Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության պատմության մեջ նոր էջ է բացվել

Օգոստոսի 16-21-ի ներքաղաքական իրադարձությունների ամփոփում

Այս շաբաթ քաղաքական իրադարձությունները զարգացել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարելիք այցելության և ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շուրջ: Հայ-ռուսական համագործակցությունը դրական կերպով զարգանում է, ինչի մասին վկայում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջիկա այցը Հայաստան: Այդ մասին օգոստոսի 17-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

PanARMENIAN.Net - Այդ առումով անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմական բազաների գտնվելը 49 տարով երկարաձգելու հարցին` նա ասել է, որ դա կորոշի տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպահման խնդիրը: Մեկնաբանելով ռուսական բազաների` Հայստանում մնալու ժամկետի երկարացման հնարավոր պատճառները` Շարմազանովը, հիմնվելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների վրա, ինչպես նաև նրա ռազմական բյուջեն 0.5 մլրդ դոլարով ավելացնելու փաստի վրա, Հայաստանը պետք է հոգ տանի իր անվտանգության մասին: Նա նշել է, որ պայմանագրի ստորագրումով բազան կհագեցվի նորագույն ռազմական տեխնիկայով, ինչը ՀՀ անվտանգության համակարգը գրեթե անխոցելի կդարձնի:

Նույն օրը Երևանում կայացած մամլո ասուլիսում ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան և ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը Երևանում վկայում են տարածաշրջանում նոր գործընթացների մասին: Ընդ որում, անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացման հարցին, Մելիքյանն ասել է, որ առայժմ Հայաստանը շարունակում է տարածաշրջանում հակաթուրքական տրամադրությունների պատվար մնալ, ուստի, ելնելով մի շարք երկրների, ինչպես նաև Ռուսաստանի շահերից, նման համաձայնագրի գոյությունը միանգամայն տրամաբանական է:

Օգոստոսի 18-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասել է, որ կարիք չկա, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա: Դա ոչ քաղաքական, ոչ ռազմական տեսանկյունից ձեռնտու չէ: Այս մասին: Նրա խոսքերի համաձայն, երեք կարևորագույն տեսակետ կա, որի առկայության դեպքում Հայաստանը ՀԱՊԿ-ի կարիքն ունի: «Մեզ համար շատ կարևոր է ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի ստեղծումը, ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանը հնարավորություն ունի Ռուսաստանի և ՀԱՊԿ այլ անդամների հետ զարգացնելու ռազմատեխնիկական համագործակցությունը: Եվ, վերջապես, ՀԱՊԿ-ն Հայաստանին տալիս է քաղաքական դիվիդենտներ: Օրինակ` Ղազախստանը ՀԱՊԿ անդամ է և, միաժամանակ, լավ հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի հետ, սակայն ՀԱՊԿ անդամ լինելով` պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերի Ղարաբաղի հարցում», - ասել է Մինասյանը: Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը 49 տարի երկարաձգելուն, ապա, քաղաքագետի կարծիքով, փաստաթուղթը հաստատում է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին օգնություն ցուցաբերելու: Միաժամանակ Սերգեյ Մինասյանն ընդգծել է, որ պայմանագրի ժամկետը 14 տարով է երկարացվել, քանի որ ժամկետը հաշվվում է 1995 թ., այսինքն` այն ժամանակից, երբ ստորագրվել է պայմանագիրը:

Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետը կերկարացվի մինչև 2044 թվականը: Այդ մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Օգոստոսի 19-20-ը Ռուսաստանի նախագահի` Հայաստան կատարելիք այցի ընթացքում Գյումրիում ռուսական ռազմակայանի վերաբերյալ նոր պայմանագիր կստորագրվի: «Փոփոխությունները վերաբերում են 1995 թվականի պայմանագրի գործողության ժամկետի երկարացմանը,- «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի ԱԳՆ նախարարը: - Եթե 1995 թվականի պայմանագիրը գործեց 25 տարի, ապա այժմ այն կգործի 49 տարի` սկսած 1995 թվականից»: Նոր պայմանագրում ավելի հստակ կլինի ձևակերպումն «այն մասին, որ ռուսական ռազմակայանը Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ Ռուսաստանի շահերին առընթեր ապահովելու է հանրապետության անվտանգությունը»: «Եվ այդ նպատակների իրականացման համար ռուսական կողմն աջակցելու է Հայաստանի Հանրապետությունը սպառազինությամբ և ժամանակակից ռազմական տեխնիկայով ապահովելուն»,- ընդգծել է Նալբանդյանը:

Ինչ վերաբերում է երկրների միջև ռազմաքաղաքական համագործակցությանը, ապա, Նալբանդյանի խոսքով, Հայաստանը բարձր է գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդական ջանքերը և ամբողջապես օժանդակում է եվրոանվտանգության մասին նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ ՌԴ նախագահի նախաձեռնությունը: Նրա խոսքով, Հայաստանը կիսում է Եվրոատլանտիկայի ու Եվրասիայի տարածքում բոլոր պետությունների համար հավասար անքակտելի անվտանգության գաղափարը և այն բանի անթույլատրելիությունը, որպեսզի «որևէ պետության անվտանգությունն ապահովվի մեկ այլ պետության անվտանգության հաշվին»: «Անթույլատրելի է որևէ պետության մեկուսացումը: Այնպես որ մենք ամբողջապես օժանդակում ենք այդ նախաձեռնությունը»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:

Օգոստոսի 19-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր տիկնոջ հետ պետական այցով ժամանեց Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում Դմիտրի և Սվետլանա Մեդվեդևներին դիմավորեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր տիկնոջ հետ:

Նույն օրը ՀՀ նախագահի նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանի և նրա տիկնոջ`Ռիտա Սարգսյանի անունից` ի պատիվ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և նրա տիկնոջ`Սվետլանա Մեդվեդևայի, տրվել է պետական ընթրիք, որի ժամանակ, ընդունված արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով: «Սա նշանակալից այց է: Պետական այց հասկացության էությունը խորհրդանշում է հարաբերությունների այն բարձրագույն մակարդակը, որ կարող է գոյություն ունենալ երկու պետությունների միջև: Եվ տվյալ այցը լավագույն հնարավորությունն է մեր հարաբերությունների դինամիկայի դիտարկման, որոշ արդյունքների ամփոփման և մեր դաշնակցային փոխգործակցության նոր նպատակների նախանշման համար»,-ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Օգոստոսի 20-ին Երևանում ստորագրվել է Հայաստանի տարածքում ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետի երկարացման մասին Արձանագրություն, որը ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը և Անատոլի Սերլյուկովը: Ստորագրվել է նաև փոխըմբռնման և համագործակցության հուշագիր ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Արձանագրությունը ստորագրվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ:

Ռուսաստանը դաշնակցական պարտավորություններ ունի ՀԱՊԿ երկրների առջև, որոնց մեջ մտնում է նաև Հայաստանը: Այդ մասին այսօր Երևանում Հայաստանի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նրա խոսքով, ՌԴ-ի` որպես տարածաշրջանի խոշորագույն և ամենահզոր պետության խնդիրը կայանում է խաղաղության և իրավակարգի օժանդակման մեջ: Դրա հետ մեկտեղ ՌԴ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում անվտանգության պահպանման գործում Ռուսաստանը հզոր պետություն է ինչպես տնտեսական, այնպես էլ պաշտպանական հնարավորություններով: «Եվ, բնականաբար, մենք մեր ռազմավարական պարտավորություններն ունենք ՀԱՊԿ անդամների առջև, որոնցից մեկը Հայաստանն է»,- ասել է Մեդվեդևը` ավելացնելով, որ մնացած ամեն ինչը հիմնված է ՀԱՊԿ մասին պայմանագրի վրա: Իր հերթին, ՀՀ նախագահը նշել է, որ հայկական կողմը բազմիցս միանշանակ և կտրուկ հայտարարել է, որ Մինսկի խմբի ձևաչափն ամենաընդունելին է համարում:

