Արդյո՞ք Հիլարի Քլինթոնն ի վերջո կդառնա ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ հայկական համայնքը հիշեցնում է, որ տիկին Քլինթոնը այցելել է Թուրքիա, եւ մամուլում անգամ տեղեկատվություն կար այն մասին, որ նրան հովանավորում էին թուրք լոբբիստական կազմակերպությունները

The New York Times թերթը, վկայակոչելով Հիլարի Քլինթոնի երկու վստահված անձանց, գրում է, որ նա համաձայնել է նորընտիր նախագահ Բարակ Օբամայի գրասենյակում ԱՄՆ Պետքարտուղար դառնալ: Քլինթոնի աշխատակազմի ներկայացուցիչների խոսքերով, «այդ հարցի շուրջ բանակցություններ են վարում», բայց դեռեւս վաղ է ինչ-որ բանի մասին որոշակիորեն խոսել: Բայց, ինչպես Օբամայի, այնպես էլ Քլինթոնի կողմից չհիշատակվող պաշտոնական անձանց խոսքերով, նրանք հիմք չունեն ենթադրելու, որ Օբաման նրան իր պետքարտուղար կհայտարարի, հաղորդում է AP-ը:

PanARMENIAN.Net - Բայց եւ այնպես, ըստ ամենայնի, տիկին Քլինթոնը կընդունի առաջարկությունը: Ճիշտ է, այդ դեպքում նա ստիպված կլինի հեռանալ Սենատից, հրաժարվել հաջորդ նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելուց, եւ ամբողջ հարցը նրանում է, թե արդյոք Հիլարի Քլինթոնը պատրաստ է նման զոհաբերությունների` հանուն ԱՄՆ ամենակարեւոր գերատեսչություններից մեկի ղեկավարի պաշտոնի: Միացյալ Նահանգների պետքարտուղարի անձը միշտ էլ առավել մեծ ուշադրություն է գրավել, քան այլ երկրների նրա գործընկերները. անգամ ՌԴ ԱԳՆ ղեկավարի հանդեպ չկա նման հետաքրքրություն:

Եթե Օբաման որոշի նման քայլի գնալ, եւ եթե Քլինթոնը ընդունի առաջարկը, ապա նա կդառնա երրորդ կին-պետքարտուղարը վերջին 20 տարիների ընթացքում: Առաջինը Մադլեն Օլբրայթն էր, որը ներկայումս նոր նախագահի խորհրդատուն է եւ անգամ նրա անունից ելույթ է ունեցել «քսանյակի» գագաթաժողովում` Վաշինգտոնում: Նրա հաջորդեց Քոնդոլիզա Ռայսը, որը շատ բան արեց, որպեսզի աշխարհում ձեւավորվի ԱՄՆ-ի բացասական կերպարը: Եւ, վերջապես, Հիլարի Քլինթոնը: Ավելի վաղ հնչում էին նաեւ այլ թեկանծուների անուններ, որոնց թվում էին հմուտ դիվանագետ Ռիչարդ Հոլբրուկը` Հարավսլավիան բաժանած Դեյտոնյան համաձայնագրերի հեղինակը, սենատոր Ջոն Քերրին եւ Նյու-Մեքսիկոյի նահանգապետ Բիլլ Ռիչարդսոնը: Մի շարք ամերիկացի փորձագետների կարծիքով, Բարակ Օբաման հակված է իր շատ կարեւոր` արտաքին կապերի գծով սենատական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թողնել Ջոն Քերրիին:

