Ադրբեջանը, կարծես, Հռոմի պապից ավելի կաթոլիկ է ցանկանում երեւալ

Մեծ հաշվով, Թուրքիայի համար միեւնույն է, թե ինչպես կլուծվի ղարաբաղյան հակամարտությունը, նրա համար կարեւորը տարածաշրջանային տերության կարգավիճակին հասնելն է, եւ այդ ճանապարհին բոլոր միջոցներն են լավ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան կատարելիք այցի կապակցությամբ Ադրբեջանը, կարծես, Հռոմի պապից ավելի կաթոլիկ է ցանկանում երեւալ: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել հարեւան հանրապետության ԶԼՄ-ներում տեղ գտած իսկական հիստերիան, որոնք «դավաճանության» մեջ են մեղադրում Թուրքիային: Ճիշտ է, պաշտոնական Բաքուն լռում է, սակայն հնարավորություն է տալիս բոլորին արտահայտվել այդ առիթով:
PanARMENIAN.Net - Այն, որ տարբեր քաղաքական եւ հասարակական գործիչների հայտարարություններն արվում են «վերեւից» ստացած հավանությամբ, կասկած չկա, քանի որ Ադրբեջանում բացարձակապես ամեն ինչ վերահսկվում է Ալիեւների կլանի կողմից: Այդ կապակցությամբ հատկանշական է այն, որ չգիտես ինչու լռում է Իլհամ Ալիեւի գաղափարախոս փոխարտգործնախարար Արազ Ալիեւը: ...Փոխարենը խոսում են «հայտնի ադրբեջանցի քաղաքագետներ», մասնավորապես, Ռասիմ Աղաեւը: Ա.Գյուլի «ֆուտբոլային դիվանագիտությունը» ցույց տվեց, որ Թուրքիան վարում է միակողմանի զիջումների քաղաքականություն: Օրինակ, Հայաստանը չընդունեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի առաջարկը հայ-թուրքական խումբ ստեղծելու վերաբերյալ, որը պետք է հետազոտություններ կատարեր արխիվներում եւ կոնկրետ պատասխան տար հայոց «ցեղասպանության» մասին հարցին: Թուրքիային Հայաստանի հետ մերձեցման գնալու են դրդում նաեւ ներքաղաքական գործոնները: Էրդողանի կառավարությունը ձգտում է որքան կարելի է շատ համակրանք ստանա Արեւմուտքից եւ այդպիսով ամրապնդի իր դիրքերը երկրի ներսում»,-գտնում է Աղաեւը:

Սակայն, հավանաբար, բոլորից հեռուն գնաց Ադրբեջանի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն, հայտարարելով, թե «պատմության ողջ ընթացքում Թուրքիան բացառապես այն քաղաքականությունն է վարել, որը ձեռնատու է իրեն»: Տարօրնակ է, միթե կա աշխարհի երեսին մի երկիր, որն այլ սկզբունքներով է ղեկավարվում: Հետաքրքիր տրամաբանություն է` ստացվում է, որ Անկարան պետք է զոհաբերի իր շահերն ի օգուտ Ադրբեջանի, որը չգիտես ինչու լրջորեն ընկալեց Էլչիբեյի եւ Հեյդար Ալիեւի խոսքերն «մեկ ազգի եւ երկու պետությունների մասին»: Մի կողմ թողնենք ադրբեջանցի «վերլուծաբանների» մտորումներն այն մասին, թե ինչ պատիժ կարող է Թուրքիայի համար սահմանել «ինքնիշխան ու անկախ Ադրբեջանը»: Ոմանք հասնում են նույնիսկ թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու եւ թուրքական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու մասին առաջարկներին: Ի դեպ, ավելորդ չէ հիշեցնել, որ երբ Բաքուն կարծես թե քննադատում էր Քրդական աշխատավորական կուսակցության գործողությունները, հազիվ թե նա ի շահ Թուրքիայի էր գործում: Ուղղակի այնտեղ չցանկացան ետ մնալ Եվրոպայից ու ՆԱՏՕ-ից: Միթե Բաքվում իրոք կարծում էին, թե Թուրքիան Ադրբեջանի երաշխավորը կլինի գոնե Լեռնային Ղարաբաղի հարցում: Նման պարզամտությունը զարմացնում է` մեծ հաշվով Թուրքիայի համար միեւնույն է, թե ինչ լուծում կստանա ղարաբաղյան հակամարտությունը, նրա համար գլխավորը տարածաշրջանային տերության կարգավիճակին հասնելն է եւ այդ ճանապարհին բոլոր միջոցներն են լավ: Եվ եթե դրա համար նույնիսկ հարկավոր լինի այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Անկարան նույնիսկ դրան կգնա: Եվ եթե հարկավոր լինի, Թուրքիան կարող է տեսականորեն ապագայում դեմ քվեարկել Ադրբեջանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:

Սակայն Բաքուն ոչ միայն դրանից է վախենում: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ եթե չլիներ թուրքական համայնքը նույն ԱՄՆ-ում, ադրբեջանցիներն այնտեղ ոչինչի չէին կարողանա հասնել: Միակ վայրը, որտեղ գոյություն ունի ադրբեջանական համայնք, դա Ռուսաստանն է, սակայն այնտեղ եւս նա բացառապես զբաղված է բիզնեսով, ընդ որում հայերի հետ, եւ ամենից քիչ է հետաքրքրվում քաղաքականությամբ: Իսկ Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը բացառապես պետական սուբսիդիաներ բաժանելով է զբաղված: Այնպես որ Բաքվի մտավախությունները ավելի քան հիմնավորված են: Ավելին, այնտեղ ոչ մի կերպ չեն ցանկանում հասկանալ, որ Ադրբեջանի նշանակությունը տարածաշրջանում պայմանավորված է բացառապես էներգակիրներով եւ էլ ոչինչով: Ճիշտ է, ԱՄՆ-ն որոշ հույսեր ունի, որ Բաքուն երես կթեքի Ռուսաստանից, սակայն դա արդեն իրոք երեւակայության ոլորտից է:

Իր հերթին, Թուրքիայի ադրբեջանական կազմակերպությունների դաշնությունը` ԹԱԿԴ հանդես եկավ հայտարարությամբ սեպտեմբերի 6-ին Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղը դիտելու նպատակով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան կատարած այցի վերաբերյալ: «ԹԱԿԴ-ն դեմ չէ Երեւանում կայանալիք խաղին Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ: Սակայն մենք գտնում ենք, որ ոչ մի գաղափար չի կարող վեր լինել Թուրքիայի ամբողջականությունից: Աբդուլլահ Գյուլի այցը Երեւան չի համապատասխանում մեր Թուրքիայի բարձր շահերին»,-ասվում է հայտարարության մեջ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---