Թուրքիային անհրաժեշտ է ամրապնդել քաղաքական եւ տնտեսական կապերը հյուսիսային հարեւանի հետ

Էներգակիրների գնումներին բաժին է ընկնում Թուրքիայի եւ Ռուսաստանի ապրանքաշրջանառության զգալի մասը. Թուրքիայում սպառվող բնական գազի 2/3 եւ նավթի 1/3 ներկրվում է Ռուսաստանից

Թուրքիայի նախագահի, այն ժամանակ` Ահմեդ Նեջետ Սեզերի, վերջին այցը Ռուսաստան կայացել էր 2006թ. հունիսին: Պետք է ասել, որ Թուրքիայի նախագահները այդքան էլ հաճախ չեն շրջել աշխարհով, դրանից ավելի շատ օգտվել են երկրի վարչապետները: Ընդհանրապես նախագահի պաշտոնն ավելի շատ ներկայացուցչական գործառույթներ ունի, բայց այդ դիրքը փոխվել է իսլամիստների իշխանության գալուց հետո:

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահի, այն ժամանակ` Ահմեդ Նեջետ Սեզերի, վերջին այցը Ռուսաստան կայացել էր 2006թ. հունիսին: Պետք է ասել, որ Թուրքիայի նախագահները այդքան էլ հաճախ չեն շրջել աշխարհով, դրանից ավելի շատ օգտվել են երկրի վարչապետները: Ընդհանրապես նախագահի պաշտոնն ավելի շատ ներկայացուցչական գործառույթներ ունի, բայց այդ դիրքը փոխվել է իսլամիստների իշխանության գալուց հետո:

Բնականաբար, վարչապետը նախկինի պես ավելի շատ է մեկնում միջազգային այցերի, բայց եւ նախագահ Աբդուլլահ Գյուլն է բավական ակտիվ միջազգային քաղաքականություն վարում: Հնարավոր է` դա բխում է նաեւ նրանից, որ Թուրքիայի ներկայիս նախագահը երկար ժամանակ ԱԳՆ ղեկավար է եղել:

Փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունների շրջանակում Աբդուլլահ Գյուլի այցը Ռուսաստան շատ կարեւոր է: Թուրքիային անհրաժեշտ է ամրապնդել քաղաքական եւ տնտեսական կապերը հյուսիսային հարեւանի հետ, որը հանդիսանում է Հայաստանի դաշնակիցը: Անկարայում շատ լավ հասկանում են, որ ներկա փուլում առանց ՌԴ հնարավոր չէ ո'չ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ո'չ էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Ճիշտ է, վերջին հարցում Մոսկվան քիչ բանի է ընդունակ, բայց դա ժամանակավոր է: «Վեստի» հաղորդմանը տված հարցազրույցում Թուրքիայի նախագահը ընդգծել էր, որ Ռուսաստանին է պատկանում առանցքային դերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում:

«Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ, որի ավարտից հետո հռչակագիր ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման անհրաժեշտության մասին: Մենք գտնում ենք, որ Ռուսաստանին այդ գործում պատկանում է առանցքային դերը, քանի որ նա, մնացածից բացի, հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը»,- ընդգծել է նա:

Թուրքիայի նախագահի խոսքով, Անկարան արդեն բավական վաղուց է փնտրում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհները եւ երկխոսության համար օգտագործում է բոլոր հնարավորությունները: «Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը մեր երկրների հավաքականների միջեւ մեզ հիանալի հնարավորություն ընձեռեց: Ես Երեւան մեկնեցի եւ այդ հանդիպումը դիտում էի իմ հայ գործընկերոջ հետ: Հանդիպումից հետո ես եւ նախագահ Սարգսյանը շատ լավ եւ օգտակար հանդիպում ունեցանք: Ես շատ ուրախ եմ, որ Երեւանում կարգավորված երկխոսությունը շարունակվում է մինչ օրս»,- ասել է Աբդուլլահ Գյուլը:

Այդ կապակցությամբ նշենք, որ Ադրբեջանում վերջերս բավական ջղայնորեն են ընկալում Անկարայի բոլոր քայլերը` ուղղված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Այդ հարցին վերաբերում է նաեւ Թուրքիայի նախագահի այցը Մոսկվա: Բաքվում այդպես էլ չեն ցանկանում հասկանալ, որ «եղբայրությունը եղբայրություն է», բայց սեփական շահերն ավելի մոտ են: Եւ եթե Անկարային այսօր անհրաժեշտ է Հայաստանի հետ մերձեցումը, ապա նա հեշտությամբ կլքի Ադրբեջանին: Ըստ էության, ամեն ինչ հենց դրան է տանում, եւ Բաքվի քաղաքագետների զանազան հայտարարությունները թուրք պաշտոնական անձանց վարքի մասին, ինչպես եւ թուրք դիվանագետների երդվյալ հավատացումներն այն մասին, որ Անկարան երբեք չի լքի Բաքվին ղարաբաղյան հիմնախնդրի հարցում, նպատակ են հետապնդում պարզապես պատրաստել ադրբեջանական հասարակությանն այն բանին, որ Թուրքիան նրանց «մատնել է» ոչ միայն ղարաբաղյան հիմնախնդրի, այլեւ էներգակիրների փոխադրման հարցում: Իսկ դա Բաքվի համար շատ ավելի լուրջ է, քան քաղաքականությունը:

