Յուրաքանչյուրն ունի իր «մահվան  քայլերգը»

Յուրաքանչյուրն ունի իր «մահվան քայլերգը»

Օսմանյան կայսրության փայլը և հպարտությունը ոտնատակ արվեցին, անարգվեցին ոչ մի բան անել չկարողացող ցեղերի և մարդասպանների հրոսակների կողմից

Սկզբից անապատը մահացած էր, անկյանք, միայն քամին էր փչում ավազաթմբերի վրա, և ժամանակ առ ժամանակ անցնում էին քարավանները: Հետո այն լցվեց ձայներով, սկզբից ձայներն անհասկանալի էին, կարծես ինչ-որ մեկը ոտքերը քարշ էր տալիս ավազի վրայով: Հետո ձայները շոշափելի դարձան՝ անապատը կենդանացավ, դողդղաց հարյուրավոր բոբիկ ու վիրավոր ոտքերի ծանրության տակ: Եվ հետո լսելի դարձան տնքոցներ, ճիչեր և անվերջ կրակոցներ:

PanARMENIAN.Net - Օսմանյան կայսրության մեկուկես միլիոն քաղաքացիներ միայն այն պատճառով, որ հայ են ծնվել, սկսեցին իրենց ուղին դեպի անհայտություն, դեպի հավերժություն: Միլիոնավոր քսքստացող ոտքերից երկիրը գվվում էր: Օսմանյան կայսրության փայլը և հպարտությունը ոտնատակ արվեցին, անարգվեցին ոչինչ անել չկարողացող ցեղերի և մարդասպանների հրոսակների կողմից: Թեև նրանք մի բան կարողանում էին անել՝ սպանել, հասցնելով հնարամտությունը գրեթե կատարելության: Գերմանացիներն իրենց գազային խցիկներով ուղղակի նմանակողներ էին: Ճիշտ է, Երկրորդ համաշխարհային պատերազմում մարդու կողմից իր նմանին ոչնչացնելը, կարելի է ասել, դրված էր արդյունաբերական հիմքի վրա: Որոշ տվյալներով, միջին տարիքի մեկ առողջ հրեան արժեր հինգ հարյուր մարկ: Այսինքն այն, ինչ նրանից մնացել էր՝ ատամները, մազերը, մաշկը: Բայց սպանության էությունը դրանից չի փոխվել, կարելի է որքան ասես խոսել Հայոց ցեղասպանության և Հոլոքոսթի զոհերի անհամարժեքության մասին, համեմատել մեկուկես միլիոնը վեցի հետ: Կարելի է, բայց յուրաքանչյուրն ունի իր «մահվան քայլերգը», և ով գիտի, ինչն է ավելի սարսափելի, դեգերել անապատում, իմանալով, որ դառնալու ես ավազակների զոհ կամ գնալ գազային խցիկներ… Օսմանյան կայսրությունում ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հյուպատոսների մեզ հասած հիշողությունների համաձայն, ամենասարսափելին, որ կարելի էր տեսնել այն բանից հետո, երբ անհայտություն էր գնացել թալանված և կեղեքված հայերի հերթական քարավանը, շների ոհմակներն էին, կշտացած մարդկային մսով, որոնք նույնպես վերածվել էին գիշատիչների իրենց տերերի նման:

1915-ի ապրիլի 24-ն ընդունված է համարել Հայոց ցեղասպանության սկիզբը, բայց իրականում այն վաղուց է սկսել, դեռևս արյունարբու սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի օրոք, ում հայերի իսպառ բնաջնջումից ետ պահեց Բեռլինի պայմանագիրը: Ինչ չհասցրեց կատարել սուլթանը, ավարտեցին երիտթուրքերը: Այդ ամենն արդեն պատմություն է, որն ի զորու չէ փոխել ներկա թուրքական կառավարությունը: Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների բնաջնջումը սկսվել է Կոստանդնուպոլիսի անկումից 1453-ին և երբեք չի ավարտվել: Այն շարունակվում է նաև մեր օրերում. Հրանտ Դինք, Սևակ Շահին Բալիչկի, այդ ցուցակը կարող է շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան իր մեջ քաջություն չի գտնի և չի ասի. այո, դա եղել է Ցեղասպանություն: Իսկ մինչ այդ Թուրքիայում սպանելու են քրիստոնյաներին:

Ցավոք սրտի, հայերը միամիտ են և դյուրահավատ, չնայած ամեն ինչին: Այսօր մենք գրեթե ուրախությամբ խոսում են հիշատակի ակցիաների մասին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում և Հայդար փաշա կայարանի մոտ, որտեղից տարվել է կայսրության հայ մտավորականությունը՝ ավելի քան 250 հոգի: Նրանք շատ քիչ գնացին, հերթական կիսակայարանում գրողները, բժիշկները, լրագրողները դուրս բերվեցին վագոններից և բարբարոսաբար սպանեցին՝ նրանց գլուխները ջնջխեցին:

Եվ այսօր 97 տարի անց երբեք չի կարելի մոռանալ այն մասին, թե ինչ են արել նրանց հետ, որովհետև պատմությունը կրկնվելու միտում ունի:

Ավազը ծածկեց հետքերը և երբեմն մակերեսին հայտնվում են անմեղ սպանվածների փտած ոսկորները: Իսկ Դեյր էզ Զորի անապատը շարունակում է ապրել իր կյանքով...

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ

Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---