Միամտություն կլիներ կարծել, որ նոր վարչակազմի հետ միասին ԱՄՆ արտաքին քաղաքականությունը կտրուկ կփոխվի, որովհետեւ Օբամայի խորհրդականների թվում են Զբիգնեւ Բժեզինսկին, Մադլեն Օլբրայթը եւ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմի մի շարք աշխատակիցներ, որոնք ճնշում են գործադրելու նոր նախագահի վրա միջազգային հրապարակում հերթական ոչ հանրաճանաչ որոշումներ կայացնելիս: Այդ միջոցին, The Washington Post-ը ուղղակիորեն գրում է, որ Հիլարիի նշանակման մասին որոշումը կարող է մեծ վնաս հասցնել Օբամայի վարչակազմին: «Քլինթոնն օժտված է մեծ տաղանդներով, բայց նա չի համապատասխանում այդ պաշտոնին, քանի որ կրում է այնպիսի պոտենցիալ, որը բավական է, որպեսզի խեղաթյուրվի արտաքին քաղաքականությունում Օբամայի ձեւափոխողի դերը, իսկ դա, թերեւս, իրեն դրսեւորելու նրա լավագույն հնարավորությունն է: Ուրեմն ինչու՞ նման արժեքավոր ճյուղը հանձնել Քլինթոնին եւ նրա ենթականերին»,- հարցնում է հոդվածի հեղինակը: The Times-ն իր հերթին ուղղակիորեն ասում է. կա մի հին օրենք. երբեք աշխատանքի մի վերցրու մի մարդու, որին հետո չես կարողանա դուրս անել: Այդ իսկ պատճառով Բարակ Օբաման ոչ մի դեպքում Հիլարի Քլինթոնին չպետք է հանձնի ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը: «Նրանից հիանալի ԱՄՆ պետքարտուղար կստացվեր: Բայց նախագահ Օբամային նա այդ պաշտոնում ոչ մի օգուտ չի բերի: Նա նախագահին սիրաշահելու, նրան իսկապես չի հնազանդվելու եւ անգամ կարող է փորձի մարտահրավեր նետել նրան, թեեւ, միեւնույնն է, նրան գահընկեց անելը Հիլարիի ուժերից վեր կլինի: Մեր օրերում արտաքին քաղաքականությունը շատ քմահաճ երեւույթ է դարձել; հարցերը լուծվում են պետությունների ղեկավարների ուղղակի բանակցություններով, հեռախոսազրույցով կամ էլ համատեղ ձկնորսության ժամանակ: Պետքարտուղարի դերն այժմ նույնքան անկախ չէ, որքան նախկինում, այլ ավելի շուտ տեխնիկական է: Արդյո՞ք Քլինթոնը կհամաձայնի նման դեր խաղալ: Իհարկե` ոչ: Նրա եւ Օբամայի միջեւ տարաձայնություններն անխուսափելի են, ընդ որում` ինչպես ըստ էության, այնպես էլ կապված արտաքին իրերի դրության հետ: Վերջիվերջո, Քլինթոնը սկզբնապես հանդես էր գալիս Իրաքի պատերազմի կողմից (ինչի մասին Օբաման չի դադարում հիշեցնել ընտրողներին), իսկ Օբաման ի սկզբանե դեմ էր: Եւ հետո էլ Քլինթոնը սեփական կարծիքն ունի իր ամուսնու կառավարման տարիներին ընդունված մի շարք որոշումների առնչությամբ (Մերձավոր Արեւելք, Բալկաններ, Հյուսիսային Կորեա); այդ որոշումներից շատերը լավ մտածված էին, բայց անհեթեթ հետեւանքներ ունեցան: Ըստ էության, Բիլն ինքն էլ այդ թեմայի առնչությամբ ոչ պակաս կտրուկ կարող է արտահայտվել»,- գրում է անգլիական թերթը:

Այդ միջոցին, հայկական համայնքը սպասում է ԱՄՆ նոր պետքարտուղարի նշանակմանը, որովհետեւ հենց նրանից է կախված լինելու նախագահ Բարակ Օբամայի վարչակազի արտաքին քաղաքականությունը: Վաշինգտոնի համայնքի ներկայացուցիչները գտնում են, որ եթե Հիլարի Քլինթոնն իսկապես գլխավոր քարտուղար դառնա, ապա նա շարժվելու է իր ամուսնու` նախկին նախագահ Բիլ Քլինթոնի թելադրանքով:

«Երբ ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածուները` Դեմոկրատական կուսակցությունից Իլլինոյսից սենատոր Բարակ Օբաման եւ Նյու-Յորքից սենատոր Հիլարի Քլինթոնը նախընտրական քարոզչության ժամանակ ասում էին, որ անպայման կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, Օբաման ավելի անկեղծ էր: Հայկական համայնքն ավելի շատ նրան հավատաց, քան Նյու-Յորքից սենատորին: Եւ հետո պետք չէ մոռանալ, որ տիկին Քլինթոնը այցելել է Թուրքիա: Մամուլում անգամ տեղեկատվություն կար այն մասին, որ նրան հովանավորում էին թուրք լոբբիստական կազմակերպությունները: Բայց այդ ամենը, իրականում, ասեկոսեների մակարդակով է»,- ընդգծել է հայ լոբբիստական կազմակերպություննեից մեկի ներկայացուցիչը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---