ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ, որում մասնավորապես ասվում է.

«Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ

Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:

Առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին ու հույս հայտնել, որ տոնական այս խանդավառությունը նրանց ուղեկից կլինի կրթության բոլոր աստիճաններում:

Տոնական այս օրը մեկ անգամ ևս առիթ է տալիս մեզ` կրթության գործընթացի բոլոր մասնակիցներիս` աշակերտից մինչև տնօրեն, ասպիրանտից մինչև պրոֆեսոր, վերագնահատելու գիտելիքի կարևորությունն ինչպես յուրաքանչյուր անձի բարեկեցության, այնպես էլ մեր պետության զարգացման ու հզորացման գործընթացում: Կրթության ոլորտում համաշխարհային զարգացումներն այսօր հավաստում են, որ մեր կրթական համակարգի որակի և արդյունավետության բարձրացմանը միտված ծրագրերն այլընտրանք չունեն, ու բոլորիս համար ցանկալի արդյունքին հասնելու համար կարևորված է յուրաքանչյուրիս մասնակցությունը:

Իմ շնորհավորանքն եմ հղում սփյուռքի հայկական դպրոցների բոլոր մանկավարժներին, ովքեր իրենց ուսերին են վերցրել հայապահպանության ու ազգային արժեքների փոխանցման պատասխանատու գործը:

Շնորհավորելով բոլորիս նոր ուսումնական տարվա սկիզբն ավետող սեպտեմբերի 1-ի և Գիտելիքի օրվա կապակցությամբ` ցանկանում եմ հետաքրքիր, հայտնություններով հարուստ ու հաջողություններով լի ուսումնական տարի», հաղորդում է ՀՀ ԿԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---