Մոսկվա-Բաքու. Բարեկամությունը բարեկամություն, սակայն շահերը տարբեր են

Մոսկվա-Բաքու. Բարեկամությունը բարեկամություն, սակայն շահերը տարբեր են

Ռուսաստանի դեմ և Արևմուտքի կողմից խաղալու անզուսպ ցանկությունը ոչ մի հետխորհրդային հանրապետության համար դեռ լավ չի ավարտվել

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները, որոնք գրեթե նորմալ էին Դմիտրի Մեդվեդևի նախագահության ժամանակ, սկսել են վատանալ, ընդ որում, բավականին արագ տեմպերով և ամենահետաքրքիրն այն է, որ Բաքվի նախաձեռնությամբ: Եթե ճիշտ է, որ նավթը կուրացնում է աչքերը, և որ նավթադոլարները կարող են ցանկացածի մոտ գլխապտույտ առաջացնել, ապա Իլհամ Ալիևը, կարծես, կրակի հետ է խաղում:

PanARMENIAN.Net - Ռուսաստանի դեմ և Արևմուտքի կողմից խաղալու անզուսպ ցանկությունը ոչ մի հետխորհրդային հանրապետության համար դեռ լավ չի ավարտվել, ինչի վառ օրինակն է Վրաստանը: Եվ ոչ միայն Վրաստանը, այլև միջինասիական հանրապետությունները: Սակայն Բաքուն համառորեն չի ցանկանում տեսնել այն, ինչ կա իրականում, և ադրբեջանական ԶԼՄ-ները «պալատային» քաղաքական գործիչների շուրթերով սկսել են ակտիվ հակառուսական քարոզչություն: Հետաքրքիրն այն է, որ Բաքվում իսկապես կարծում են, որ Ադրբեջանի կողմից իրականացվող անկախ արտաքինքաղաքական կուրսի պատճառով, Կրեմլի յուրաքանչյուր քայլը ցուցադրում է իր նկատմամբ կոշտություն և անգամ ագրեսիվություն: Մոսկվան մեղադրվում է Ադրբեջանի դեմ սադրանքներում, ինչն արտահայտվում է Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միության ստեղծմամբ: Միության մեջ ներառվել են խոշոր ռուսաստանցի գործարարներ, ովքեր ծնունդով Ադրբեջանից են, և որոնց թվում է նաև Իլհամ Ալիևի խնամի Արաս Ագալարովը: Այս միությունն արդեն ոչ պաշտոնապես կոչվում է «միլիարդատերերի ակումբ» և այն բավականաչափ ուժ ունի, որպեսզի Ալիևն իրեն «անհարմար» զգա:

«Բացի այդ, Մոսկվան լարվածություն է ստեղծում ադրբեջանական սահմանների մոտ: Այսպես, Դաղստանում` Ադրբեջանի սահմանների մերձակայքում,Ռուսաստանը կենտրոնացնում է ռազմական ուժեր, որոնք տեղափոխվել և վերաբաշխվել են Չեչնիայից: Ռուսաստանն ամրապնդում է Կասպիայի իր ռազմա-ծովային նավատորմը»,-գրում են ԶԼՄ-ները: Հետաքրքիր է` երբվանից է Կասպից ծովը դարձել միայն ադրբեջանական: Ռուսական նավատորմը Կասպիայում եղել է դեռևս այն ժամանակ, երբ ադրբեջանցիներ անգամ գոյություն չունեին, այլ կային միայն կովկասյան թաթարներ: Ավելի ուշ նրանք գրում են. «Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը հետագայում նվազեցնելու նպատակով, Ադրբեջանի կառավարությունը փորձում է Մոսկվային զիջել որոշ հարցերում: Այսպես, երկրի Նավթային ֆոնդը որոշել է իր արժետոմսերի մի մասը ռուբլային դեպոզիտի տեսքով պահպանել ռուսական բանկերում, թեև փորձագետները ռիսկային են համարում դեվալվացիայի ենթական ռուսական արժույթում ներդրուներ կատարելը: Եթե անգամ Ադրբեջանը որոշել է քաղաքական քայլ անել, ապա ավելի նպատակահարմար կլիներ միջոցներ ներդնել ռուսական ընկերությունների արժետոմսերում»: Զիջումների մասին խոսելը, կարծես, ավելորդ է. դա նույն բանն է, եթե խոսք գնար այն մասին, որ, օրինակ, Քաթարը զիջումների է գնում ԱՄՆ-ին և Վաշինգտոնին թույլ տա ինչ որ բան անել: Հնարավոր է, որ համեմատությունը մի փոքր չափազանցեցված է, քանի որ ԱՄՆ-ին և Ծոցի նավթային միապետերին միանգամայն այլ շահեր են կապում, քան Բաքվին և Մոսկվային: Այս դեպքում Մոսկվան ցանկանում է ցույց տալ, թե ով է տանտերը, իսկ Բաքուն ասում է` իմ տունն է, ինչ ցանկանամ, այն էլ կանեմ: Եվ սա Դմիտրի Մեդվեդևի կառավարման ամենախոշոր անհաջողություններից էր:

Ապագայում Ռուսաստանում կարող են փակվել շուկաներ, որտեղ հիմնականում աշխատում են ադրբեջանցիներ: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաղորդել է, որ այս գործընթացը կավարտվի 2013-ի հունիսին:

Եթե հաշվի առնել այն, որ 2013-ը Ադրբեջաբում նախագահական ընտրությունների տարի է, ապա տասնյակ հազարավոր հայրենակիցների վերադարձը հայրենիք, կարող է լուրջ խնդիրներ ստեղծել իշխանությունների համար: Բնակչության զգալի մասը, հատկապես Ադրբեջանի շրջաններում, ապրում է Ռուսաստանում արտագնա աշխատանքների մեկնած բարեկամների գումարային փոխանցումների հաշվին: Այնտեղ բնակվում է մոտ 3 մլն ադրբեջանցի, ովքեր վաստակած միջոցներով հայրենիքում բնակվող իրենց ընտանիքներն են պահում:

Ադրբեջանի բյուջեից աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների համար տրամադրվում է տարեկան մոտ 3 մլրդ դոլար: Եթե հաշվի առնել, որ Ռուսաստանում 3 մլն ադրբեջանիցներից յուրաքանչյուրը տարեկան տուն է ուղարկում 1000 դոլար, ապա կստացվի նույն թիվը` 3 մլրդ դոլար: Դա այն գումարն է, որը փոխադրվում է բանկերի միջոցով: Սակայն իրականում, կան նաև կանխիկ գումարով փոխանցումներ, որոնք իրականացվում են հարազատների միջոցով: Դրանք պաշտոնական վիճակագրությունում հաշվի չեն առնվում:

Փորձագետները ենթադրում են, որ Ռուսաստանի կողմից ներդրվող սահմանափակումները ամենաշատը կանդրադառնան Ադրբեջանի շրջանների բնակիչների վրա, իսկ երկրի նահանգներում սոցիալական վիճակը էլ ավելի կվատանա: Մյուս կողմից, արտագնա աշխատանքների մեկնածների վերադարձը խնդիրներ կառաջացնի բնակչության զբաղվածության ոլորտում, քանի որ մարդիկ աշխատավայրեր չեն ունենա: Այս ամենը նախագահական ընտրությունների տարում լրացուցիչ խնդիր կստեղծի կառավարության համար և կհանգեցնի ինչպես սոցիալական, այնպես էլ հասարակական-քաղաքական լարվածության սրմանը:

Բացի այդ, ադրբեջանցի քաղաքագետների կարծիքով, Կրեմլը ճնշում է գործադրում Ադրբեջանի մասնակցությամբ միջազգային ծրագրերի վրա: Այսպես, վերջերս քննադատության օբյեկտ է դարձել TANAP-ը , որը պատրաստվում են կառուցել Բաքուն և Անկարան, և որի միջոցով նախատեսվում է ադրբեջանական գազի տեղափոխումը դեպի Եվրոպա Թուրքիայի տարածքով: Ադրբեջանի վրա Ռուսաստանի կողմից ճնշման ևս մեկ նպատակը Գաբալինսկայա ՌԼԿ-ի վարձակալության ժամկետի վերաբերյալ համաձայնագրի երկարացումն է նախկին պայմաններով գոնե ևս 5-7 տարով: Ռուսաստանի ինչին է ընդհանրապես պետք այդ հնացած կայանը. այն վաղուց ճնշման միջոց և սակարկության առարկա չէ:

Պրոֆեսոր Վլադիմիր Զախարովը մեջբերում է Vesti.az ռեսուրսի մի շատ հետաքրքիր հատված. «Ինչպե՞ս կավարտվի «սառը պատերազմը»: Արդյո՞ք պատճառը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին`հետխորհրդային տարածքում ամենաանկախ քաղաքականության միակ պատվարին, իր ազդեցության ոլորտ ներքաշելն է, տարածաշրջանից Արևմուտքին արտամղելու ձգտումը, ռազմական և քաղաքական ամբիցիաների ամրապնդումը, թե կան նաև այլ պատճառներ. ցույց կտա ժամանակը: Սակայն ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը կապված է ոչ միայն այդ պատճառների հետ: Ռուսաստանը ձգտում է, գոնե նախկին ԽՍՀՄ տարածքում, վերակագնել իր հեղինակությունը, քանի որ Կրեմլը «արաբական գարունից» հետո մեկը մյուսի հետևից կորցում է Աֆրիկայի և Ասիայի իր դիրքերը: Միակ վայրը, որտեղ Մոսկվան կարող է հակահարված տալ Արևմուտքին, Ադրբեջանն է: Քանի որ Ադրբեջանը միակ երկիրն է, որը կարող է Եվրապային ազատել Ռուսաստանից էներգետիկ կախվածության մեջ լինելուց: Արևմուտքը այսօր հենց դրա համար է գնահատում Ադրբեջանին: Ադրբեջանի էներգետիկ քաղաքականությունը ևս զարգանում է այս ուղղությամբ. իրականացվող տարբեր էներգանախագծերի հիմնական նպատակը Եվրոպայի շուկաներին Կասպիայի ածխաջրածնային ռեսուրսների մատակարարումն է: Քաղաքականություը բավականին հաջող է, բացի այդ, Ռուսաստանին զրկում է Եվրոպայի վրա էական ազդեցություն թողնելու հնարավորությունից: Աշխարհում հակամարտությունների հիմնական պատճառը էներգիայի աղբյուրների նկատմամբ վերահսկողությունն է: Ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածության գլխավոր, հնարավոր է նաև միակ պատճառը, հենց դա է»:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Պետք է խոստովանել, որ Բաքուն կարողանում է ներկայանալ շահավետ դիրքերից
Բավականին մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ քանի դեռ Էրդողանը նախագահի աթոռին է, Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորում ակնկալել չի կարելի:
«Ջեբհաթ ան Նուսրի» խմբավորման գրոհայինները ջախջախել են Հայ ավետարանչական եկեղեցու Սբ Երրորդությունն ու «Միսակյան» մշակութային կենտրոնը:
Ի տարբերություն ադրբեջանցիների, անգլիացիներն՝ այդ տարօրինակ մարդիկ, չեն հայտարարում թե շոտլանդացիները եկվորներ են, չեն ոչնչացնում շոտլանդացիների մշակույթը
 Ուշադրության կենտրոնում
Բասկերի Երկրի խորհրդարանը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

Բասկերի Երկրի խորհրդարանը ճանաչել է ԼՂՀ անկախությունը Փաստաթղթում ասվում է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ընտրել սեփական ապագան, մասնավորապես իր ինքնորոշումը

 Բաժնի այլ նյութերը
Շոտլանդիայի 15 բախտակիցը Եվրոպայի ու դրա մերձակայքի ամենանշանակալի տարածաշրջանները, որտեղ բնակչությունն անջատվել է կենտրոնի կամքին հակառակ, կամ դեմ չէր լինի անկախանալուն
Սկանդալ Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում Ինչո՞ւ չկայացավ Կոմիտասի 145-ամյակին նվիրված համերգը
Անդրկովկասի անկախությունը 1918-ին՝ փրկությո՞ւն, թե` ապագա աղետների աղբյուր 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Առաջին Հանրապետության կառավարությունը վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ պայմանագիր կնքեց բոլշևիկների հետ