Իրանն ու Թուրքիան կարո՞ղ են տարածաշրջանից դուրս մղել ՌԴ-ին ու ԱՄՆ-ին

Իրանը կարող է որոշակի դերակատարություն ունենալ տարածաշրջանում որպես խաղաղարար ու կայունացնող գործոն

Ըստ տարածաշրջանային վերջին իրադարձությունների, Իրանը սկսում է գնալով ավելի նշանակալի դեր կատարել ամենատարբեր գործընթացներում, ուղղակիորեն չմասնակցելով դրանց, եւ կարող է զգալիորեն փոխել ընդհանուր պատկերը: Ինչպես միշտ «նոր իրավիճակի» հիմքը դրեց Ռուսաստանը, ձգձգելով C-300 հրթիռազենիթային համալիրների խոստացած առաքումները: Ընդ որում, դա առաջին անգամը չէ, որ արվում է` ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ հերթական «խորհրդակցություններից» հետո:

PanARMENIAN.Net - Որպես օրինակ, կարելի է նշել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այցը Մոսկվա: Նրա այցի հիմնական նպատակը համարվում էր Իրանի դեմ կոշտ պատժամիջոցների (ներառյալ էներգակիրների առեւտրի սահմանափակումները) կիրառման վերաբերյալ Մոսկվայի համաձայնության կորզումը: Իսլամական հանրապետության համար, որի արտահանման 80 տոկոսը նավթն է կազմում, այդ միջոցները կարող են շատ ցավոտ լինել: Երկրորդ հարցը վերաբերում էր Իրան ռուսական C-300 հրթիռազենիթային համալիրների առաքմանը: ՌԴ պաշտոնյաները մինչ այժմ հայտարարում էին, թե Ռուսաստանը իրավունք ունի կատարելու այդ համաձայնագրի պայմանները, որոնք վաղուց են կնքվել Իրանի հետ եւ «պաշտպանական նշանակություն» ունեն:

C-300-ի առաքումների ձգձգմանը անհապաղ արձագանք եղավ, ընդ որում այն կողմից, որտեղից ոչ ոք չէր սպասում` Թուրքիայից: Թուրքիան հրաժարվում է երկկողմ համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ հակահրթիռային ռադարի տեղակայման մասին, որը նախատեսված էր Իրանին հետեւելու համար եւ կոչված է փոխարինելու այն օբյեկտը, որը նախկինում նախատեսվում էր տեղադրել Չեխիայում: Ըստ բրիտանական «The Financial Times»-ի, Անկարան պահանջում է, որ ռադարի տեղադրումը ՆԱՏՕ-ի մյուս երկրների աջակցությունը ստանա:

Թուրքիան ձգտում է հավասարակշիռ հարաբերություններ պահպանել ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի հետ, ուստի չի ցանկանում, որ ռադարի տեղակայումը դիտվի որպես երկկողմ գործարք, ուղղված Թեհրանի դեմ: Ըստ Անկարայի, եթե իր տարածքում ռադար տեղադրվի, նա պետք է դառնա ՆԱՏՕ-ի ՀՀՊ ընդհանուր համակարգի մի մասը, որը ֆինանսավորվում է ՆԱՏՕ-ի բյուջեից: Չմոռանանք նաեւ Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարի Իրան կատարած այցի մասին, որն ամրապնդեց ռազմավարական գործընկերությունը: Թուրք-իրանական տանդեմը կարող է եթե ոչ վերջնականապես, ապա գոնե մասնակիորեն դուրս մղել ՌԴ-ին ու ԱՄՆ-ին տարածաշրջանից: Հանուն դրա կարելի է ամեն ինչի դիմել, իսկ Թուրքիայի դեպքում` նաեւ գնալ Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացման:

