Ուղիղ մեկ տարի առաջ սկսված հայ-թուրքական գործընթացն ավարտվե՞ց

Համաշխարհային հանրության արձագանքը Սերժ Սարգսյանի ուղերձին սպասելի էր. և ԱՄՆ-ին և Եվրոպային հոգնեցրել էր Թուրքիայի շանտաժը և լուրջ գործերում իրեն համարժեք պահելու անկարողությունը

Ուղիղ մեկ տարի առաջ սկսված հայ-թուրքական գործընթացն ավարտվեց, կամ, Հայաստանի նախագահի խոսքերով ասած, առկախվեց: Սակայն, բանը ոչ թե ձևակերպումների, այլ էության մեջ է: Այժմյան իրողությունն այնպիսին է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է, և դրա համար կան մի քանի պատճառներ: Մի կողմ թողնենք Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, դա երկու երկրների միջև հավերժական փորձաքար է:

PanARMENIAN.Net - Ավելի լուրջ են տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները և Հայաստանում և Թուրքիայում ընթացող ներքաղաքական գործընթացները: Այս առումով իշխող Արդարություն և զարգացում (AKP) կուսակցության դրությունն ավելի վատ է, քան Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ) կուսակցությանը: Վերջին հաշվով ՀՀԿ-ն Հայաստանում բավական ամուր դիրքեր ունի, և դեռևս չկա այնպիսի քաղաքական ուժ, որը կարող է նրան փոխարինել: Երևանի համար իրերի այսպիսի դրությունը լավագույնն է, որովհետև ով էլ գա Հայաստանում իշխանության գլուխ, Թուրքիայի նկատմամբ դիրքորոշումն անփոփոխ կմնա: Չնայած Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք փորձեր արվեցին չեզոքացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ինչպես նաև Թուրքիայի ընկալումը եթե ոչ որպես թշնամի, ապա գոնե ոչ բարյացակամ հարևան, որն անընդհատ սպառնում է ազգային անվտանգությանը: Բարեբախտաբար, Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ, ավելի ճիշտ, նրան թույլ չտվեցին կյանքի կոչել իր պլանը:

Ինչ վերաբերվում է AKP դիրքորոշմանը, ապա վարչապետ Էրդողանը կորցնում է հեղինակությունը, և այս մթնոլորտում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելը նրա համար մահացու կլինի: Թուրքական ընդդիմությունը, որն առանց այդ էլ դժգոհ է արտաքին և ներքին քաղաքականությունից, բանակի հետ կարող է տապալել վարչապետի իշխանանությունը: Հեղաշրջումներով Թուրքիային չես զարմացնի: Թեպետ մենք այս մասին բազմիցս գրել ենք:

Համաշխարհային հանրության արձագանքը Սերժ Սարգսյանի ուղերձին սպասելի էր. և ԱՄՆ-ին և Եվրոպային հոգնեցրել էր Թուրքիայի շանտաժը և լուրջ գործերում իրեն համարժեք պահելու անկարողությունը: Մեծ անակնկալ չի լինի, եթե Էրդողանին հիշեցեն վերջին ժամանակներն արված նրա բոլոր արտահայտությունները. սկսած Իսրայելի նկատմամբ սպառնալիքներից և անօրինական հայ ներգաղթյալներից, վերջացրած Իրանի բացահայտ աջակցությամբ: Հենց վերջինը հատկապես անընդունելի է համաշխարհաին հանրության համար: Նաև անընդունելի են Հայաստանի և Սփյուռքի միջև սեպ խրելու փորձերը: Սերժ Սարգսյանի ելույթից մի քանի օր առաջ Թուրքիայի ԱԳՆ-ն շրջաբերականներ էր տարածում բոլոր դեսապանատներին, որոնցում բացատրում էր, թե ինչպես պետք է “շփվել” հայկական Սփյուռքի հետ: Այդ փաստաթուղթը տարակուսանքից և քմծիծաղից բացի ոչինչ չի կարող առաջացնել: Ահա օրինակ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս. շփման մեջ մտեք և կապեր հաստատեք ձեր գտնվելու երկրի հայկական լոբբի հետ: Հրավիրեք նրանց ձեր միջոցառումներին, գնացեք նրանց միջոցառումներին և փորձեք նրանց բացատրել Թուրքիայի դիրքորոշումը: Շփվեք նաև հայ դիվանագետների հետ և նրանց ևս հրավիրեք ձեր միջոցառումներին: Ձեր գտնվելու երկրներում կապեր հաստատեք հասարակության հետ և բացատրեք 1915թ. իրադարձությունների էությունը: Հատկապես ուշադրություն դրաձրեք Հայաստանի հետ ստորագրած Արձանագրություններին և հիշեցրեք “ցեղասպանությունն” ուսումնասիրող պատմակայն հանձնաժողով ստեղծելու կետի մասին: Ձեր գտնվելու երկրներում պատմեք նաև ղարաբաղյան հակամարտությունը լուծելու անհրաժեշտության մասին տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Բայց հատկապես “հիացնում է” 3-րդ կետը: “Հայկական սփյուռքի ներկայացուցիչներն արտասահմանում երեք խմբի են բաժանվում: Առաջինը բիզնես է արել ցեղասպանության հողի վրա, երկրորդ խումբը Թուրքիայից եկած մարդիկ են և մինչև այժմ կապ ունեն մեր երկրի հետ, և երրորդ խմբում մարդիկ են, որոնք թշնամաբար են տրամադրված Թուրքիայի հանդեպ: Կապեր հաստատեք այդ խմբերի ներկայացուցիչների հետ և հրավիրեք այցելել Թուրքիա”:

Այս ամենն ասվում և գրվում է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի նախօրեին: Բայց կա թուրքական հակաքարոզչության ևս մի ոլորտ, որը չգիտես ինչու հայկական կողմից բավական ջերմ է ընդունվում: Խոսքը գնում է “Հայեր, ներեք մեզ” ակցիաների և թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու մասին: Այս ամենն արվում է նրա համար, որպեսզի համոզեն հայերին, որ Թուրքիան այդքան էլ վատը չէ և ընդամենը զրոյական հարաբերություններ է ցանկանում հարևանների հետ: Մենք մտածված կերպով չենք խոսում ղարաբաղյան հակամարտության մասին, քանի որ այդ մասին խոսվում է ուրիշ տեղում և ուրիշ դիրքերից:

Եթե ամփոփենք այս ամենը, կստացվի, որ Հայաստանը, որքան էլ տարօրինակ լինի, հաղթել է հերթական ռաունդում և դա կարելի է համարել միջանկյալ վերջնակետ: Եթե Թուրքիան ամեն դեպքում համաձայնվի շարունակել գործընթացը, կնշանակի ԱՄՆ կողմից ճնշումը գործել է: Եթե ոչ…ուրեմն` ոչ: Ուղղակի այս ողջ պատմության մեջ անհասկանալի մնաց Ռուսաստանի դիրքորոշումը` հայկական կողմն այդպես էլ ոչ մի հստակ մեկնաբանություն չստացավ ՌԴ ԱԳՆ կողմից, և դա հիմքեր է տալիս ենթադրելու, որ ռուսական դիվանագիտությունը մնացել է 1915թ., երբ նրա թողտվությամբ և լուռ համաձայնությամբ կոտորվեց մի ողջ ժողովուրդ: Սակայն ցանկալի է մտածել, որ ժամանակները փոխվել են:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---