ՀԱԿ ցույցն ու Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ակտիվացրեցին ՀՀ քաղաքական կյանքը

2010 թվականի փետրվարի 27-ից մարտի 6-ի ներքաղաքական կյանքի ամփոփում

Անցյալ շաբաթ Հայաստանում ներքաղաքական կյանքը բավական ակտիվ էր: Երկուշաբթի օրը` մարտի 1-ին, «Ժառանգություն» կուսակցությունն ի հիշատակ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհերի, երթ կազմակերպեց դեպի Մյասնիկյանի արձանը, որտեղ պսակ ու ծաղիկներ դրեց: Երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ մարտի 1-ի ողբերգական դեպքերի մեղքն ու պատասխանատվությունը Հայաստանի ղեկավարության ուսերին է, որը երկիրը խոցելի դարձրեց միջազգային կառույցներում:

PanARMENIAN.Net - Նույն օրը Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ցույց կազմակերպեց, որին մասնակցում էին ՀԱԿ ավելի քան 4000 կողմնակիցներ: Ցույցի ընթացքում ելույթ ունեցան ընդդիմական բլոկի մի շարք ներկայացուցիչներ: Բացի ղարաբաղյան հակամարտությունից եւ հայ-թուրքական մերձեցումից ընդդիմությունը բարձրացրեց նաեւ սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներ:

Հայաստանի իշխանությունները ինքնահարստացման քաղաքականություն են վարում: Երեւանում կայացած ցույցի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքով, տնտեսական ճգնաժամի ժամանակ Հայաստանի իշխանությունները պետք է քաղաքականությունն ուղղեն այն բանին, որպեսզի օգնեն ժողովրդին, իսկ նրանք հակառակն են անում:

Այնուհետեւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը Կոնգրեսի անունից ներկայացրեց «մարտի ճգնաժամից» դուրս գալու վեց քայլերը: Ինչպես հայտնեց Լեւոն Զուրաբյանը, այդ քայլերը պետք է իրականացվեն մինչեւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովի հաջորդ նիստը: Սակայն թվարկվածներից ամենակարեւոր քայլը հունիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացնելու ՀԱԿ պահանջն էր: Բացի դրանից, ինչպես հայտնեց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը, Կոնգրեսը պատրաստվում է պետությանը դատի տալ գազի սակագների բարձրացման դեմ:

ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հերթին նկատեց, որ Հայաստանն այսօր հինգ կարեւոր մարտահրավերների առջեւ է կանգնած` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, ղարաբաղյան հիմնախնդրի լուծում, երկրում ժողովրդավարության վերականգնում, օրինականության հաստատում եւ կաշառակերության դեմ պայքար: Ընդ որում, նա նկատեց, որ բոլոր վերը նշվածներից միջազգային հանրությանը հետաքրքրում են միայն երկուսը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու ղարաբաղյան հակամարտությունը: «Մնացած հարցերը կամ ստորադասվում են այս երկուսից, կամ էլ արհամարվում»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Երեքշաբթի օրը` մարտի 2-ին, Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների առնչությամբ Երեւանում մամլո ասուլիս կայացած, որի ժամանակ քննարկում ծավալվեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի միջեւ: Քննարկման ընթացքում Սուրեն Սուրենյանցը նկատել է, որ Հայաստանի իշխանությունների լեգիտիմությունը կասկածելի է: Նա ավելացրել է, որ նրանք երկու ելք ունեն իրավիճակից` կամ համակարգային բարեփոխումներ կատարել, կամ ներքաղաքական ճգնաժամը կհանգեցնի իշխանափոխության:

Արտակ Զաքարյանն իր հերթին նշել է, որ լեգիտիմությունը սոցիալ-հոգեբանական բնույթի հասկացություն է եւ նույնիսկ 20 000-անոց հանրահավաքով հնարավոր չի որոշել Հայաստանի ղեկավարության օրինականության մակարդակը: «Այժմ բոլոր պետական մարմինները գործում են բնականոն ռեժիմով եւ օրենքի շրջանակներում եւ այստեղ բոլորովին տեղին չեն խոսակցությունները ներքաղաքական ճգնաժամի կամ իշխանափոխության նախադրյալների մասին»,- ասել է պատգամավորը:

Նույն օրը Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի համատեղ մամլո ասուլիսը ԵՄ-ում նախագահող Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Միգել Անխել Մորատինոսի հետ: «Մենք գտնում ենք, որ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները պետք է վավերացվեն առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում»,-ասել է ԵՄ-ում նախագահող Իսպանիայի ԱԳՆ ղեկավարը:

ՀՀ ԱԳ նախարարն իր հերթին, մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող` ԱՄՆ Կոնգրեսի բանաձեւը կարող է խանգարել հայ-թուրքական գործընթացին, հայտարարել է, որ այդ գործընթացին խոչընդոտում են միայն Թուրքիայի առաջադրած նախապայմանները:

Մարտի 2-ին ԵՄ-ում նախագահող Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Միգել Անխել Մորատինոսին ընդունեց նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգի առաջնահերթություններին, քննարկել ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման, մուտքի արտոնագրերի տրամադրման ռեժիմի դյուրացման եւ ասոցիացման համաձայնագրի կնքման բանակցություններին վերաբերող հարցեր:Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Մարտի 3-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանի հետ համատեղ մամլո ասուլիսում, մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հայտարարությունը, հայտարարեց, որ ներկա պահին Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման համար ոչ մի հիմք չկա: «Եւ նրանք, ովքեր խոսում են այդ մասին, թող հիմնավորեն իրենց պնդումների օրինականությունը»,- նշեց նա: Արման Մելիքյանն իր հերթին նկատեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը ՀԱԿ խնդիրը չէ: «ՀԱԿ-ն ընդամենը փաստեր է բերում, որոնք կարող են հանգեցնել իշխանափոխության»,- ընդգծեց փորձագետը: Նույն օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Նախագահ Սարգսյանը կարեւորել է համաեվրոպական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստանի Հանրապետություն եւ ասել, որ նման այցելությունները նոր հորիզոններ են բացում մեր երկրի եվրաինտեգրման ճանապարհին:

Վիլֆրիդ Մարթենսն իր հերթին ասաց, որ որ Հայաստանում իշխող քաղաքական կոալիցիայի անդամ երեք կուսակցությունները` Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները դիմել են անդամակցելու Եվրոպական Ժողովրդական կուսակցությանը: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստան կժամանի առաքելություն` ուսումնասիրելու նրանց հայտերը եւ սկսելու անդամակցության ընթացակարգը:

Հինգշաբթի օրը` մարտի 4-ին, Ղարաբաղի անվտանգության գոտին կազմող շրջաններն Ադրբեջանին Հայաստանի կողմից ղարաբաղյան հակամարտության մեջ որպես զիջում հանձնելու հնարավորության վերաբերյալ մամլո ասուլիս կայացավ, որի ժամանակ Հայաստանի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը հայտնեց, որ Հայաստանը տարածքներ հանձնող պետություն չէ: Նրա խոսքով, Հայաստանը օտար տարածքներ չի զավթել, որպեսզի ինչ-որ բան վերադարձնի: Ընդ որում նա նշել է, որ Հայաստանի կողմից արդեն իսկ մեծ զիջում էր այն, որ նա համաձայնվեց բանակցել ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում ԼՂՀ-ի փոխարեն:

Մարտի 4-ին` օրվա վերջին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը «23» կողմ եւ «22» դեմ ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը, ինչը Հայաստանի քաղաքական ուժերի ակտիվ հայտարարությունների պատճառ դարձավ:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Գերագույն խորհրդի անդամ Արմեն Ռուստամյանի խոսքով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը չի կարող սակարկության առարկա լինել: Այդ փաստի ճանաչումը աշխարհի բոլոր երկրների բարոյական պարտականությունն է:

Իսկ Հայաստանի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի գծով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նկատեց, որ երեկվա քվեարկությունն ապացուցեց, որ որոշ փորձագետների այն կարծիքը, թե հայ-թուրքական կարգավորման գործընթացը խոչընդոտում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ընդ որում, նա նկատեց, որ Թուրքիան կարող է օգտվել այս որոշումից` հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը ձգձգելու համար: Նա նշեց նաեւ, որ 252 բանաձեւի` ԱՄՆ Կոնգրեսում եւս քննարկվելու շանսերը բավական մեծ են:

Արշալույս Մղդեսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---