Մինչդեռ, Իրանը որպես խաղաղարար ու կայունացնող գործոն տարածաշրջանում կարող է որոշակի դեր ունենալ: Այդպես Իրանը հանդես է գալիս հայ-թուրքական սահմանի բացման օգտին: Ըստ ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանի, Իրանը պատրաստ է նպաստել ցանկացած նախաձեռնության, որն ուղղված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը: «Մեզ համար կարեւոր է, որ Հայաստանը կարգավորի հարաբերությունները ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ Ադրբեջանի հետ: Իրանը լավ հարաբերություններ ունի տարածաշրջանի բոլոր երկրների հետ եւ պատրաստ է ջանքեր գործադրել հայ-թուրքական սահմանի բացման համար»,-ասել է դիվանագետը: Նա չի շրջանցել նաեւ ղարաբաղյան կարգավորումը: «Պաշտոնական Թեհրանը միշտ կողմ է եղել եւ շարունակում է կողմ մնալ, որ խնդիրը խաղաղ լուծում ստանա, բանակցությունների միջոցով եւ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Ղարաբաղյան հակամարտությունն երկար պատմություն ունի, եւ իրանական կողմը նույնպես ջանքեր է գոծադրել հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի կնքման համար»,-ասել է Սաղայանը:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան գոտում խաղաղապահների տեղակայմանը, ապա դեսպանը հայտարարել է, որ, հաշվի առնելով այն փաստը, որ Իրանը սահմանակից է Ղարաբաղի ազատագրված տարածքներին, Թեհրանն իր սեփական դիրքորոշումն ունի այս հարցում` հավելելով, որ բացառում է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը հակամարտության գոտում: Փաստորեն, Թեհրանը կոչ է արել ճանաչել ընդհանուր սահմանը Արցախի Հանրապետության հետ, ինչն անհապաղ առաջացրեց Բաքվի դժգոհությունը: Սակայն, Իրանի հետ Ադրբեջանն ոչ միայն չի ցանկանում վիճաբանել, այլ նաեւ չի կարող` քաշային կարգերն են տարբեր: Թեհրանին չես վախեցնի նավթով ու գազով, առավել եւս Հարավային Ադրբեջանի հանդեպ տարածքային նկրտումներով:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում հնարավոր պատերազմին, ապա Իրանը չի բացառում ԱՄՆ-ի հարձակման հնարավորությունը: «Հաշվի առնելով այն իրավիճակը, որում հայտնվել են ԱՄՆ-ն Աֆղանստանում ու Իրաքում, եւ ֆինանսական ճգնաժամը, Վաշինգտոնը հազիվ թե պատերազմ սկսի Իրանի դեմ»,-ասել է Երեւանում Սեյեդ Ալի Սաղայանը` նշելով, որ պաշտոնական Թեհրանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման:

«ՄԱԳԱՏէ-ի ներկայացուցիչները 35 անգամ անսպասելի այցեր են կատարել Իրանի միջուկային օբյեկտներ եւ համոզվել են, որ Իրանը հետապնդում է ուրանի հարստացման միայն խաղաղ նպատակներ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն նախընտրական արշավի ժամանակ հայտարարել էր, որ նա փոփոխություններ կբերի իր հետ, սակայն գալով իշխանության, նա շարունակեց նախորդ նախագահ Ջորջ Բուշի քաղաքականությունը»,-ասել է Սաղայանը:

Անդրադառնալով Իսրայելի հետ հարաբերություններին` իրանցի դիվանագետն ընդգծել է, որ հնարավոր չի համարում Իսրայելի կողմից Իրանի ռազմավարական օբյեկտներին հարված հասցնելը: «Եթե Սադամ Հուսեյնի ռեժիմի դեմ 8-ամյա պատերազմի ընթացքում նրանք չկարողացան իրագործել դա, ապա այժ, երբ Իրանը շատ ավելի հզոր է, դա նրանց չի հաջողվի»,-ասել է դեսպանը:

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ն հաշտվեց նրա հետ, որ Իրանը միջուկային զենք ունի: Ինչպես հաղորդում է «Մակոր ռիշոն» պարբերկանը, նման եզրակացության են եկել բարձրագույն դիվանագիտական պաշտոնյաները Երուսաղեմում: Ինչպես պնդում են Իսրայելի կառավարության ներկայացուցիչները, ԱՄՆ-ն այս պահին պատրաստ չէ Իրանի հանդեպ այսպես կոչված «կաթվածահարող պատժամիջոցների»: Երուսաղեմում կարծում են, որ Օբաման չի ցանկանում «դռները փակել» Իրանի հետ բանակցելու հնարավորության առջեւ, իսկ մյուս կողմից Թեհրանի միջուկային ծրագիրն առաջնային չէ ամերիկյան վարչակազմի համար»:

Ըստ դիվանագիտական աղբյուրների, ԱՄՆ-ն շատ ավելի զբաղված է Աֆղանստանի ու Իրաքի խնդիրներով, իսկ դա նշանակում է, որ միայն ամռանը ամերիկացիներն ընդհուպ կմոտենան Թեհրանի խնդրի լուծմանը: Միեւնույն ժամանակ, Իրանը շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագիրը եւ տվյալ փուլում հայտնի չէ, թե արդյոք հետո ուշ չի լինի այն լուծելու համար:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի

Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի «Արտաքսման մասին օրենքի» փոխարեն կիրառվելու է «Տեղափոխման և վերաբնակեցման մասին օրենք» տերմինը

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---