Մոսկվայում անպայման քննարկվելու է նաեւ վարչապետ Էրդողանի առաջարկած Կովկասի կայունության եւ համագործակցության Պլատֆորմը: Ճիշտ է, դրա իրագործումը բավական աղոտ հեռանկարներ ունի դրանում Իրանի չմասնակցելու պատճառով: Ավելին, վկայություններ կան, որ Իրանը նույնպես կարող է հանդես գալ նույնանման առաջարկով:

Մոսկովյան հանդիպումներում շատ կարեւոր է նաեւ տնտեսական, իսկ ավելի ճիշտ` էներգետիկ բաղկացուցիչը: Գյուլի խոսքով, էներգակիրների գնումներին բաժին է ընկնում Թուրքիայի եւ Ռուսաստանի ապրանքաշրջանառության զգալի մասը. Թուրքիայում սպառվող բնական գազի 2/3 եւ նավթի 1/3 ներկրվում է Ռուսաստանից: Ամենայն հավականությամբ, Մոսկվայում խոսքը գնալու է «Երկնագույն հոսք - 2» նախագծի մասին, որը թույլ կտար հարավային ուղղությամբ ռուսական գազ մատակարարել Թուրքիայով: Դա, ամենից բացի, նշանակում է, որ Թուրքիան կարող է հրաժարվել Nabucco նախագծից, եթե Ռուսաստանից գազի փոխադրումը իրականացվի ավելի շահեկան գնով, քան, ասենք, Ադրբեջանից կամ Թուրքմենստանից: Հիշեցնենք, որ «Երկնագույն հոսք» նախագիծը կառուցվեց ամենակարճ ժամկետներում եւ հաջողությամբ գործում է հակառակ սկեպտիկների այն կարծիքին, որ անհնար է գազ փոխադրել Սեւ ծովի հատակով: Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ «գազային պատերազմի» ժամանակ Թուրքիան բոլորից քիչ տուժեց «Երկնագույն հոսքի» շնորհիվ: Ինչ վերաբերում է ռուսական գազի մատակարարմանը Թուրքիա, ապա 2009թ. դրանք կարող են աճել մինչեւ 25,5 միլիարդ խորանարդ մետրով, ինչը 1,7 միլիարդ խորանարդ մետրով շատ է, քան 2008թ.: ՌԴ-ն մասնակցելու է նաեւ թուրքական ԱԷԿ-ի կառուցման գործին, ինչի մասին խոսակցությունները սկսվել են դեռեւս անցյալ տարի:

Թուրքիայի նախագահի այցը ՌԴ որոշակիորեն ուղղված է ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեմ, հատկապես Էրդողանի դավոսյան արարքից հետո: Սպիտակ տան նոր վարչակազմը չափազանց զբաղված է տնտեսական ճգնաժամով, որպեսզի ականջ դնի թուրք-ամերիկյան հարաբերությունների խզման մասին Թուրքիայի «սպառնալիքներին»: Կոպիտ ասած` Բարակ Օբաման դրա ժամանակը չունի. նա փորձում է փրկել ԱՄՆ-ն ճգնաժամից, դուրս բերել զորքերի մի մասը Իրաքից եւ պայմանավորվել Մոսկվայի հետ: Այս պայմաններում ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման «անցանկալիության կամ անթույլատրելիության» մասին թուրքական հայտարարությունները պարզապես միամտություն են թվում: Տեղին է ասել, որ ՌԴ Պետական դուման դեռեւս 1995թ. ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կասրությունում, եւ դրանից ռուս-թուրքական հարաբերությունները ոչ մի ձեւով չտուժեցին, ինչպես եւ չտուժեցին ֆրանս-թուրքական հարաբերությունները: Պարզապես Բուշի վարչակազմի վրա կարելի էր ճնշում գործադրել, իսկ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի վրա` ոչ:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Ռայիսիի ուղղաթիռի կործանումից նոր մանրամասներ են հայտնել

Ռայիսիի ուղղաթիռի կործանումից նոր մանրամասներ են հայտնել Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---