ՀՀ փոխվարչապետն ԱՄՆ ՄԶԳ ջրային թիմի պատվիրակության հետ քննարկեց Հայաստանի ջրային պաշարների խնդիրները

ՀՀ փոխվարչապետն ԱՄՆ ՄԶԳ ջրային թիմի պատվիրակության հետ քննարկեց Հայաստանի ջրային պաշարների խնդիրները

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը դեկտեմբերի 6-ին ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ջրային թիմի պատվիրակությանը` Ռիչարդ Վոլքի ղեկավարությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Փոխվարչապետին ներկայացվեց, որ հաշվի առնելով ՀՀ կառավարության առաջարկը, թիմը քննարկում է Հայաստանում ջրային ավազանի պլանների կազմմանն օժանդակելու հնարավորությունները: Նման աշխատանքների իրականացումը հնարավորություն կտա ջրային պաշարներն առավել արդյունավետ օգտագործել հիդրոէներգետիկ, ոռոգման և այլ նպատակներով: Թիմը եղել է Սյունիքի մարզում, ծանոթացել ջրային պաշարները հիդրոէներգետիկ նպատակներով օգտագործելու խնդրին:

Ընդգծելով ոլորտի կենսական նշանակությունը` փոխվարչապետը կարևորեց ջրային պաշարների գնահատումը առաջիկա տարիների համար ջրօգտագործման քաղաքականության որոշման տեսանկյունից: Նա առաջնահերթ համարեց Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային պաշարների գնահատման հարցը, քանի որ նկատվում է ջրի պաշարների նվազում, ինչը խնդիրներ կարող է առաջացնել դաշտավայրի բնակավայրերը խմելու և ոռոգման ջրով ապահովելու առումով:

Անդրադարձ եղավ նաև ջրամատակարարումն ապահովող օպերատոր ընկերությունների սպասարկման տիրույթից դուրս գտնվող համայնքներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին:

Հյուրերը կարևոր համարեցին փոխվարչապետի առաջարկությունները` նշելով, որ դրանք կներառվեն թիմի առաջարկների փաթեթում և կներկայացվեն վաշինգտոնյան գրասենյակին, հաղորդում է տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---