Հայաստանում ամենաքննարկվող հարցը կառավարության օրինագիծն է, որը թույլատրում է օտարալեզու դպրոցների բացումը

Հունիսի 5-11-ը տեղի ունեցած իրադարձությունների ամփոփում

Արդեն ավանդույթ է դարձել, որ Հայաստանի քաղաքական շաբաթը սկսվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քննարկումից: Այդ առումով այս շաբաթը բացառություն չէր: Ռուսաստանը միշտ եղել է Հայաստանի հավատարիմ ընկերը և մեր կուսակցությունը միշտ հանդես կգա Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական, դաշնակցային ու տնտեսական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման օգտին: Այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանը: Միևնույն ժամանակ Ծառուկյանը հերթական անգամ ընդգծեց, որ Ղարաբաղը ոչ մի հանգամանքում չի կարող սակարկության առարկա լինել: «Մենք պետք է ուշադրություն դարձնենք խնդիրներին և լուծենք դրանք անկախ նրանից, թե ով ինչ կասի:

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում առաջընթացը հնարավոր կլինի, երբ Ադրբեջանը սուր ճոճելու փոխարեն ընդունի իր պատասխանատվությունը հակամարտության սանձազերծման և դրա հետևանքների համար, դադարի ներկայացնել իր պատկերացումները իրավունքի մասին` որպես միջազգային իրավունք, և անպտուղ չաղավաղի հակամարտության էությունը և բանակցային գործընթացի բովանդակությունը: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր առարկությունն է ներկայացրել ՀՀ Ընտրական օրենսգրքում, «Դատախազության մասին» և «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքներում ուղղումներ կատարելու վերաբերյալ փաթեթում: ՀՀ նախագահի առարկությունը կոնկրետ վերաբերում է նախագահության թեկնածուներին անձեռնմխելիությունից զրկելու մասին դրույթին:

Նախագահի առարկությունը ներկայացրեց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Իսագուլյանը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը, նման առարկություններ ներկայացնելով, նպատակ ունի պահպանել թեկնածուների հավասարությունը, քանի որ ստացվում է այնպես, որ նախընտրական արշավի ժամանակ միայն գործող նախագահը կարող է օգտվել անձեռնմխելիության իրավունքից: Այնուհետև ՀՀ ԱԺ-ն ընդունեց նախագահի առարկությունը ՀՀ ընտրական օրենսգրքում, «Դատախազության մասին» և «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծի վերաբերյալ:

Նույն օրը ՀՅ Դաշնակցության Հայաստանի կազմակերպության 15-րդ Գերագույն ժողովում ընտրվել է ՀՅԴ Գերագույն Մարմին: ՀՅԴ Գերագույն ժողովը ընդունել է հայտարարություն, որում գերակա խնդիր է հռչակել ազգային ուղեգծի վերականգնումը, սոցիալական արդարության հաստատումը, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը և երկրում նոր իշխանության ձևավորումը:

ԱՄՆ-ն միշտ շահագրգիռ է եղել Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում, համարելով նրան իր ռազմավարական դաշնակիցը տարածաշրջանում: Այդ մասին հունիսի 8-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցերն Ադրբեջան: Ըստ նրա, ԱՄՆ-ի ներկա վարքագիծն Ադրբեջանի հանդեպ փոխհատուցում է վերջին շրջանի քաղաքականության փոխարեն, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չհրավիրվեց ապրիլին Վաշինգտոնում կայացած միջուկային անվտանգության գագաթնաժողովին:

Ղարաբաղյան հակամարտությունում սկսվում է նոր` «հետմադրիդյան» փուլ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` մեկնաբանելով հնարավոր առաջընթացը կարգավորման գործընթացում: Ըստ նրա, այդ մասին վկայում է նաև այն, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղած նամակում ոչ մի տող անգամ չկա Մադրիդյան սկզբունքների մասին և այն մասին, որ հակամարտությունը պետք է լուծվի այդ սկզբունքների հիման վրա: Ընդ որում հայ փորձագետը նշել է, որ ղարաբաղյան կարգավորման ներկա փուլից Ադրբեջանը դուրս եկավ ավելի ուժեղացած, իսկ Հայաստանը` թուլացած:

