Կստորագրվի՞, արդյոք, «Մայնդորֆ-2»-ը

Եթե Սարգսյան-Ալիեւ- Մեդվեդեւ հանդիպումը իսկապես տեղի ունենա, ապա կարելի է ասել, որ Լավրով- Բրադկե` ռուս-ամերիկյան տանդեմը հաջողվել է

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ռոբերտ Բրադկեի Հայաստան կատարած այցելություններից հետո, այս շաբաթ քննարկման գլխավոր հարցն է դարձել` Մոսկվայում կստորագրվի արդյոք, Մայնդորֆի երկրորդ հռչակագիրը, եթե հանդիպեն նախագահներ Սարգսյանն, Ալիեւն ու Մեդվեդեւը: Այդպիսի փաստաթղթի ստորագրումը կախված է նաեւ Թուրքիայից, որը կարող է ազդել Բաքվի վրա: Թեեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման առիթով Թուրքիայի ԱԳ նախարարի վերջին հայտարարության լույսի ներքո, կարծես, պարզ է դառնում, որ մոտ ապագայում թե' Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունների վավերացման եւ թե' Ղարաբաղի վերաբերյալ որեւէ հայտարարության ընդունումը բարդ է լինելու:

PanARMENIAN.Net - Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւը կրկին անգամ շանթահար արեց «ծրագրային» ելույթով, որով, ինչպես միշտ, ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց: Ալիեւը, մասնավորապես, հայտարարեց, որ Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆԽ համաժողովի ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդունված փաստաթուղթը «հստակորեն ցույց է տալիս հակամարտության կարգավորման ուղիները»: Նախագահի վերլուծությունների համաձայն, դրանում նշված է , որ «այդ հիմնախնդիրը պետք է լուծվի երկու երկրների տարածքային ամբողջականության շրջանակում: Գտնում եմ, որ հիմնականն այն է, որ Հայաստանն առաջին անգամ միացել եւ ստորագրել է այդ փաստաթուղթը, այդպիսով ընդունելով, որ հիմնախնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության շրջանակում: Ինչ վերաբերում է ժողովուրդների ինքնորոշմանը, ապա այն կարող է լուծում ստանալ միայն երկրների տարածքային ամբողջականության պահպանման դեպքում: Բոլոր միջազգային փաստաթղթերն աջակցում են միայն այդպիսի մոտեցմանը»:

Սկզբունքորեն որեւէ նոր բան չի ասվել. Բաքվի իշխանությունները ասում են միայն այն, ինչ որ ուզում է լսել «Ադրբեջանի հասարակությունը»: Ճիշտ է, Մյունխենից հետո Ալիեւը մի փոքր թուլացրել էր ռազմատենչ տրամադրությունները, սակայն այս անգամ էլ չկարողացավ իրեն զսպել եւ հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է ավելի ուժեղացնի իր դիրքերը` ամրապնդելով տնտեսությունն ու բանակի ներուժը:

«Մեր ռազմական ուժի ընդհանուր ծախսերը մոտավորապես 2 մլրդ է: Մենք այդ հարցում պետք է ավելի ակտիվացնենք մեր ջանքերը: Գտնում եմ, որ Ադրբեջանի զինվորական ներուժի եւ բանակի ուժեղացումը բանակցային գործընթացում կարեւոր դեր կխաղա: Ես կարծում եմ, որ վերջին ժամանակաշրջանում բանակցությունների դինամիկան, այսինքն` դրական տեղաշարժերի դինամիկան նաեւ Ադրբեջանի տնտեսական, քաղաքական եւ ռազմական ներուժի աճի արդյունք է», - ասել է Իլհամ Ալիեւը:

Մենք արդեն գրել ենք, որ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն` իր երկրի ռազմական հզորության մասին, վերջիվերջո կարող են ստիպել շահագրգիռ կողմերին ստուգել` արդյոք այդ հայտարարությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը: Հակառակ դեպքում կարող է պատահել այն, ինչ եղավ 1994 թ., երբ Հեյդար Ալիեւը հարձակումը կանգնեցնելու համար համաձայնվեց հրադադարի` հանգիստ թողնելով Ղարաբաղի Հանրապետության շուրջ անվտանգության գոտին: Թե ինչի կհասցնի Ադրբեջանի ներկա նախագահի նունանման քաղաքականությունը, դժվար է ասել: Նա ո'չ քաղաքական ճանաչում ու կշիռ ունի, ո'չ իր հոր քաղաքական հոտառությունը:

Սակայն, ամենայն հավանականությամբ, «Մայնդորֆ-2»-ը կստորագրվի: Չգիտես, թե ինչու Թուրքիայի ԱԳ նախարարը խառնվել է եւ արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման մասին հայտարարություն արել, որն, ի դեպ, այլ պետության ներքին գործերին միջամտել է նշանակում: Բայց սա էլ կարելի է բացատրել այն բանով, որ Անկարան որոշել է հեռանալ Բաքվից, եւ այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան յուրօրինակ «արդարացման» միջոց: Սակայն, Թուրքիան Ադրբեջանի առաջ արդարանալու կարիք չունի եւ կարող է պատահել, որ հենց այդ հայտարարությունը վերջ դնի խուլի հետ կույրի երկխոսությանը:

Եթե Սարգսյան- Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպումն իսկապես տեղի ունենա, ապա կարելի է ասել, որ Լավրով- Բրադկե` ռուս - ամերիկյան տանդեմը հաջողությամբ է իրականացվել: Իսկ եթե` ոչ, ապա հարցով շահագրգիռ երկրները կգտնեն այլ, ավելի ծանրակշիռ լծակներ` Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, որովհետեւ այս դեպքում Երեւանը հանգիստ է եւ գիտի, որ ոչ ոք եւ ոչինչ չի ստիպի իրեն փոխել իր դիրքորոշումը: Նույնիսկ պատերազմը սպառնալիք չէ, քանի որ միջնորդները հենց դրանից են ուզում խուսափել եւ թույլ չտալ: Իհարկե, իր վերջին ելույթով, կարծես, Ալիեւը այլեւս չէր ասում` գնանք ու ազատագրենք, սակայն միշտ պետք է պատրաստ լինել, առաջին հերթին` պատերազմին:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Ռայիսիի ուղղաթիռի կործանումից նոր մանրամասներ են հայտնել

Ռայիսիի ուղղաթիռի կործանումից նոր մանրամասներ են հայտնել Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---