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևն օգոստոսի 20-ին Գյումրիում բացեցին «Պատվո բլուր» հուշահամալիրը, որը կառուցվել էր 19-րդ դարում ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված 156 ռուս սպաների գերեզմանոցում:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բացեց ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ոչ պաշտոնական գագաթաժողովը: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, Սերժ Սարգսյանը նշել է, որ ուրախ է, որ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում հենց Հայաստանում: Նա նաև հույս է հայտնել, որ գագաթաժողովի աշխատանքն արդյունավետ է լինելու: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր հերթին նշել է, որ գագաթաժողովի ընթացքում ոչ մի հայտարարություններ չեն կատարվելու, իսկ հանդիպումը նվիրված կլինի ՀԱՊԿ շրջանակներում Օպերատիվ արձագանքնման հավաքական ուժերի կազմավորմանն ու գործունեության ոլորտների քննարկմանը:

Գագաթաժողովի աշխատանքներին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներից բացի մասնակցում են նաև Բելոռուսիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թաջիկստանի նախագահները, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Երևանում տեղի ունեցող ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի առաջին նիստի ժամանակ կարծիքներ փոխանակվեցին լայնընդգրկուն հարցերի, մասնավորապես, Ղրղըստանում տիրող իրավիճակի և այդ հանրապետությանը ՀԱՊԿ հնարավոր օգնության վերաբերյալ: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերի համաձայն, քննարկվել են նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության հարցեր, որոնք գագաթաժողովի մասնակիցների կարծիքով որակական նոր մակարդակ պետք է ձեռք բերեն:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն, իր հերթին, ասել է, որ մտքերի փոխանակությունն անցել է ըստ կանխավ ծրագրված սցենարի: «ՀԱՊԿ-ն իրական ուժ է, որը իրապես ազդեցություն է գործում ոչ միայն տարածաշրջանի իրադարձությունների վրա, այլև կազմակերպության ողջ տարածականության: Մենք ապագայի ծրագրեր ենք կազմել, որոնք մանրամասնորեն կքննարկվեն դեկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցող ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում: Ինչպես գիտեք, ՀԱՊԿ հաջորդ նախագահը լինելու է Բելառուսը և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հաստատել է իր պատրաստակամությունը` ղեկավարելու կազմակերպությունը հաջորդ ժամանակաընթացքում», - ընդգծել է Դ. Մեդվեդևը:

ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը (ՕԱՀՈՒ) պետք է նոր, ավելի արդյունավետ մեխանիզմ դառնան: Այդ մասին այսօր Երևանում կայացած ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նրա խոսքով, ներկայումս նոր փաստաթղթեր են նախապատրաստվում, որոնք հստակ կսահմանեն ՕԱՀՈՒ կազմը, նրանց լիզորություններն ու խնդիրները: «Ես հուսով եմ, որ այդ փաստաթղթերը կընդունվեն համաձայնության հիման վրա, ինչպես դա ենթադրում է ՀԱՊԿ կանոնադրությունը: Բացի դրանից, ուզում եմ նշել, որ Ղրղզստանի նախագահ Ռոզա Օտունբաևան շատ մանրամասն ծանոթացրեց մեզ հանրապետությունում տիրող իրադրությանը, և այժմ մենք պետք է միասին փնտրենք օգնության ու ներքին քաղաքական ճգնաժամի հաղթահարման ճանապարհները: ՀԱՊԿ-ն պետք է սահմանի Ղրղզստանում իրադրության շտկման համար օգնության աստիճանը»,- ընդգծել է Մեդվեդևը:

Մարիամ Մատնիշյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---