Թուրքագետ Արտակ Շաքարյանը, անդրադառնալով Գազայի իրադարձություններին, ասել է, որ դա չի կարելի շաղկապել Հայաստանի հետ` նշելով, որ այդ միջադեպից հետո Թուրքիան միայն ամրապնդեց իր դիրքերը տարածաշրջանում: Ըստ նրա, միջադեպը կազմակերպել էին Թուրքիան ու Իսրայելը` Իրանին մոլորեցնելու համար: «Նպատակն է`տեղափոխել իսլամական աշխարհի կենտրոնն Իրանից Թուրքիա»,-ասել է Շաքարյանը: Նա նշել է, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրութւուններինց հետո, թուրք-իսրայելական հարաբերությունները կբարելավվեն: Որքան ամրապնդվի Թուրքիան իսլամական աշխարհում, այնքան նա ավելի շատ կօգտագործի այդ գործոնը Հայաստանի դեմ, ասել է թուրքագետը:

Նույն օրը Երևանում տեղի է ունեցել «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խմբի ներկայացուցիչների մամլո ասուլիսը: Խմբի ակտիվիստ Արմեն Հովհաննիսյանն ասել է. «Օտարալեզու դպրոցների վերաբերյալ երեկվա քննարկման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեզ անվանեց ագրեսիվ փոքրամասնություն, գիտնականների նվազագուն ներկայությամբ, և մենք հայտարարում ենք, որ ամեն փուլում լինելու ենք գերակտիվ, հարաճաող ագրեսիվությամբ»: Խմբի անդամները պնդում են, որ անելու են ամեն ինչ, որ օրենքի նախագիծը չընդունվի Աժ-ում: Եթե այն ընդունվեց, անելու են ամեն ինչ, որպեսզի դպրոցները չբացվեն, իսկ եթե բացվեն, փորձելու են դրանք փակել: Նախաձեռնող խմբի անդամները պնդում են նաև, որ օտարալեզու դպրոցներում սովորելը հետագայում բազմիաթիվ խնդիրներ է առաջացնում, կապված լեզվամտածողության հետ: «Սարդարապատ» շարժումը մտադիր է ձևավորել այլընտրանքային խորհրդարան: Այդ մասին Երևանում հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքերով, նոր խորհրդարանի ստեղծման կարևորությունը նրանում է, որ գործող խորհրդարանը չի ներկայացնում երկրի բնակչության շահերը:

Ադրբեջանի ռազմական ուսմունքում փոփոխությունները հակասում են նրա սահմանադրությանը, քանի որ դրանում գրված է, որ հարկավոր է ձեռնպահ մնալ ցանկացած ռազմական գործողություններից: Այդ մասին Հայաստանի Ազգային Ժողովում կառավարական ժամի ընթացքում հայտնել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա պատգամավորներին հիշեցրել է նաև, որ Հայաստանը դեռևս 2 տարի առաջ որպես արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի հիմք է ընդունել Մադրիդյան սկզբունքները: «Մինչդեռ Ադրբեջանն ինչ-որ անհասկանալի հայտարարություններ է կատարում, թե, իբր, Հայաստանը չի ընդունում այդ սկզբունքները: Մադրիդյան սկզբունքների հիմքում ԼՂՀ կարգավիճակի խնդիրն է, որը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ: Իսկ եթե Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը պատրաստ է Լեռնային Ղարաբաղին «լայն ինքնավարություն տալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», ապա դրանով ցանկանում է կանխորոշել բանակցությունների ընթացքը: Բացի դրանից, Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության ամրապնդմանն ուղղված ցանկացած նախաձեռնությունից` երկար ժամանակ չհամաձայնելով կրակի գծից դիպուկահարների հեռացմանը»,- ասել է Նալբանդյանը: Էդվարդ Նալբանդյանը նշել է նաև, որ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են քննարկել ԼՂՀ հիմնախնդիրը որքան ցանկանան: «Հայաստանն ու ԼՂՀ-ն չեն պատրաստվում որևէ բան քննարկել Թուրքիայի հետ»,- ասել է նա: Հունիսի 10-ին Հայաստանի խորհրդարանում քննարկվել է կառավարության կողմից ներկայացված երկու օրինագիծ. «Լեզվի մասին» օրենքում Հայաստանում օտարալեզու կրթություն ներմուծելու և «Հեռահաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Ինչպես հաղորդում է PanAREMNIAN.Net-ի խորհրդարանական թղթակիցը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը 20 րոպե ընդմիջում է վերցրել, որը նախատեսված է ՀՀ ԱԺ կանոնակարգով: Իր հերթին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշել է, որ հասարակությանը մտահոգող կարևոր հարցերի քննարկումը պետք է հեռարձակվի ուղիղ եթերում: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ օտարալեզու կրթության մասին օրինագիծը խայտառակություն է երկրի համար:

Գործը հասել է նրան, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել «անվերջ ընդմիջումների» դեմ: « Եթե ինչ-որ մեկը փորձի խանգարել խորհրդարանի աշխատանքին, ապա ես կխափանեմ անհաջողության դատապարտված այդ փորձերը»,- ասել է նա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը օրենսդրական այդ նախաձեռնության վերաբերյալ ասել է, որ, այսպես կոչված, օրենսդրական նախաձեռնությունը կարող է հանգեցնել ազգի ոչնչացման: «Այնպիսի տպավորություն է, որ կարծես, մենք ուրիշ անելիք չունենք և քննարկում ենք Հայաստանում մասնավոր օտարալեզու դպրոցներ բացելու մասին օրինագիծը», - ասել է Բոստանջյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն, իր հերթին, նշել է, որ այս օրինագծերի քննարկման փոխարեն պետք է կրթության մակարդակը բարձրացնել:

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը անդրադառնալով ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանի հայտարարությանն այն մասին, որ իրականում բացվելու են միջազգային չափանիշներին համապատասխանող դպրոցներ, ասել է, որ օրինագծում բացահայտորեն խոսվում է օտար լեզվով կրթության մասին, ինչն էլ ենթադրում է օտարալեզու դպրոցների բացում:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել է, որ օտար լեզվի իմացությունը մարդու հայրենասիրությանը չի կարող խանգարել:

Իր հերթին անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հանդես է եկել այդ օրինագծի ընդունման դեմ, քանի որ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որում հաստատված է, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է, ինչն էլ ենթադրում է, որ հանրակրթական ուսումը պետք է իրականացվի միայն հայերենով:

Չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովը մերժեց Դաշնակցության ներկայացրած որոշման նախագիծն առ այն, որ ՀՀ կառավարությունը ներկայացնի իր գազի ոլորտում քաղաքականության հայեցակարգը, ՀՅԴ-ն հանդես կգա ևս մեկ նախաձռնությամբ: Այդ մասին Աժ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հունիսի 11-ին ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա, այդ նախաձեռնությունը վերաբերելու է նրան, որ ստեղծվի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է քննի գազի սակագների բարձրացման հարցը Հայաստանում:

Նույն օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Քաթարի Պետության նորանշանակ դեսպան Իբրահիմ Աբդ Ալ-Ռահման Ալ-Մուղայսիբը (նստավայրը` Թեհրան): Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է Քաթարի, ի թիվս արաբական այլ երկրների, հետ համագործակցության զարգացումը: ՀՀ նախագահն անթույլատրելի է համարել հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու Ադրբեջանի փորձերը` ափսոսանք հայտնելով, որ որոշ իսլամական երկրներ հաճախ աջակցում են այդ փորձերին: Դեպանն ասել է, որ Քաթարը պաշտպանում է ԼՂ խնդիրը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու մոտեցումը եւ չի կարծում, թե այս հակամարտությունը կրոնական հիմք ունի:

Արշալույս Մղդեսյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---