Վրաստանը փորձում է գոհացնել բոլորին. Ադրբեջանի, Ռուսաստանի, Արևմուտքի հարցում առայժմ չի ստացվում

Վրաստանը փորձում է գոհացնել բոլորին. Ադրբեջանի, Ռուսաստանի, Արևմուտքի հարցում առայժմ չի ստացվում

Իր մահմեդական հարևաններին գոհացնելու համար Սահակաշվիլին արել է ամեն բան, որպեսզի իր երկիրն ամբողջովին կախված լինի Բաքվից մատակարարվող էներգառեսուրսներից

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցության պարտությունը կարող է հանգեցնել, եթե արդեն չի հանգեցնում, որոշակի տարածաշրջանային փոփոխությունների: Խոսքն Ադրբեջանի և Վրաստանի, իսկ մոտ ապագայում, հնարավոր է նաև, Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների մասին է:

PanARMENIAN.Net - Ինչպես գրում են Ադրբեջանում, Վրաստանի էկոնոմիկայի նոր նախարար Գեորգի Կվիրիկիշվիլին չի բացառել ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ-ի» և Ադբեջանի Պետական նավթային ընկերության միջև կնքված համաձայնագրի վերանայումը: Ըստ նրա, չի կարելի ճիշտ համարել այն, որ ներդրողը միջոցներ է ներդնում երկրում և ցանկանում է 5 տարվա ընթացքում շահույթ ստանալ: «Կարգավորող հանձնաժողովների միջոցով ներդրողները չպետք է խախտեն սպառողների իրավունքները»,-կարծում է նա: Իսկ մինչ այդ Վրաստանի նոր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ մտադիր է նվազեցնել հանրապետություն մտնող գազի սակագինը:

Բոլոր այս անսպասելի հայտարարությունները և դեմարշերը առնչվում են Ադբեջանի Պետական նավթային ընկերության (SOCAR) շահերին, որը բոլորովին վերջերս գնել է «Ինտերա-Գրուզիա» ընկերությունը (ITERA InternationalEnergy LLC-ի «դուստրը»): Այս ձեռքբերման շնորհիվ SOCAR-ը իրավունք է ստացել Վրաստանի ամբողջ տարածքում, բացառությամբ Թբիլիսիի, գազի անմիջական վաճառք իրականացնել: Նոյեմբերի 3-ին SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևը ադրբեջանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում մեկնաբանել է Գեորգի Կվիրիկիշվիլիի հայտարարությունը: Աբդուլլաևը հույս է հայտնել, որ Վրաստանի նոր կառավարության էյֆորիան կանցնի և վրացի գործիչնորի խոսքերը կհամընկնեն իրականության հետ: Նա հայտարարել է, որ նմանատիպ հայտարարություններն իրականում հանդիսանում են Վրաստանում հենց նոր ավարտված ընտրական գործընթացի մի մաս:

Իր մահմեդական հարևաններին գոհացնելու համար Սահակաշվիլին արել է ամեն բան, որպեսզի իր երկիրն ամբողջովին կախված լինի Բաքվից մատակարարվող էներգառեսուրսներից: Որպես դրա հետևանք է հանդիսանում Հայաստանի մեկուսացումը խողովակաշարերից և տարածաշրջանային ինտեգրացիայից: Թե ինչի մասին էր նա մտածում, երբ ենթարկվում էր Ալիևին և Էրդողանին, կարելի է միայն ենթադրել: Պարզ է միայն մի բան, որ որպես քրիստոնյայի` մարդուն հարիր չէ անել այն, ինչ ասում են մահմեդականները: Սակայն թողնենք վերջին 10 տարիների ընթացքում կատարված արարքները Սահակաշվիլիի խղճին, եթե նման բան նա առհասարակ ունի: Ի վերջո, գազի ներմուծումը Վրաստան Հայաստանին չի վերաբերում: Սակայն երկաթուղու աբխազական ճյուղի հնարավոր բացումը շատ ավելի լուրջ է: Բաքվում արդեն հիսթերկ բնույթի հայտարարություններ են արվում: «Եթե Աբխազիայի միջոցով Հայաստանի հետ երկաթգծային հաղորդագրությունը վերականգնվի, ապա Ադրբեջանը կարող է աջակցել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անջատողական ռեժիմներին»,-հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Մուսա Հասիմլին:

Ինչպես գրում են ադբեջանական ԶԼՄ-ները, Իվանիշվիլիի հայտարարությունները` Հայաստանի հետ երկաթգծային հաղորդակցությունը Ռուսաստանի կողմից կառավարվող Աբխազիայի միջոցով վերականգնելու մասին, Ադրբեջանում «անհանգստություն են առաջ բերում»:

Փորձագետները կարծում են, որ Վրաստանի վարչապետի նման քաղաքականությունը կարող է վնաս հասցնել Ադրբեջանի հետ հարաբերություններին:

Հասիմլիի խոսքով, Իվանիշվիլիի վարած քաղաքականությունը չի կարող դրական արձագանք ստանալ: «Վրաստանը պետք է հաշվի առնի Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունները: Վրաստանի տնտեսական և սոցիալական դիրքն անմիջականորեն կախված է Ադրբեջանից: Եթե հայամետ քաղաքականությունը շարունակվի, ապա Ադրբեջանը ստիպված կլինի համապատասխան քայլեր ձեռնարկել»,-ասել է նա: Պատգամավորի կարծիքով, եթե Ադրբեջանը ստիպված լինի համապատասխան քայլեր ձեռնարկել, ապա դրանք Վրաստանի համար ոչ մի դրական արդյունքների չի հանգեցնի:

Հասիմլին կոչ է անում նոր վարչապետ Իվանիշվիլիին «դադարել անհասկանալի հայտարարություններ անել և հասկանալ, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական հարաբերություններին վնաս հասցնելը բացասաբար կանդրադառնա, առաջին հերթին հենց Վրաստանի վրա»: Իսկ տխրահռչակ ադրբեջանցի քաղաքագետ, «Ալիևի հեքիաթները» ներկայացնող Մուբարիզ Ահմեդօղլուն կարծում է, որ Վրաստանը, կարծես թե, չեզոք դիրք է զբաղեցնում ղարաբաղյան հակամարտությունում, սակայն հակված է աջակցելու Հայաստանին: Նրա կարծիքով, Ադրբեջանը «պետք է վերանայի Վրաստանի հետ պայմանագրերն ու համաձայնագրերը»: Ահդմեօղլուի խոսքով, Ադրբեջանը շատ զիջումների է գնում Վրաստանին` շատ էժան վաճառելով գազը, սակայն Վրաստանի կողմից «պատասխան քայլերը նկատելի չեն»:

Սահակշվիլիի թողած ժառանգությունը Վրաստանը դեռևս երկար է «վայելելու», եթե իսկապես ցանկանում է փոխել երկրի կերպարը և «ժողովրդավարության փարոսից» նորմալ պետության վերածվել: Այդ ճանապարհը երկար և բարդ է. հարևանների հետ հարաբերությունների վերանայումը միշտ չէ, որ հեշտ է, և եթե հանկարծ Ադրբեջանն ու Թուրքիան խոսքերից գործի անցնեն, ապա Թբիլիսիին կմնա միայն հույսը դնել Մոսկվայի վրա` որքան էլ, որ դրանից խուսափեն վրացի առաջնորդները: Արևմուտքն արդեն խաչ է քաշել Վրաստանի վրա, ուստի նրանից օգնություն ակնկալել պետք չէ: ԱՄՆ նոր-հին նախագահ Բարաք Օբամայի համար առհասարակ միևնույն է Վրաստանը. նա իր խնդիրներն ունի: Եթե նախագահ դառնար Ռոմնին… Սակայն պատմությունը «եթե-ներով» չի կերտվում: Այնպես որ Իվանիշվիլին պետք է կողմնորոշվի` թեև դա չափազանց բարդ է:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին

Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---