2012-ի ընտրություններ. հայկական ընդդիմության տապալումը

2012-ի ընտրություններ. հայկական ընդդիմության տապալումը

Ինչպես նշել են որոշ հայ փորձագետներ, մայիսի 6-ի ընտրությունները ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի համար «կարապի երգ» դարձան

Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն արձանագրեցին գործող իշխանությունների ջախջախիչ հաղթանակն ի դեմս իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության և կոալիցիայում նրա գործընկեր-մրցակից «Բարգավաճ Հայաստանի»: Այդ երկու կուսակցությունները ներկա կոալիցիայի մեջ մտնող «Օրինաց երկիր» կուսակցության հետ նոր գումարման Ազգային ժողովում 131 մանդատներից վերցրել են 112-ը:

PanARMENIAN.Net - Սակայն ավելի տեղին է անցած ընտրությունները դիտարկել ոչ թե որպես իշխանությունների հաղթանակ, այլ ավելի շուտ ընդդիմության պարտություն, մասնավորապես նրա արմատական թևի՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ): Ընտրությունները ցույց տվեցին Հայաստանի քաղաքական կյանքի ողջ պարադոքսությունը և անհեթեթությունը, երբ, չնայած երկրում սոցիալ-տնտեսական դրության վատթարացմանը, ժողովուրդն ավելի շատ ձայներ է տալիս գործող իշխանություններին:

Այդ պարտությունը հատկապես ցավալի է հասարակությունում ընդդիմադիր տրամադրությունների ուժեղացման ֆոնին, որը նախընտրական քարոզարշավից առաջ խոստովանում էին նույնիսկ իշխանությունները, սակայն ընդդիմությունը չկարողացավ դրանից օգտվել:

Անցած ընտրություններին մասնակցած 9 քաղաքական ուժերից 6-ն ընդդիմադիր էին: Եվ եթե հաշվի չառնել ակնհայտ աուտսայդերներ Կոմկուսին, Ժողովրդական կուսակցությանը և «Միավորված հայերին», ապա մնացած երեքը՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և Դաշնակցությունը, որոնք ներկայացնում են ընդդիմադիր դաշտի տարբեր հատվածները, հույս ունեին օգտվել բարենպաստ պայմաններից և զրկել ՀՀԿ-ից իշխանության հեգեմոնիայից:

Այդ քաղաքական ուժերից շատ թե քիչ հաջող կարելի է համարել «Ժառանգության» արդյունքը, որը հավաքել է գրեթե նույնքան, որքան 2007-ի ընտրություններում՝ 5,79 տոկոս: Միաժամանակ պետք է նշել, որ եթե 2007-ին «Ժառանգությունը» ինքնուրույն է հասել այդ արդյունքին, դառնալով այդ ընտրությունների գլխավոր անակնկալը, ապա այս անգամ կուսակցությունն ընտրությունների էր գնացել այլ ընդդիմադիր ուժի հետ՝ «Ազատ դեմոկրատների», ինչպես նաև իր ցուցակում ընդգրկել էր հասարակական հատվածի ներկայացուցիչների: Ուստի «Ժառանգության» արդյունքներում առկա է «Ազատ դեմոկրատների» կազմակերպչական պոտենցիալի զգալի ավանդը:

«Ժառանգության» գլխավոր ձեռքբերումը դարձավ ՀԱԿ-ին մոտ արդյունքը (7,1 տոկոս), ինչն այն բանի ապացույցն է, որ ընդդիմադիր էլեկտորատը սկսում է աստիճանաբար ընդունել կուսակցությունը և նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին որպես Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա թիմի այլընտրանք:

Ինչ վերաբերվում է ընտրություններում Դաշնակցության անհաջողությանը, ապա դա մի քանի պատճառներ ունի: Եթե կուսակցությունը 2007-ին ստացել էր ձայների 13,1 տոկոսը, ապա 2012-ի ընտրություններում՝ 5,73 տոկոս: Դա կարելի է բացատրել որպես որոշ առումով վարչական ռեսուրսի կորուստ (2007-ին նա իշխող կոալիցիայի մաս էր), ինչպես նաև բնակչության մոտ հետաքրքրության կորուստ ազգային հարցերի նկատմամբ, որը միշտ եղել է ՀՅԴ հաղթաթուղթը, որոնց փոխարեն առաջին պլան է դուրս եկել սոցիալական գործոնը, ինչն արտացոլվել է ինչպես ընտրությունների մասնակիցների համատարած պոպուլիզմի մեջ, այնպես էլ ընտրակաշառքի բավական արդյունավետ զանգվածային կիրառման մեջ:

Սակայն ընտրություններում հատկապես ցավոտ հարված ստացավ ՀԱԿ-ը, որը վերջին տարիներին հանդես էր գալիս որպես գործող իշխանություններին հիմնական հակակշիռը և մրցակիցը:

2008-ից սկսած, երբ ձևավորվեց ՀԱԿ-ը, նա ունեցավ հեղինակության վերելքներ և վայրէջքներ, սակայն 2011-ի մարտից սկսած, իշխանությունների հետ քաղաքական երկխոսության գործընթացը սկսելուց ի վեր սկսվեց ՀԱԿ-ի հեղինակության հետևողական և ուժգնացող անկում: Դրա արդյունքում ՀԱԿ-ը մայիսյան ընտրություններում անցավ իր գոյության բոլոր տարիներին ամենացածր վարկանիշով: ՀԱԿ հեղինակության նվազման միտումի ապացույց են ընտրություններում նրա արդյունքները: Եթե 2008-ի նախագահական ընտրություններում ՀԱԿ առաջնորդ, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը միայն պաշտոնական տվյալներով ստացել էր 351,222 ձայն (21,5 տոկոս),ապա Երևանու Ավագանու ընտրություններում՝ 69 140 ձայն (17,5 տոկոս), և դա մայրաքաղաքում, որը միշտ ավելի ընդդիմադիր է տրամադրված եղել, քան մարզերը և հայկական ընդդիմության գլխավոր հույսն է: Այդ արդյունքների տրամաբանական շարունակությունը դարձել է ՀԱԿ-ի ցուցանիշը, ցուցակում կրկին Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում՝ 106 910 ձայն (7,1 տոկոս):

Միաժամանակ, եթե նախորդ ընտրություններում ՀԱԿ-ն իշխանություններին մեղադրում էր նրանում, որ նրանք «նկարում են» ընտրությունների արդյունքները, ապա մայիսյան ընտրությունների դեպքում ձայների հաշվարկը ՀԱԿ-ի և այլ ընդդիմադիր ուժերի կողմից կասկած չի առաջացրել:

ՀԱԿ հեղինակության նվազման մեջ իր դերը խաղացել են նրա առաջնորդների անվճռականությունը և անորոշությունն ինչպես գործող իշխանությունների հետ պայքարի ուղիների հարցում, այնպես էլ իշխող համակարգի մեկ մի թևի հետ կոկետություն անելու փորձերը (ՀՀԿ-ն և քաղաքական երկխոսության գործընթացը) և մեկ մյուս (ԲՀԿ և միջկուսակցական շտաբ):

Ինչպես նշել են որոշ հայ փորձագետներ, մայիսի 6-ի ընտրությունները ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի համար «կարապի երգ» դարձան: Միաժամանակ, բացի արտաքին խնդիրներից, Կոնգրեսում ամեն ինչ հարթ չէ հենց ներսում: Առաջին ահազանգն այն մասին, որ Տեր-Պետրոսյանի միասնական թագավորությունում ամեն ինչ կարգին չէ, դարձավ ՀԱԿ կազմից նրա առաջատար ուժի՝ ՀՀՇ-ի և նրա մի շարք ակնառու գործիչների դուրս գալը, ովքեր համաձայն չեն ՀԱԿ ընթացքի հետ:

ՀԱԿ-ում խնդիրների նախանշաններ հայտնվեցին ընտրություններին մասնակցելու համար ընտրացուցակ ձևավորելիս, երբ ՀԱԿ մեջ մտնող մի շարք քաղաքական ուժեր դուրս եկան դրանից: Եվ եթե նրանք ՀԱԿ երկրորդական անձինք էին, ապա արդեն այդ ժամանակ լուրեր տարածվեցին (որոնք հետագայում հաստատվեցին), որ ընտրություններից հետո ՀԱԿ-ը կլքի նրա ամենաակնառու գործիչներից մեկը՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Պետք է նաև նշել, որ Արամ Սարգսյանի հայտարարությունից հետո սկսեցին լուրեր պտտվել այն մասին, որ ՀԱԿ մեջ մտնող մի քանի քաղաքական ուժեր նույնպես պլանավորում են դուրս գալ նրա կազմից:

Այսպիսով կարելի է փաստել, որ մայիսի 6-ի ընտրությունների և հետընտրական գործընթացների արդյունքում ՀԱԿ-ը սպառեց իրեն և կորցրեց երկրում գլխավոր ընդդիմադիր ուժի դերը: Սակայն նրա համար ամենագլխավոր վտանգը նրանում է, որ ՀԱԿ-ն արդեն չի ընկալվում հասարակության կողմից որպես գործող իշխանությունների միակ այլընտրանքը, ինչը ՀԱԿ-ի համար հավասարազոր է մահվան, հաշվի առնելով նրա առաջնորդի և նրա թիմի անցյալը: Պետք է խոստովանել, որ ՀԱԿ շատ կողմնակիցներ քվեարկել էին ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ օգտին, որպես ՀԱԿ շարժիչ ուժ, այլ գործող իշխանությունների և նրանց կողմից իրականացվող քաղաքականության դեմ:

Իսկ հայ հասարակությանը մնում է հուսալ, որ առաջիկայում Հայաստանում կհայտնվի ինչ-որ նոր ընդդիմադիր ուժ, որը կկարողանա իշխանություններին իրական քաղաքական մրցակցություն ապահովել, և երկիրը դուրս կգա երեք նախագահների յուրօրինակ եռանկյունուց: Չէ որ, ինչպես հայտնի է, ցանկացած ոլորտում մրցակցությունն աջակցում է զարգացմանը և առաջընթացին:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
«Փաստորեն, Ադրբեջանը չի կատարել և չի կատարում ՄԱԿ ԱԽ 4 բանաձևի պահանջներից կամ կոչերից ոչ մեկը»,- գրել է Կազիմիրովը դեռ 2004-ին
Դեռ նախորդ տարվա մայիսին ՀՀ վարչապետը կարծում էր, որ Հայաստանի համար Մաքսային միություն ընդգրկվելն իմաստազուրկ է աշխարհաքաղաքական պատճառներով
Անգամ եթե ռացիոնալ պատերազմը կանխատեսելի չէ, արկածախնդրայինը հավանական է
Բաքուն իրեն չէր ների, եթե համանախագահների հայտարարությանն անհամաձայնություն հայտնելու առիթ չգտներ
 Ուշադրության կենտրոնում
Սահմանամերձ համայնքների հարկային արտոնությունների մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունվել է

Սահմանամերձ համայնքների հարկային արտոնությունների մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունվել է 97 կողմ և առանց դեմ ու ձեռնպահ ձայների երկրորդ ընթերցմամբ ընդունվել է նաև «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը

 Բաժնի այլ նյութերը
Դինա Մալիշևա. Հայաստանի իշխանությունների առջև քաղաքական ապակայունացումը կանխելու խնդիր է ծառացած Քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը տարածաշրջանային բնութ է կրում, դա պահանջում է հատուկ մոտեցում Հայաստանի պաշտպանական ներուժի ամրապնդմանը
Նոր ՀՀՇ` հին դեմքերով կամ վերադարձ «հայրական տուն» Մինչև աշուն հին նոր ՀՀՇ-ն դեռ շատ անելիքներ ունի, կգտնի՞ այն իր տեղը հայրենի քաղաքական արևի տակ, ցույց կտա ժամանակը
Պայքար՝ հարուստ ու համեստ ֆինանսական միջոցներով. Հաշվում ենք քաղաքային հնարավոր իշխանությունների փողերը Ընտրություններին մասնակցող կուսակցություններից ամենահարուստը ՀՀԿ-ն է, նրան հաջորդում է ԲՀԿ-ն, համեստ են ՀԱԿ-ի և «Բարև, Երևան»-ի ֆինանսական միջոցները