չկոչվելով: Հաջորդ գագաթնաժողովը պետք է տեղի ունենա Բաքվում 2008 թվականին: Սակայն հազիվ թե մեկ տարվա ընթացքում մերձկասպյան երկրները համաձայնագիր մշակեն, որը փորձում են կնքել դեռեւս Պետրոս Առաջինի ժամանակներից:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---